«Գրին Փրոփերթի Դիվելոփմեն» ընկերության աշխատակիցները տնօրեն Արտաշես Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀՀ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին, մի քանի այլ գիտնականների եւ ծեծկռտուքը բաժանող ոստիկանության աշխատակցին։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Հակոբյանը՝ ով այժմ ոստիկանության բաժանմունքում դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում։
Նշենք, որ գիտնականներ այսօր Ազատության պողոտայի 26/1 հասցեում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել գիտահետազոտական կենտրոնի ջրավազանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Կառուցապատող ընկերության աշխատակիցները սպասել են, որ այսօրվա ակցիան լուսաբանող լրագրողները հեռանան տարածքից, ապա հարձակվել եւ ծեծի են ենթարկել ապօրինության դեմ պայքարող գիտնականներին եւ անգամ ոստիկանին:
«Ակցիայի վայրում կանգնած էինք, դարպասները բացեցին կառուցապատող ընկերության աշխատակիցները, տնօրենի գլխավորությամբ, կամազներով եւ գռուզավիկներով քշում էին մեզ վրա։ Վարորդներն այլ աշխատակիցների եւ տնօրենի հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, հետո սկսեցին քաշքշել ու ծեծել։ Ինձ հարվածում էին մի քանի հոգով՝ տարբեր կողմերից։ Բռնության ենթարկեցին նաեւ ոստիկաններից մեկին, ով փորձում էր կանխել ծեծկռտուքը»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Իր հերթին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության տնօրենը և աշխատակիցները որևէ քաշքշուքի մասնակից չեն եղել»:
Այսօր` սեպտեմբերի 6-ին, մի խումբ քաղաքացիներ, անօրինական արգելափակելով «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող տարածքի մուտքը և ելքը, քաշքշուք են հրահրել իրենց և շինարարություն իրականացնող ենթակապալառու ընկերության աշխատակիցների միջև։
Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե, ենթադրաբար, քաշքշուքի մասնակից է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը, չի համապատասխանում իրականությանը: Պարոն Վարդանյանը որևէ առնչություն չունի տեղի ունեցած իրադարձության հետ։
Ենթադրաբար, քաշքշուքի մասնակից են եղել կապալառու ընկերության աշխատակիցները ու մեր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքի մուտքը ու ելքերը անօրինական կերպով արգելափակած մի խումբ քաղաքացիներ։
Հորդորում ենք մեր գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության և ղեկավար կազմի պատվին ու արժանապատվությանը վիրավորող չճշգրտված տեղեկատվություն տարածելուց»: