Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներին, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի իշխանությունների, ըստ էության, բաց տեքստով արած հայտարարությանը, թե իրենք անելիք չունեն, շեշտեց, որ այսօր Բաքվում գտնվող հայ ռազմագերիների շարքին պետք է դասել նաեւ անհետ կորածներին:
«Կան ոչ օֆիցիալ, մեր կողմից իդենտիֆիկացված անհայտ կորած զինվորների տվյալներ, որոնց մահն արձանագրված չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի չակերտավոր ղեկավարությունը 2020 թվականից հետո, դրանից էլ երկու տարի առաջ, նախապատրաստական աշխատանք էր տանում Ադրբեջանին եւ Թուրքիային ծառայելու համար: Հետեւաբար, բարձր քաղաքական ղեկավարության ռազմագերիների հանգամանքը կմնա օրակարգում այնքան ժամանակ, քանի Նիկոլն զբաղեցնում է իր պաշտոնը»,-ասաց նա՝ նշելով, որ դրան կա մի քանի բացատրություն:
Առաջինը, որ Նիկոլին բոլորովին ձեռնտու չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատվի գերեվարությունից եւ վերադառնա հայրենիք, քանի որ առհասարակ կարող են լինել բացահայտումներ, ինչը հնարավորություն կտա ամբողջապես պատռել Նիկոլի դեմքը: Ըստ նրա, կան այնպիսի պայմանավորվածություններ, որոնք Արցախը հայաթափելուց առաջ եւ հետո են տեղի ունեցել, հետեւաբար, դրանց բացահայտումը պետք է կանխել:
Գառնիկ Դավթյանը ռազմագերիներին բաց չթողնելը բացատրում է նաեւ հետեւյալ կերպ. «Օրինակ, Ռուբեն Վարդանյանը, որին անդրադարձավ գերագույն գլխավոր կապիտուլյանտը՝ նշելով, որ դեռ պետք է պարզել, թե ինքն ինչ նպատակով է գնացել Արցախ: Նույն քարոզչական թեզերով խոսում էր Իլհամ Ալիեւը նախքան Արցախի հայաթափումը, նախքան Ռուբեն Վարդանյանին գերեվարելը:
Կարդացեք նաև
Այսինքն, հստակ ընդգծում ենք, որ բոլոր այն քաղաքական հայտարարությունները եւ պնդումները, որոնք առաջինը եղել են Ադրբեջանում, շատ կարճ ժամանակ հետո հնչել են Հայաստանի կառավարության շուրթերով: Ես անգամ վարկած եւ հիմնավոր կասկած ունեմ, որ կոնկրետ մարդկանց, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի գերեվարությունը եղել է երկուստեք պայմանավորված: Ինչո՞ւ: Որովհետեւ Ռուբեն Վարդանյանը իր կերպարով եւ գործունեությամբ հասարակության հավանությանն արժանանալու պոտենցիալ ուներ եւ հիմա էլ ինչ-որ չափով ունի: Հետեւաբար, ձեռնտու չէ, որ Հայաստան գան այնպիսի մարդիկ, որոնք կարող են լուրջ քաղաքական մարտահրավերներ նետել նիկոլ Փաշինյանին եւ նրա վարչախմբին:
Շատ մեծ ցավ է, խայտառակ փաստ, որ այնպիսի մարդիկ են գերեվարված Ադրբեջանում, որոնք իրենց ապրած կյանքով, սխրանքներով եւ հայրենանվիրությամբ շատ մեծ գործ ունեն արած բոլորիս համար: Եվ վստահ եմ, որ շատ բան ունեն անելու հետագայում»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