Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Քո Արցախն եմ, Դու՝ իմ Հայաստանը»․ 7 միլիոնից ավելի դիտում` 4 օրում. Ի՞նչ ուղերձներ է հղում երգի հեղինակը

Սեպտեմբեր 06,2024 21:40

Ռուբեն Մխիթարյանի հեղինակած, «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգը 4 օրում հասցրել է դառնալ հիթ՝ հուզելով ու գրավելով շատերի սրտերը։ Այս երգը դարձել է ոչ միայն վերջին օրերի ամենալսվածը, այլ ամենաքննարկվածը․ «Փշաքաղվեցի», «Հոգեցունց կատարում», «Անվերջ կարելի է լսել, շատ հուզական է», «Եթե երգի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, կասկած չկա, որ երգը մտնելու է մարդկանց սրտերը», նման հույզերով են կիսվել օգտատերերը՝ յուրովի մեկնաբանելով երգի իմաստը։ Որոշ մարդիկ էլ առաջարկել են այն դարձնել Հայաստանի հիմնը։

Aravot.am-ը հեղինակին՝ Ռուբեն Մխիթարյանին խնդրեց մեկնաբանել երգը․ ինչո՞ւ հենց այս պահին գրվեց այն, ի՞նչ ուղերձներ է պարունակում։

Հեղինակը մեզ հետ զրույցում ասաց, որ երգն իրականում գրվել է ավելի շուտ, սակայն ներկայացրեցին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, քանի որ ինքը՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբեք անտարբեր չի կարող լինել Արցախի, արցախահայության ճակատագրի հանդեպ։

«Ես հստակ գիտակցում էի՝ տեղի է ունենում մի գործընթաց, որով փորձում են ընդհանրապես մոռացության մատնել Արցախ հասկացողությունը։ Ու մոռացության մատնել ոչ թե որպես նախկինում երկրորդ հայկական հանրապետություն, ոչ թե որպես նախկինում մեր հաղթանակների խորհրդանիշ, ոչ թե որպես այն հենասյունը, որի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, որով Հայաստանը հետաքրքիր էր աշխարհին, այլ մոռացության է մատնվում որպես երևույթ, որպես նույնականացման, գիտակցական հիշողություն։ Որոշել են ջնջել այդ հասկացողությունը, ջնջել պետական հեռուստաալիքներից, ջնջել եղանակի տեսությունից, որովհետև նույն մարդը, որը մինչ այդ որոշում է, ասում է՝ Արցախում այսպիսի եղանակ պիտի լինի, հաջորդ օրն արդեն հանգիստ խղճով սկսում է Լեռնային Ղարաբաղ անվանել տարածքը։

Այսինքն՝ իմ համար շատ կարևոր ու էական էր ցույց տալ, որ իմ՝ որպես հայ մարդու ուղեղից դուք չեք կարողանալու ջնջել Արցախ հասկացողությունը։ Երկրորդը՝ ստեղծվում էր տպավորություն, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը ներդաշնակ է այդ մտքի հետ, որ չկա Արցախ, էհ՝ չկա, չկա․․․

Երգի ստեղծման հիմնական բանաձևը ցույց տալն է, որ մենք նույնն ենք, տարբերություն չկա, այդ «ցի» վերջավորությունը, որ մենք դնում ենք՝ գյումրեցի, երևանցի, արցախցի, դա ընդամենը հորինած, սխալ միֆոլոգիական կռիվ է, որը իրականում գոյություն չունի»,- մեկնաբանում է հեղինակը։

Ըստ նրա, անչափ կարևոր էր, որ երգը կատարեին գյումրեցիները, այդպես ավելի ազդեցիկ է ստացվել, քանի որ նրանք հայ ժողովրդի յուրահատկությունը ընդգծելու վառ ներկայացուցիչներ են։ Եթե նրանք չերգեին, դարձյալ սիրվելու էր, բայց այլ ձևով։

«Ու ինչու էր պետք, որ հենց գյումրեցիները դա երգեին, որովհետև մենք ինքներս, լինելով գյումրեցիներ, շատ սիրում ենք մեզ առանձնացնել բոլորից՝ մեր լոպազությամբ, գլուխգովանությամբ, ինչ-որ տեղ երևի ունենք այդ ամենը, բայց երբ որ դա երգում է գյումրեցին՝ ասելով, որ իմ համար տարբերություն չկա, դա տասնապատիկ ավելի ազդեցիկ է, ու այդպես էլ եղավ։

