Երեւանի ավագանու Ազգային Առաջընթաց խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա։
Կարդացեք նաև
Թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ավինյանն ու իր թիմը չեն ներկայացնում երևանցիներին, և եթե 1 տարի առաջ ստացել են երևանցիների աջակցության 9%-ը, ապա այսօր նրանց վարկանիշը շրիշակից ցածր է։
ՀՀ իշխանությունների հռչակած արևմտյան ձգտումների ֆոնին՝ Երևանի քաղաքագլխի և իր թիմի կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները կասկածի տակ են դնում ժողովրդավարության մասին այս խմբի իրական պատկերացումներն ու ընկալումները։
Հույս ունեմ, որ տեղական իշխանությունների որդեգրած հակաժողովրդավարական գործելաոճը և հատկապես այս խայտառակ դրվագը կհայտնվեն իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում և կստանան միջազգային կազմակերպությունների համարժեք արձագանքը»։