Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանահավատ որևէ ապացույց չկա, որ Նորայր Փանոսյանը գործել է Հրայր Թովմասյանի ցուցումով»․ Միհրան Պողոսյան

Սեպտեմբեր 06,2024 18:45

«Խնդիր կա մեղադրանքի որակման հետ կապված»,- ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպանները շարունակեցին հանդես գալ պաշտպանական ճառերով։ Միհրան Պողոսյանի հավաստմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի մեղադրանքի մեջ պետք է արտացոլեր նրա լիազորությունները, լիազորությունների շրջանակում մեղսագրված գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները։

Պաշտպանն ասաց՝ մեղադրանքն առաջադրելու համար անհրաժեշտ պայման է այն, որ պաշտոնատար անձը պետք է չարաշահի արդեն իսկ իրավական ակտով իր ունեցած լիազորությունները․ «Նոտարական պալատի դրվագով Հրայր Թովմասյանին մեղադրում էին նոտարական պալատի համար իր սեփական տարածքը վարձակալելը հարկադրելու համար։ Պետք է հասկանանք՝ Հրայր Թովմասյանը նոտարական պալատի տարածք վարձակալելու ցուցում տալու լիազորություն ունեցե՞լ է։ Եթե չի ունեցել նման լիազորություն, ակնհայտ է, որ արարքը սխալ է որակված։ Որակումից հետո երկրորդ հարցը մեղադրանքի անորոշությունն է։ Օժտված լինելով կազմակերպչական, տնօրինչական լիազորություններով․ ի՞նչ հասկանանք, ո՞ր լիազորությունը չարաշահելուց ենք պաշտպանում կամ վերազանցելուց ենք պաշտպանում։ Որևէ հղում մեղադրանքի մեջ չկա»։

Հրայր Թովմասյանի պաշտպանները կասկածի տակ դրեցին վկա Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքի արժանահավատությունը։ Միհրան Պողոսյանն ասաց․ «Դատական նիստերի ընթացքում զավեշտալի իրավիճակի հանդիպեցի, երբ տիկին Մելքոնյանին հարցրել է, Հրայր Թովմասյանի պաշտպան Վարազդատ Բադալյանը, որը ընդհանրապես արդարադատության նախարարության հետ որևէ առնչություն չի ունեցել, Ալվարդ Մելքոնյանը պտտվել, ասել է՝ դե դուք էլ զզվացրիք ձեր թիմով։ Պաշտպանն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ իրենց հետ։ Նորայր Պողոսյանի, Հրայր Թովմասյանի և Վարազդատ Բադալյանի նկատմամբ տածած թշնամական վերաբերմունքն Ալվարդ Մելքոնյանի կողմից ակնհայտ էր»։

Միհրան Պողոսյանը դատարանի դահլիճում նաև հավաստիացրեց՝ արժանահավատ որևէ ապացույց չկա, որ Նորայր Փանոսյանը գործել է Հրայր Թովմասյանի ցուցումով։

Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը ևս իր պաշտպանական ճառում անդրադարձավ վկա Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքին ու ասաց․ «Այդ ցուցմունքը առնվազն Արսեն Ամյանի հետ հանդիպումների և խոսակցությունների մասով պետք է դիտել անարժանահավատ, ավելին, տիկին Մելքոնյանի՝ մնացած ցուցմունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքն այլ անձանց գործողությունները պարբերաբար վերագրել է Հրայր Թովմասյանին՝ դրա համար հիմքեր չունենալով։

Ակնհայտ է, որ բավականին մեծ քանակի տեղեկատվություն է տիկին Մելքոնյանը ենթադրել, լսել, և հաշվի առնելով իր թշնամանքը, ձեզնից մի կերպ պրծա ձևակարպումը հիշեք, ուստի նրա ցուցմունքը չի կարող հանդիսանալ հիմնավոր»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30