Սիրո մասին երգելով ու համեմատականներ տանելով քո երկրի քաղաքների հետ, դա էլ բանաձև էր։ Նախ ես ուզեցի, որ երեխաները, որոնք լսելու են այս երգը, իսկ երեխաները շատ են լսում «Հայաթ փրոջեքթի» երգերն ու շատ արագ սովորում են բառերը, իմանան, որ իրենց հայտնի 4-5 քաղաքներից բացի այլ քաղաքներ էլ կան, որպեսզի ցանկություն ունենան այդ քաղաքները տեսնել։ Մենք Գյումրիում ապրելով՝ շատ լավ գիտենք՝ քանի տոկոս գյումրեցիներ իրենց կյանքի ընթացքում տեսնում են Մեղրին, լավագույն դեպքում մի տոկոս։

Քանի տոկոս մեղրեցիներ իրենց կյանքի ընթացքում տեսնում են Ալավերդին կամ Գյումրին, էլի մի տոկոս։ Այսինքն՝ մենք ունենք խնդիր իրար ճանաչելու, իրար հետ փոխկապակցվածություն ունենալու, բայց երբ որ երեխան լսում է Ճամբարակ, Վարդենիս, Մեղրի, Մասիս, հավանականությունը, որ ինքը կուզենա գնալ, այդ քաղաքները տեսնել, մի քիչ ավելանում է։ Բացի դրանից, ինքը սկսում է հասկանալ, որ պոպուլյար, լեզվի վրա եղած քաղաքներից զատ, իր երկրում այլ քաղաքներ էլ կան, այսինքն՝մենակ Երևանը, Էջմիածինը, Ծաղկաձորը, Սևանը ու Գյումրին կամ Վանաձորը չեն, այլ քաղաքներ ունի այս պետությունը, ու այդ քաղաքները նույնպես պետք է իմանալ։

Աղջիկս ասաց, որ սա աշխարհագրության յուրահատուկ դաս է, երեխեքը եթե սովորեն, իրենք շատ ավելի լավ կպատկերացնեն»,-ասում է հեղինակը։

Ըստ նրա, երգը վայրկյանական սիրվեց և պատճառներից մեկն այն է, որ հայ ժողովուրդը չարտահայտված մեղքի զգացում ունի Արցախի կորստի համար։

«Մենք իրականում երգի միջոցով ցուցադրեցինք, որ դա այդպես է։ Սեպտեմբերի 2-ին երգի աննորմալ քանակությամբ տարածումը համացանցում, 8 ժամում ՝ 2,5 միլիոնից ավելի դիտում ուներ, հիմա էլ յութուբում այն աստիճանի արագ է տարածվում, ոչ մի անգամ այսքան արագ տարածվող երգ չենք ունեցել։ «Apple music»-ում Հայաստանում լսվող հարյուրակի մեջ արդեն մտել է տասնյակ, «Yandex music»-ում շուտվանից էր տասնյակ մտել, արդեն մոտենում է հնգյակի։ Սա խոսում է նրա մասին, որ այս գաղափարախոսությունը պահանջված է։

Դուք կարող եք հավանել կամ չհավանել երգը, ձեզ կարող է դուր գալ երգի բառերը, կամ դուր չգալ, բայց այն, որ այս երգը գնացել, կպել է հայերի մեծամասնության սրտին, գերակշռող մեծամասնության, ճնշող մեծամասնության սրտին, երգ-տեսահոլովակ, որը 3 օրում ունի 3 հազարից ավելի մեկնաբանություն․․․ Այդ 3 հազար մեկնաբանության մեջ մի քիչ ջղային ու բացասական մեկնաբանությունների մատների վրա կարելի է հաշվել, միայն այն մարդիկ են, ովքեր ասում են՝ իսկ մեր քաղաքն ինչո՞ւ չկա երգում։ Այսինքն՝ իրեն այնքան է դուր եկել երգը, որ վատ է զգում՝ իր քաղաքի մասին ինչո՞ւ չկա»,-ասում է հեղինակը։

