Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն դատավորները, որոնք ունեն ողնաշար քիչ-քիչ հեռացվում են». Աննա Ծառուկյան, իսկ Գառնիկ Իսագուլյանը մնացել է առանց անձնագրի

Սեպտեմբեր 06,2024 23:20

«Այն դատավորները, որոնք ունեն ողնաշար քիչ-քիչ հեռացվում են, բայց արդյունքում տուժում են այն մեղադրյալները, որոնք քաղաքական հետապնդման զոհ են, որովհետեւ շատ խտրական է. ողջամիտ ժամկետների խախտումներ կարող են արձանագրվել նաեւ այնպիսի դատավորների վարույթներում, որոնք իշխանահաճո են, բայց նրանց նկատմամբ վարույթներ չեն հարուցվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ օրինակները կան, բայց այս պահին նպատակահարմար չի գտնում որեւէ դատավորի թիրախավորել:

Գառնիկ Իսագուլյանի գործով հերթական նիստը չկայացավ. գործը քննող դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն վարույթ է հարուցել, նրան սպառնում է լիազորությունների կասեցում, քանի որ գործի քննության ողջամիտ ժամկետներ է խախտել, գործը երկար է քննել: Խոսքը Վազգեն Մանուկյանի գործի մասին է, որի վերաբերյալ, հունիսի 13-ին Վահե Միսակյանը վճիռ էր հրապարակել՝ վերջինիս մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և որպես պատիժ նշանակելով տուգանքը՝ 400.000 դրամի չափով։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն են։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Դրանից մոտ երկու շաբաթ առաջ, Վահե Միսակյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերվող՝ «դիզվառելիքի» հայտնի գործով էր վճիռ հրապարակել՝ արդարացնելով Սերժ Սարգսյանին:

Սեպտեմբերի 17-ին ԲԴԽ-ն կքննի Վահե Միսակյանի հարցը, իսկ մինչ այդ, Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ առանց անձնագրի: Այս ամենում Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը վտանգ է տեսնում. «Անցած անգամ փորձեցինք անձնագրի հարցը դատարանում բարձրացնել, բայց քանի որ դատավորին ինքնաբացարկի հարց էինք նաեւ բարձրացնում, դատարանը գտավ, որ անձնագրի հարցը քննարկման ենթակա չէ: Չնայած, ես կարծում եմ, որ հնարավոր էր ընթացակարգային ձեւով հարցը լուծել՝ քանի հավաքվել էինք: Հիմա էլ, չի բացառվում, որ Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեն, քանի որ մեկ խիստ նկատողություն արդեն ուներ: Նախադեպ ունենք՝ Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը, երբ ժամկետների խախտման պատրվակով նրա լիազորությունները դադարեցվեցին: Դա անթույլատրելի է, ես դա համարում եմ՝ դատավորների նկատմամբ հետապնդում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորներն անմարդկային ծանրաբեռնվածություն ունեն: Եւ հիմքում դնել միայն այն, որ պաշտպանի միջնորդությունները դատարանը չպետք է քններ, դա եվս ապագայում կարգապահական վարույթի հիմք էր հանդիսանալու: Այսինքն, այս իշխանությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ դատավորն այսպես թե այնպես կարգապահական վարույթ է ունենալու: Գանգատարկելու դեպքում, միջնորդությունների չքննարկումը ՄԻԵԴ-ը դիտելու էր կողմի իրավունքների կոպտագույն խախտում, որոշումը բեկանվելու էր եւ ՀՀ-ում գործի քննությունը նորից էր սկսվելու»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ երեք դատավոր հեռացվեցին զբաղեցրած պաշտոնից՝ ՄԻԵԴ-ի բավարարած գանգատի արդյունքում. «Այսինքն, մի դեպքում ասվում է՝ անցկացրել ես վաղեմության ժամկետները, որովհետեւ լսել ես պաշտպաններին, հետեւաբար, պետք է քեզ պաշտոնանկ անենք, մյուս պարագայում, ասում են՝ ինչո՞ւ հաշվի չես առել փաստաբանի միջնորդությունը եւ խախտել ես մրցակցության իրավունքը. իրարամերժ, հակասող գործողություն է, չկա ոչ տրամաբանություն, ոչ օրինականություն«:

