Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին. «Փաստ»

Սեպտեմբեր 07,2024 10:30

Առհասարակ, մարդն ինչ աստիճանի պետք է ընկնի, որ ինչ-ինչ ակնարկներ կամ հայտարարություններ անի անձնավորության հասցեին՝ իմանալով, որ իր ակնարկների հասցեատերը դրանց հակադարձելու հնարավորություն չունի:

Սա հռետորական հարց չէ, այլ միանգամայն կոնկրետ: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ակնարկներ արեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և արդեն շուրջ 1 տարի Բաքվի հանցագործ ռեժիմի ճիրաններում հայտնված Ռուբեն Վարդանյանի հասցեին: Հետո նրան կրկնեցին ՔՊ-ական մի քանի այլ «նիկոլներ»: Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Չի կարող չիմանալ, քանի որ այդ դաժան իրողությունը իր իսկ՝ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար «քաղաքականության» անմիջական հետևանքներից մեկն է:

Ինչպես այն, որ Բաքվի բանտում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ նախագահներ, ԱԺ նախագահ, պաշտպանության նախարար, փոխնախարար, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանն ասում է, թե նրանց գերեվարման հետ կապված հարցեր կան, այս, այն: Ճիշտ է, ինքն առավելապես կենտրոնացավ Ռուբեն Վարդանյանի վրա: Իսկ նախօրեին էլ, արդեն ոչ ասուլիսային տարբերակով, ակտիվացավ Փաշինյանի խոսափողներից կամ ՔՊ-ական «կարկառուններից» մեկը: Նա էլ սկսեց Ռուբեն Վարդանյանին մեղադրել, թե… բա ասում էր՝ Արցախը երբեք չի լքելու, ինչո՞ւ էր ուզում Լաչինի միջանցքով դուրս գալ: Դե, մի կողմ թողնենք Փաշինյանի ու նրա խոսափողների, իսկ իրականում «մինի-նիկոլների» հայտարարություններում ծփացող ցինիզմը:

Չնայած, ինչպե՞ս «մի կողմ թողնես»: Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին, թե «ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ չմնացիք»: Ու գիտեք, մեղադրում էլ են: Ուղղակի, թե միջնորդավորված, դրանից ոչինչ չի փոխվում: Սա նույնն է, եթե ասեն, թե ինչու չցանկացաք, որ թուրքը ձեզ ձեր տան դռան շեմին մորթի, ինչո՞ւ թողեցիք եկաք: Նիկոլապաշտների կամ մերձքպականների կենցաղային մակարդակով «մտավարժանքները»՝ դեռ իրենց հերթին: Բայց երբ նման մեղադրանքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները, անհնար է չհակադարձել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, իշխանություն, որը պարտավորվել է լինել Արցախի անվտանգության, Արցախի հայերի իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց մեկեն հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախն ու հայտարարում է, որ մատը մատին չի խփելու, եթե թուրքերն սկսեն ցեղասպանություն իրականացնել, հիմա մեղադրում է պաշտոնավոր ու անպաշտոն արցախցիներին, որ չեն մնացել ու մինչև վերջին մարդը սպանվել, որ փորձել են Հայաստանի Հանրապետության տարածք հասնելով՝ փրկվել:

Սա նորմա՞լ է: Առհասարակ, նորմա՞լ է: Ո՛չ: Ըստ որում՝ «ոչ», եթե մեղմ արտահայտվենք: Հիմա, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ ակնարկներ են անում թշնամական գերության մեջ հայտնված հայ մարդկանց հասցեին, դա նշանակում է ամենից առաջ նրանց թիկունքից հարվածել ու հավելյալ ծառայություն մատուցել Ալիևին: Կամ՝ վերցնենք ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, որ հնչեցնում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները նաև այս ենթատեքստում: Ո՞վ ինչի մասին է խոսում, էլի: Փաշինյանական իշխանությո՞ւնը: Իսկ ի՞նչ է, երբ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ուրանում էր Արցախը, երբ հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է, այդ ամենի մասին չէր մտածո՞ւմ: Հետևանքների մասին չէր մտածո՞ւմ: Վստահ ենք, որ գրեթե բոլոր մանրամասնություններին էլ տեղյակ է եղել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30