Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել է «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը

Սեպտեմբեր 06,2024 19:33

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

«Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս կրթամշակութային միջոցառմանը մեր ներկայությունը պատահական չէ: «Դպրոցականների ֆիլհարմոնիան» մեր լուրջ ավանդույթներ ունեցող ծրագրերից է, որին մասնակցելով դուք էլ եք համոզվել, թե մշակույթն ու արվեստն ինչ կարևոր են  անձի զարգացման ու լայն աշխարհայացքի ձևավորման համար: Արվեստն իր ժանրային տարբեր դրսևորումներով չվախենալու, երազանքների հետևից գնալու, բարձր արժեքներ ստեղծելու և դրանց ձգտելու ամենաիրական ճանապարհն է: Հատկապես երաժշտությունն օգնում է հասնել երազանքին, քանի որ այն մեր կյանքի բոլոր իրավիճակներում միշտ ուղեկցում է մեզ, միշտ օգնում է երազել»,- ասել է նախարարը՝ դիմելով երեխաներին և մաղթելով նրանց նորանոր տպավորություններ և ոգևորվածություն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի աշխատակազմին՝ նշելով, որ երեխաների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն  է, և մասնագետների ջանքերն ու ներդրումը՝ անչափ կարևոր են ծրագրի կայացման գործում: Միջոցառման շրջանակում ծրագրի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով, իսկ ամառային դպրոցի սաները «Հարվածային գործիքներ» դասընթացի շրջանակում պարգևատրվել են հավաստագրերով:

Նշենք, որ «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը երաժշտական հանդիպումների շարք է, որի ընթացքում ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողներին ներկայացվում է դասական, ազգային և ժամանակակից երաժշտություն: Նախագիծը ներառում է դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների հետ և նրանց ստեղծագործություններին, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30