Նա գաղտնիք բացեց դժգոհող մարդկանց համար՝ ասելով՝ իրականում իրենք ոչ թե մոռացել են այդ քաղաքների մասին․ իրենց պետությունը, իրենց երկիրը շատ լավ գիտեն․ շրջել են հայրենիքի բոլոր անկյուններում, այլ երգն իրականում ունի երեք տուն և չորս կրկներգ։ Ու դրանց մեջ ներառված են մնացած բոլոր քաղաքները, այն վերաթողարկվելու է ու նոր տարբերակով հնչելու է իրենց մեծ համերգների ժամանակ՝ սեպտեմբերի 21-ին Մոսկվայում, հոկտեմբերի 19-ին՝ Երևանում, իսկ նոյեմբերի 24-ին՝ ԱՄՆ-ում։ Դրանից հետո վերջնական վերաթողարկված տեսահոլովակը՝ բոլոր քաղաքների անվամբ, հնչելու է։

«Սա իրականում մարքեթինգային քայլ է եղել, մենք ի սկզբանե գրած ենք եղել երգը, ուղղակի պետք էր զգալ՝ մենք ճիշտ հասկանո՞ւմ ենք մեր ժողովրդի հույզերը։ Ես փաստում եմ, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, որը հրաշալի հասկանում է, թե ինչ է կատարվում։ Ունենք ժողովուրդ, որն ունի շատ մեծ մեղքի ու խղճի զգացողություն այն ամենի հանդեպ, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ ու այն ամենի հանդեպ, ինչով ինքը չկարողացավ օգտակար լինել։ Իսկ ժողովուրդները ինքնուրույն չեն կարողանում նման բաներ անել, նրանց պիտի առաջնորդել այդ գործընթացներում։

Մեկնաբանություններում գրում են, թե այս երգը մեր հիմնը պետք է լինի, ես նմանատիպ հավակնություն չունեմ, ես շատ հանգիստ ու ադեկվատ եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց կարծիքներին, ովքեր համարում են, որ սա լավ երգ չէ, կամ բառերը պրիմիտիվ են։ Շատ ադեկվատ եմ վերաբերվում, որովհետև դա ճաշակի ու ընկալման հարց է, իհարկե՝ եթե դրա տակ չկա քաղաքական ենթատեքստ։ Եթե մարդը քննադատում է երգը միայն նրա համար, որ կա Արցախ բառը, որը ուզում էին մոռացության տալ, կամ քննադատում են, ասում են՝ ինչո՞ւ եք Ջավախքը օգտագործել, ես էլ ասում եմ՝ մենք Վրաստանից տարածքային ոչ մի պահանջ չունենք, բայց Ջավախքը մեզ համար նույն տեսակի հայրենիք է, ինչպես Մուշը, Սասունը։

Ես Հայաստանը միշտ դիտարկելու եմ ընդհանուրի պրիզմայի մեջ, ու ոչ մեկը չի կարողանալու ինձ ասել՝ քո պատմական հիշողությունը ոչ մի բան է, քեզ հիմա պետք է իրական հիշողություն, ես այդ բառախաղերի մեջ չեմ մտնում։

Իմ Բիթլիսից գաղթած տատը հայրենիք համարում էր Բիթլիսը, ոչ թե Հայաստանի երկրորդ կամ երրորդ հանրապետությունը, որի տարիներին ինքը մահացավ։ Հիմա դուք ուզում եք ասեք, ախպեր, դա իրական հայրենիքը չէ, ինքը մտածում էր, որ եթե հնարավորություն ունենար, իրեն պիտի տանեին, թաղեին Բիթլիսում, չնայած որ 15 թվականին մի տարեկան է եղել, երբ գաղթի ժամանակ փախել են», -ասում է մեր զրուցակիցը։

Հեղինակը նշում է՝ ինչքան կարողանալու է ստեղծագործել, միշտ գրելու է Արցախի մասին։

Ըստ նրա, որքան էլ փորձ անեն, ժողովրդի գենետիկ հիշողությունը վերացնել, հնարավոր չէ, երգի տեսահոլովակի թողարկմամբ վայրկյանների ընթացքում համոզվեցին, որ ժողովուրդը Արցախը չի մոռանում։

«Երբ որ դու Արցախը դիտարկում ես որպես քո բոլոր պրոբլեմների նախապայման, հիմք, դա մի բան է․ դու վերցնում ես, գաղափարախոսություն ես դարձնում ու դա փաթաթում ես հենց քո էլեկտորատի վզին, հայ ժողովուրդը այդ գաղափարախոսության հետ ընդհանրապես կապ չունի։ Դու ինչքան ասում ես՝ Արարատը մեր հետ կապ չունի, կարևորն Արագածն է, Արագածն էլ է իմը, բայց դու ինչքան ուզում ես քո ընդունելությունների սենյակում Արարատի նկարը հանի, Արագածի նկարը խփել, մեկ է՝ բոլոր սփյուռքահայերի պատերին Արարատի նկարն է։ Չարենց եք վերախմբագրելո՞ւ է, եկեք դպրոցից վերջնականապես հանեք «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» արտահայտությունը։

