Առաջ մեր կյանքը կարգավորում էին որոշակի պետական հաստատություններում աշխատող մարդիկ: Երբ ռեժիմը ոչ դեմոկրատական էր, այդ ինստիտուտները նման էին ԿԳԲ-ի (տարբեր անվանումներով), որոնք Օրուելի «Ճշմարտության նախարարության» նման, որոշում էին՝ ինչ խոսել եւ ինչ մտածել: Ժողովրդավարական ռեժիմներում այդ պարտադրանքն իրականացնում է «ժողովուրդը» (ինչ էլ դրա տակ հասկանանք):
Հիմա «իշխանությունն» անցնում է ալգորիթմներին: Մի կողմից դրանք ավելի «օբյեկտիվ» են, մյուս կողմից՝ ի վիճակի չեն հասկանալու համատեքստը, ենթատեքստը, հեգնանքը, փոխաբերությունը, մի խոսքով՝ այն, ինչ տարբերում է մարդուն՝ որպես որոշակի «մշակութային խորություն» ունեցող էակի, ծրագրից՝ երկնիշ սկզբունքով աշխատող համակարգից:
Պարզաբանեմ միայն մի դեպքով: Մեկնաբանություններից մեկում որպես դեմագոգիայի, մանիպուլյացիայի, կոգնիտիվ «ծուղակի» օրինակ, բերեցի հետեւյալ «տրամաբանական» շղթան. «Դու պայքարում ես ծխելու դեմ, Հիտլերն էլ էր պայքարում ծխելու դեմ, հետեւաբար՝ դու ֆաշիստ ես»: Իմ այդ մեկնաբանության մեջ սոցցանցը «որսաց» «Հիտլեր» եւ «ֆաշիստ» բառերը, եկավ այն եզրակացության, որ ես քարոզում եմ նացիզմը, եւ մեկնաբանությունը հեռացրեց: «Ալգորիթմից» դժվար է ակնկալել ավելի նուրբ, ավելի խորացված աշխատանք՝ դրան ընդունակ է միայն մարդը:
Ես բացարձակապես չեմ դժգոհում այս կամ այն սոցցանցի սահմանած կանոններից: Ի վերջո, դրանք կայքեր են, որոնց սեփականատերերն իրավունք ունեն դնելու իրենց պահանջները: Իսկ քանի որ օգտատերերը միլիոնավոր մարդիկ են, ոչ ոք, բացի խոսքի կամ գործողությունների միայն մակերեսը հասկացող «ռոբոտներից» (ծրագրերից), այդ պահանջներին չի կարող հետեւել: Հիմա գալիս է արհեստական բանականությունը, որը, ենթադրում եմ, է՛լ ավելի կֆորմալիզացնի այդ կանոնները: Մտահոգիչն այն է, որ այդ ամենի արդյունքում մեր մտածողությունը գնալով դառնում է ավելի պարզունակ, տափակ, քառակուսի, միակողմանի:
Կարդացեք նաև
Առաջարկս գուցե անսպասելի թվա. այն ուղղված չէ աշխարհի կամ Հայաստանի իշխանավորներին կամ սոցցանցային կորպորացիաների տերերին, որովհետեւ նրանք, մեծ հաշվով, անզոր են: Առաջարկիս հասցեատերն այն մարդիկ են, որոնք ցանկանում են դասավանդել դպրոցում. ոչ թե ստիպված են, այլ ձգտում են՝ աչքի առաջ ունենալով որոշակի կարեւոր խնդիրներ:
Քանի մարդկանց դպրոցներից չեն քշել եւ չեն փոխարինել արհեստական բանականությամբ, կանգնենք աշակերտների առաջ մեր մարդկային էությամբ՝ նաեւ թուլությամբ եւ սխալականությամբ, սովորեցնենք աշակերտներին դուրս գալ պարզունակ, «ալգորիթմային» իրականությունից, աշխատեցնել երեւակայությունը, հասկանալ խոսքի եւ իրականության համատեքստը, զարգացնել ոչ ստանդարտ, ոչ «քառակուսի» մտածողությունը: Ի վերջո, դպրոցական բոլոր առարկաները տալիս են դրա հնարավորությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չեմ հասկանում Ձեր մտահոգության պատճառը։ Փորձեք մի որոշ ժամանակ շփվել օրինակ՝ ChatGPT-ի կամ Claude-ի վերջին մոդելների հետ (նրանք հայերեն էլ են հասկանում): Տեսեք նրանք իրո՞ք վատ են ազդում Ձեր մտածողության վրա, թե ոչ։
Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չեմ շփվում: Շփվում եմ ամեն օր՝ այս կամ տեղեկությունը ճշտելու համար: Խոսքը սոցիալական ցանցերի ալգորիթմների մասին է, որոնք «չեն հասկանում» մարդու մտքի նրբությունները: Եվ թելադրում են՝ հատկապես պատաներներին եւ երիտասարդներին նման՝ առանց նրբությունների մտածողություն: Օրինակն էլ բերեցի:
Սոցցանցերում հաղորդագրության կանոնները պահպանվում են էթիկայի եվ այլ կանոններով որոնք ստեղծված կամ գրված են մարդկանց կողմից։ Ծրագրերը, կամ ինչպես դուք եք ասում ալգորիթմները գրված են որ պահպանեն այդ կանոնները եվ ոչ թե հակառակը։ Հույսով եմ Ձեզ խորհելու առիթ է տվել թե ինչու է Ձեր մեկնաբանությունը հեռացվել։ Արեվմտյան հասարակարգում սովորաբար ընդունված չեն համեմատություններ կամ մեջբերումներ որոնք հիշատակում են 20 դարի ամենամեծ դահիճի անունը։ համոզված եմ որ կարող էիք այլ համեմատություն մեջբերեիք ձեր տեսակետը հրամցնելու համար, որը չեր լինի վիրավորական շատերի համար։
Շնորհակալություն ոսուցողական պատասխանի համար: Խելքս չէր կտրում, աչքերս բացեցիք
«Մարդկանց դպրոցներից չեն քշել» տակաւին, սակայն արդէն, պատանիների եւ երիտասարդների դաստիարակութեան ոլորտում, դպրոցի ուսուցիչները չէզոքացուած են: Դպրոցներ անկարող են մրցելու ձեր նշած այդ ամբողջ արուեստական աշխարհին հետ, որու մէջ կը մեծանան ու կը «սովորեն» երեխաները:
Ու արդէն երիտասարդ ուսուցիչներն ալ մեծցած են այդ կեղծ սին աշխարհում, եւ դրա ազդեցութեան տակ են իրենց կեանքում:
Այդ երկիրներում ուր դա հնարաւոր է, կը մնայ մէկ միջոց՝ տնային դպրոցը: Ծնողքը կը դասաւանդէ, տան մէջ, պետութեան հաստատած յատուկ ծրագիրներով: Այս ձեւով կը լուծուի նաեւ ուրիշ աշակերտների խորապէս վատ ազդեցութիւնների խնդիրը, եւ շատ մը այլ հարցեր եւս:
ԱՄՆի պարագային, ամէն օր չես մտահոգուիր նաեւ որ մէկը կրնայ յանկարծ ռազմական զէնքով դպրոց մտնել, եւ սկսիլ աջ ու ձախ կրակել:
Մ. Հայդուկ Շամլեան