Եթե հիմա էլ ԲԴԽ-ն որոշի դատավոր Վահե Միսակյանին հեռացնել, ստացվում է, որ Գառնիկ Իսագուլյանի գործը հերթական անգամ սկսվելու է զրոյից. «Արդյունքում, Իսագուլյանի ազատ տեղաշարժի իրավունքն է խախտվում, անձնագիր չունի, անգամ չի կարողանում դիմել եւ թոշակ ստանալու իրավունքից օգտվել, որեւէ պայմանագիր չի կարողանում կնքել»:

Պաշտպանը հայտարարում է, որ հետագայում միանշանակ գանգատարկելու է եւ հիմքը դնելու է հենց դատավորների փոփոխությունը:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանի գործով առաջին դատավորը՝ Վաչե Մարգարյանը, գործի քննության ընթացքում պաշտոնի բարձրացում ստացավ. ԲԴԽ-ն որոշեց նրան Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակել: Դատավոր Մարգարյանը տեղափոխվեց Վերաքննիչ դատարան, երբ Արգիշտի Քյարամյանը եւ Սամվել Բաբայանը պետք է հարցաքննվեին: Նրանք երկուսն էլ դատարան չներկայացան: Աննա Ծառուկյանը հիշեցնում է՝ Արգիշտի Քյարամյանը դատարանին դիմում էր հղել՝ խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել, պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ՝ դիմումին չկցելով իր ծանրաբեռնվածության մասին որեւէ ապացույց, անգամ ցուցակ. «Քննչական կոմիտեի նախագահի կողմից դա ճիշտ չէ այնքանով, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է եւ շատ լավ է հասկանում վկայի ինստիտուտի կարեւորությունը, նաեւ Գառնիկ Իսագուլյանի արդար դատավարության ողջամիտ ժամկետների հանգամանքը:

Ի դեպ, առաջին դեպքում ԲԴԽ-ն է որոշում, որ Իսագուլյանի դատավորին պետք է պաշտոնի բարձրացում տա եւ դրա արդյունքում ժամկետները բավական հոսեցին, մյուս պարագայում, ասում են դատավոր Միսակյանի նկատմամբ վարույթ պետք է հարուցվի, քանի որ անմարդկային ծանրաբեռնվածության պատճառով, տվյալ դատավորը չի կարողացել ողջամիտ ժամկետներում նիստեր հրավիրել, ինչն օբյեկտիվ իրականության մեջ անհնար է: Այսպես չի լինում. մի ձեռքով իրենք ասում են՝ նորմալ է, թող մեղադրյալի իրավունքը խախտվի, որովհետեւ դատավորն իրավունք ունի պաշտոնի բարձրացում ունենալ եւ այդ դեպքում ողջամիտ ժամկետները շատ հանգիստ կարող են անցնել, մյուս պարագայում, դատավորների ցուցակը չեն ավելացնում, որպեսզի դատավորները կարողանան մի փոքր շնչել»:

Աննա Ծառուկյանը նկատում է՝ ԲԴԽ-ն փաստացի, խնդիր ունի ՔՕ-ի հետ, որովհետեւ, ՔՕ-ում, վաղեմության ժամկետների անցումը նորմալ գործընթաց է եւ չափանիշներ չկան, օրինակ, դատավորի ինչ-ինչ գործողությունների արդյունքում, եթե վաղեմության ժամկետներն անցնում են, պետք է դատավորին կարգապահական տույժի ենթարկել. «Ընդհանուր առմամբ, վաղեմության ժամկետները վրա են հասնում՝ անձի համար մի փոքր բարելավվող տեսանկյունից եւ եթե սրա հետ ԲԴԽ-ն խնդիր ունի, եթե դրան այլ տեսանկյունից են նայում, դրա համար ոչ թե դատավորներին պետք է պատժեն, այլ պետք է օրենսդրական փոփոխություններ անեն, կամ էլ՝ հարմարվեն գործող ՔՕ-ին: Այլապես, տրամաբանություն չկա»:

Աննա Ծառուկյանն իրավաբանական հանրույթին կոչ է անում կանգնել բոլոր այն դատավորների կողքին, ովքեր հնչեղ գործերով համարձակվում են կեցվածք դրսեւորել, արդարացման ակտեր են տալիս կամ հաշվի են առնում փաստաբանների միջնորդությունները. «Առհասարակ, դատավորներին չի կարելի հետապնդել՝ անկախ նրանից՝ իշխանահաճո՞ են, թե՝ ոչ, եթե պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը՝ դատավորների քանակն ավելացնելու մասով, չի կատարում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30