Ճիշտ է՝ սկսել են, անում են, բայց հենց այս երգով ապացուցվեց, որ դուք հաջողության չեք հասնելու, այսինքն գոյություն ունի ողնաշարային ենթագիտակցական հայկականություն, որի դեմ իրենք չեն կարողանալու պայքարել, ուղղակի անհնար է։ Ամեն անգամ նման գործ թողարկելն ու մարդկանց երակն ընկնելը հենց դրա մասին է խոսում։ Լավ, պիտի լինի չէ՞ բացատրություն, թե մենք ինչու 4-5 հազար տարի ապրում ենք, ու այդ բացատրությունը ես իմ համար գտել եմ։ Միշտ ամենակուլմինացիոն ժամանակահատվածներում գտնվել են մարդիկ, որոնք բերել, ազգին գցել են ճիշտ ռելսերի վրա, ասել են՝ ոնց որ թե մի քիչ շեղվել եք։ Իհարկե, դա միշտ դժվար է եղել, դա միշտ կորուստների արդյունքում է եղել»։

Ռուբեն Մխիթարյանը նշում է, որ Հայաստանի մտավոր, ներքաղաքական կյանքը վեց տարվա ընթացքում պղտորվելուց հետո եկել է զուլալվելու ժամանակը։ Իսկ թե ինչ կորուստների արդյունքում կլինի, դա հարցի մյուս կողմն է։ Զուլալվելը, ըստ նրա, ոչ մի լավ բան չի խոստանում մյուս կողմում գործող հակահայերին։

«Հայաստանի Հանրապետությունում հիմա ապրում է ավելի շատ հակահայ, քան Հայաստանի Հանրապետությունից դուրս, մեր պետությունը զավթված է հակահայերով»,-ասում է մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե ձեր երգը կսթափեցնի՞ ձեր ասած հակահայերին, կտեսնե՞ն, կհամոզվե՞ն, որ ժողովրդի լայն զանգված չի մոռանում Արցախը, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց․ «Ես չեմ համարում, որ կարող է իշխանական թևին սթափեցնել մի երգ, եթե չի սթափեցրել հղի աղջկան մեքենայի տակ գցելը։ Ես չեմ համարում, որ մի երգ կարող է շատ ավելի էֆեկտիվ, սթափեցնող գործընթաց դառնալ, քան Եռաբլուրի դրոշների ձևը, քան Արցախի կորուստը, քան Ստեփանակերտի գաղթի ժամանակ բենզալցակայանի պայթյունը՝ 200 մարդու խորովվելը, այսինքն՝ եղել են այնպիսի բաներ, որոնք ենթադրվում էր, թե դրանից ավելի սթափեցնող բան պիտի տեղի չունենար իշխանական կամ էլեկտորատի այն զանգվածի համար, որը հավատացել է ժամանակին կամ էլ հիմա էլ է հավատում։

Երգը ընդամենը ցույց տվեց հայ ժողովրդի իրական մտորումները։ Այսինքն՝ իրենք որ կողմն են, երբ որ դու տալիս ես գաղափար, որը իրենք չեն կարող բարձրաձայնել, ամեն մեկը չի կարող ճիշտ ձևակերպում տալ այն հոգեվիճակին, որը իր ներսում կա, բայց երբ որ ինքը գտնում է այդ տեղը, հա ես էլ եմ այդպես մտածում, դա է բերում երգի տարածմանը, դա է բերում երգի հանդեպ սիրուն։

Ես համարում եմ, որ երգը կարևոր ցուցիչ է Հայաստանի քաղաքական թևի համար, որ իրենք հասկանան, թե ինչ է պետք անել, քան ազդեցություն կունենա իշխանական կամ էլեկտորատի վրա, որը հարում է իշխանությանը։ Ես վստահ եմ՝ իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր այս երգը հավանել են, ես վստահ եմ, որ իրենց ձայն տված էլեկտորատի մեջ էլ մարդիկ կան, իրենք մեծամասնություն են կազմում, ուղղակի իրենց բոլորին միավորում է ընդհանուր հանցանքը՝ իրենք իրարից փախնելու տեղ չունեն»։

