Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս սեպտեմբերի երկուսը ոչ տոնելու եւ ոչ էլ սգալու խորհուրդ ուներ, այն ուներ չհանձնվելու խորհուրդ»

Սեպտեմբեր 07,2024 12:30

«Անկեղծ ասած՝ գուցե վաղուց արդեն հիասթափված լինեի, եթե պայքարը զուտ քաղաքական լիներ ինձ համար։ Այս պայքարն ինձ համար ազգային-ազատագրական պայքար է, իսկ այդ պայքարից հիասթափվելու, հրաժարվելու պտուղները շատ դառը կարող են լինել»,- «Առավոտի» զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը:

– Արցախի անկախության օրը նշեցինք հանձնված հայրենիքով ու զգացողությունները ծանր էին. ի՞նչ մտորումներ ունեք այս իրականության հետ կապված։ Հույսը ո՞րն է։

-Համաձայն եմ, շատ ծանր էր։ Մեր համար այդ օրը միշտ տոն է եղել, Արցախում նշվող ամենամեծ երկու տոներից մեկը. մյուսը մայիսի 9-ն էր՝ Շուշիի ազատագրման օրը։

Այս անգամ բոլորս սրտի կսկիծով դիմավորեցինք Արցախի անկախության օրն ու կարոտով։ Ինձ համար այս սեպտեմբերի երկուսը ոչ տոնելու եւ ոչ էլ սգալու խորհուրդ ուներ, այն ուներ չհանձնվելու խորհուրդ։ Պետք է հիշել այն ամենը, ինչի միջով անցել ենք Արցախի անկախության օր տոնելու համար եւ գիտակցենք, որ չհանձնվելու, համառ պայքարի ու չհուսալքվելու դեպքում կարող ենք նոր այդպիսի տոն ունենալ եւ սեպտեմբերի 2-ն էլ հանգիստ խղճով ու արժանապատվությամբ տոնել։

Ի պատասխան ցավով հնչող շնորհավորանքների՝ բոլորին, նաեւ ինքս ինձ, մաղթել եմ նորից հասնել այն օրվան, երբ Արցախի անկախության օրը կնշվի որպես մեծագույն տոն, եւ մեծագույն ուրախությամբ ու հպարտությամբ կնշվի, այլ ոչ խոցված արժանապատվությամբ ու մի կերպ զսպված արցունքներով։

-Իշխանական շրջանակները լռեցին, մինչ այդ, Նիկոլ Փաշինյանն ասել էր` այն տարբերակով, ինչ տարբերակով արցախցիները ցանկանում են վերադառնալ, անհնար է։ Ընդդիմադիր շրջանակները միջոցառումներ կազմակերպեցին, ելույթներ ունեցան, արցախցիների վերադարձի իրավաքաղաքական հնարավորություններից խոսեցին, ինքնիշխանության արդար պահանջից. վստահաբար հետեւել եք այդ ամենին, ի՞նչ եզրահանգումների եք եկել։

-Հաշվի առնելով, որ այպես կոչված, իշխանական շրջանակների՝ Արցախի եւ արցախցիների մասին բոլոր հայտարարություններն ուղղված են ադրբեջանական շահի սպասարկմանը կամ էլ արցախցիների նկատմամբ ատելության քարոզին՝ ավելի լավ է, որ գոնե այդ օրը լուռ էին։

Չնայած որ, կարծես թե չեն մարսել այդ օրերի իրադարձությունները եւ հաջորդ օրերին փորձել են Արցախի համար պայքարն ու արցախցիների  մղած վերջին արժանապատվության մարտը  նսեմացնող, կեղծ ու մանիպուլյատիվ թեզեր առաջ քաշել։

Ինչ վերաբերվում է ազգային դաշտին՝ հուսադրող է, որ մոռացության չեն տվել Արցախի անկախության օրը, եղել են միջոցառումներ եւ խոսվել է արժանապատիվ վերադարձի մասին. ոչ միայն բարոյական ասպեկտով, այլեւ իրավական եւ դիվանագիտական։

-Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է` Արցախի վերադարձը վնասելու է ՀՀ շահերին. սրա մասին ի՞նչ կասեք։

