Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞րն է տարվա մեր եղանակը», հարցնում են Լեոյի 34 հասցեի բնակիչները

Սեպտեմբեր 07,2024 12:00

Լեոյի 34 հասցեի բնակիչների խնդրանքով երեկ այցելեցի տարածք:

Լուսանկարում պատկերված կինը հիսուն տարի է՝ բնակվում է այդտեղ, նա մի կերպ բռնելով պատերը, բարձրանում էր քար-ավազի վրայով դեպի իր տուն…

 

Լեոյով դեպի Կոնդ բարձրացող աստիճանների կառուցման մասին մենք անդրադարձ ունեինք դեռ այս տարվա մայիսի 30-ին, երբ քաղաքապետարանն աստիճանները բարեկարգելու նպատակով անցյալ տարվա նոյեմբերին քանդել էր եղածը, ու կիսատ թողնելով աշխատանքները՝ հեռացել:

Հայտնի բանաստեղծության տողերի նման, ձմեռն անցավ, բնակիչները չտեսան քաղաքապետարանի աշխատակիցներին, գարունն անցավ, բնակիչները չտեսան քաղաքապետարանին, ամառն անցավ, չտեսան, աշունն է ու հարցնում են. «Իսկ ո՞ւր է մեր՝ բնակիչներիս տարվա եղանակը», որպեսզի հոսող քար ու ավազի վրայով չբարձրանան, չիջնեն մոտ 300 մետր ձգվող ենթադրյալ «աստիճանները»՝ վնասելով երբեմն իրենց:

Բնակիչներից մեկը, ով անցյալ դարից՝ 1955 թվականից բնակվում է այդ հասցեում, ասում է, որ աստիճաններ չլինելու պատճառով հաճախ քսան կիլոգրամանոց գազի բալոնը չեն կարողանում աշխատակիցները բարձրացնեն վերեւի տներ, թողնում են առաջին տան մոտ, մինչ մարդիկ կգան, կբարձրացնեն դրանք իրենց տներ, շտապօգնության բժիշկները երբեք չեն կարողանում բարձրանան եւ օգնություն ցույց տան տեղի բնակիչներին, իսկ բոթասներով մի երիտասարդ, իմ այնտեղ գտնվելու ժամանակ, դժվարությամբ իջնելով ներքեւ, ծառի ճյուղերով մաքրեց մարզակոշիկների տակ հավաքված ավազը, ապա հագավ առաջին տան մուտքի մոտ թողած կոշիկները՝ գնալով աշխատանքի…

Բնակիչները նամակներ են գրել կառավարություն, Երեւանի քաղաքապետարան. «Մինչ օրս մեզ կերակրում են խնդրին լուծում գտնելու խոստումներով, իսկ թե մենք ինչ դժվարություններ ու խնդիրներ ենք հաղթահարում, երեւի չեն էլ պատկերացնում:

Այս տարվա մարտին, ՖԲ սոցիալական ցանցում մենք կարդացինք, որ Երեւանի քաղաքապետարանը խոստանում է մեկ ամսից աստիճանները նորոգել, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կսկսեն շինարարությունը: Զավեշտալի է, քանդել նոյեմբերին, համարելով բարենպաստ եղանակ, իսկ մարտին սպասել մինչ եղանակը բարենպաստ կլինի»:

Բնակիչները հին տաշտակի առաջ են նորից կանգնած. առջեւում աշնանային անձրեւոտ եղանակներն են, անձրեւաջրերը խոնավեցնում են իրենց հին տների խարխուլ պատերը, իսկ պատի հիմքերը միշտ չէ, որ հնարավոր է պաշտպանել լուսանկարում պատկերված «պետական խողովակով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Հ.Գ.– Հնաբնակներից մեկի բնակարանի պատին նկարչուհի Եվա Գեւորգյանի կտավն էր, ահա թե ինչպիսին էին ժամանակին եղել աստիճանները…

«Առավոտ» օրաթերթ
06.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30