Հեղինակը նշում է, որ փողոցում իրեն կանգնեցնում են, տպավորություններով կիսվում, շնորհակալություն հայտնում, 4 օր է՝ նամակները չեն դադարում։

«Հայաթ փրոջեքթի» ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը մեկ միլիոն դիտում ունի, յութուբում 600 հազար դիտում է եղել 4 օրում, մոտ 20 հազար հավանում կա ու 3 հազարից ավել մեկնաբանություններ։ Բոլոր էջերը միասին վերցրած՝ 7 միլիոն դիտումն անցնում է։

«Նման բան չի եղել երբևիցե ու ոչ միայն «Հայաթ փրոջեքթի» դեպքում։ Մենք կպել ենք մարդկանց զարկերակին ու, փառք Աստծո, ոչ թե կարողացել ենք արթնացնել, այլ արթուն պահել, որ ասում են՝ քնել են մարդիկ, ժողովուրդները ինքնուրույն ոչ մի բան չեն անում, նույնիսկ գլադիատորները, որոնք համարվել են ամենամարտունակ, կռվի միշտ պատրաստ, նույնիսկ գլադիատորների հեղափոխությունը կազմակերպելու համար մի հատ Սպարտակ պետք էր։

Հիմա, եթե դու ուզում ես ինչ-որ մի բան քո ժողովուրդն անի, դու պետք է առաջնորդես, դու պետք է բացատրես, պիտի տաս սկզբունք, գաղափարախոսություն ու լուծումների հստակ պլան, որ ինքը տեսնի, որ դու ունես լուծումներ, ոչ թե ելնես, ասես՝ սա վատ է, սա վատ է։ Չի քննարկվում, որ վատ է, բոլորս դա գիտենք, լուծումը ո՞րն է, տվեք մարդկանց լուծումներ, տվեք մարդկանց առաջնորդներ, տեսեք՝ այս մարդիկ ինչերի են պատրաստ»։

Հեղինակը ուշադրություն է հրավիրում տեսահոլովակի ամենավերջին հատվածին, որտեղ Արցախը մարմնավորող Նարե Հովհաննիսյանը մոտենում է Հայաստանը մարմնավորող Հովհաննես Սերոբյանին ու գլուխը դնում Հայաստանին, Հայաստանը չի գրկում Արցախին, այլ ձեռքը դնում է գլխին։

«Այն ժամանակ, երբ որ մենք պիտի գրկեինք Արցախը, չգրկեցինք, ես մեծ հույս ունեմ, որ այս մեսիջը շատ կհասնի մարդկանց ու իրատես լինելով ու շատ լավ գիտակցելով բոլոր պրոցեսները՝ ամեն ինչ պիտի անենք, որ սկզբնական փուլում արցախահայությունը կարողանա վերադառնալ Արցախ, վերադառնա այն տեղը, որտեղ հազարամյակներով ապրել է, ու դա պիտի դիտարկել այս փուլի համար ամենակարևոր խնդիրը, լուծելու հարցը ու երբեք դրանից հետ չպիտի կանգնենք։ Նախ պիտի վերադառնան այն տեղը, որտեղ ապրել են, միջազգային երաշխիքների տակ վստահ լինելով, որ իրենց նոր ցեղասպանություն չի սպասվում։

Այդտեղից սկսած՝ նոր մենք կարող ենք սկսել մտածել մեր սեփական վերածնվելու, աճելու, զարգանալու, հզորանալու մասին, քանի դեռ մենք այդ հարցը չենք կարողացել լուծել, աշխարհի համար համարվելու ենք թերի, խեղճ, իսկ ես մեզ այդպես չեմ համարում, մենք հաստատ այդպես չենք։ Մենք հաստատ շատ ավելի լավն ենք, մենք հաստատ այն մարդիկ ենք, որ շատ լավ գիտակցում ենք մեր երկրին, պետությանն ինչ է պետք, ուղղակի գաղափարային առումով մարդկանց պիտի տալ այդ ամենը ու առաջնորդել, հենց դա եղավ, ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Ռուբեն Մխիթարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Հենց այսպես էլ ենթադրում էի վերջաբանը։ Արցախը Հայաստանի գրկում է գտնում իր սերը։ Շատ սիմվոլիկ երգ է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30