Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է հաշվարկվում 2023 թվականին բռնի տեղահանված արցախցիների աշխատանքային ստաժը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 07,2024 10:15

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների համար առաջնային խնդիրներից է շարունակում մնալ աշխատանքային ստաժի հարցը: Մարդիկ կենսաթոշակ ձևակերպելու խնդիրների առաջ են կանգնում, քանի որ բացակայում են որոշ բազաներ, որտեղ ամբողջությամբ ֆիքսված կլինի նրանց աշխատանքային ստաժը:

«Փաստերի ստուգման հարթակը» Արցախից բռնի տեղահանվածների՝ կենսաթոշակ ստանալ–չստանալու մասին բազմաթիվ ընթերցողների բարձրացրած հարցերին պարզաբանումներ ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նախարարությունից, նախ, տեղեկացրել են, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ բռնի տեղահանված 26,027 անձի նշանակվել է կենսաթոշակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցումով մենք հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է հաշվարկվում 2023 թվականին բռնի տեղահանված այն արցախցիների աշխատանքային ստաժը, որոնք ցանկանում են կենսաթոշակ ձևակերպել։

«Կենսաթոշակների նշանակման, աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները հաշվարկելու առանձնահատկություններին, կարգին ու պայմաններին, կենսաթոշակի հաշվարկման կարգին առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով և Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665—Ն որոշմամբ: Որոշման N 2 հավելվածի 2.1-ին կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային (աշխատանքի ընդունվելուց մինչև ազատելու օրն ընկած) և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները»,— ի պատասխան՝ փոխանցել են նախարարությունից։

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց են աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, նախարարությունից արձագանքել են․ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ: 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝ 1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի»։

Այսինքն, եթե աշխատանքային գրքույկում մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժի վերաբերյալ կան անհրաժեշտ տվյալներ՝ ընդունման և ազատման հրամանների օր, ամիս, տարի, ապա այս դեպքում աշխատանքային գրքույկում այդ տվյալները հիմք են աշխատանքային ստաժը հաշվառելու համար։ Աշխատանքային ստաժը հաշվարկվում է նաև արխիվային տեղեկանքներով, որոնք, օրինակ, կարող են լինել անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ արխիվային տվյալներ պարունակող փաստաթղթեր։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30