-Վերջին վեց տարիներին ՀՀ շահերին շեշտակի վնասող միայն մեկ գործոն կա Հայաստանում՝ թշնամու եւ սեփական խմբակի շահը սպասարկող, ապազգային իշխանությունները, որոնք հանուն սեփական իշխանության երկարաձգման արել են եւ շարունակում են անել բազմաթիվ զիջումներ՝ տարածքային զիջումներ, իրավունքի զիջումներ, մարդկային կորուստների չավարտվող շղթա։

Ոչ մեկին երեւի չեմ զարմացնի փաստելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական խմբակը թշնամի են համարում այն ամենն, ինչ ազգային է՝ լինի դա զինվորականությունը, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց ցեղասպանության ճանաչման համազգային խնդիրը կամ այլ ազգային քաղաքական կամ ապաքաղաքական կառույցների գործունեությունը։ Այս շարքում առաջինը հենց Արցախն է՝ ազգային ազատագրական պայքարի արդյունքում ձեւավորված երկրորդ հայկական հանրապետությունը, որը երրորդ հանրապետության մեծագույն ձեռքբերումն էր եւ գուցե դեռ է։

Ինչ վերաբերվում է Արցախին՝ առնվազն վերջին մի քանի տասնամյակն ու վերջին մի քանի տարվա ցավալի իրադարձությունների համեմատումից ակնհայտ է, որ ազգային արժանապատվությունից, համազգային հպարտությունից ու արդարության վերականգնումից զատ հենց հայկական Արցախի գոյությունն էր մեր երկրում խաղաղության երաշխավորը։ Հայկական Արցախը երկու հայկական պետությունների լինելիությունը ապահովող եզակի զենք էր, որը կորցնելուց հետո սկսվել է չավարտվող կորուստների ու զիջումների արատավոր շղթա։

Արցախի հետ Հայաստանի Հանրապետությունը գործոն էր, որի հետ տարածաշրջանում ստիպված էին հաշվի նստել։ Իսկ այժմ, երբ գործող վարչախմբի ջանքերով զիջվել է ամբողջ Արցախը՝ տեսնում ենք այնպիսի խայտառակ իրավիճակ, երբ տարածաշրջանի երկրները դիվանագիտական հանդիպումներում որոշում են մեր երկրի սահմաններն ու ապագան՝ առանց մեզ։

Ճիշտ է ասված՝ եթե նախկինում մենք բանակցային սեղանի շուրջ էինք եւ բանակցող կողմ, ապա Նիկոլ Փաշինյանի ջանքերով այժմ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, բանակցային սեղանին է դրված։

– Բոլոր ընդդիմադիր շարժումներին ակտիվ մասնակցել եք, բայց այսօր դեռ այն իրականության մեջ ենք, որ ՔՊ ն է իշխանության։ Ընդդիմադիրներն իրենք էլ խոստովանում են, որ միավորումը չի ստացվում, ամբիցիաները թույլ չեն տալիս. հիասթափված չե՞ք։

-Անկեղծ ասած՝ գուցե վաղուց արդեն հիասթափված լինեի, եթե պայքարը զուտ քաղաքական լիներ ինձ համար։ Այս պայքարն ինձ համար ազգային-ազատագրական պայքար է, իսկ այդ պայքարից հիասթափվելու, հրաժարվելու պտուղները շատ դառը կարող են լինել։ Չնայած ձախողումներին ու հուսահատության հասցնող կորուստներին խորապես գիտակցում եմ, որ ազգային ազատագրական պայքարից հրաժարվելով՝ մենք կհրաժարվենք հայկական պետականություն ունենալու իրավունքից, կկորցնենք պետականությունը եւ կկանգնենք նոր ցեղասպանության վտանգի առաջ։ Առաջին եւ ամենակարեւոր խրամատը, որը մենք զիջել ենք թշնամուն, անցնում էր ոչ թե Արցախով, այլ Հանրապետության հրապարակով։ Հետեւաբար, հենց այդ խրամատի ազատագրումը մեզ թույլ կտա ունենալ պետություն, տեր կանգնել մեր հայրենիքին եւ իրապես անվտանգ ու խաղաղ ապագա կերտել մեր եւ մեր երեխաների համար։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30