Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն ու եկեղեցին պետք է արձագանքեն Ադրբեջանում ռուսական թեմի առաջնորդի արած կեղծ հայտարարությանը». ԱԺԲ-ն քննարկում էր կազմակերպել

Սեպտեմբեր 06,2024 18:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում այդ երկու երկրների առաջնորդները այցելել էին ռուսական եկեղեցի: Այդ ժամանակ Ադրբեջանում ռուսական թեմի առաջնորդ Ալեքսիյը նրանց ներկայությամբ հայտարարել էր, իբր, սուրբ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Բաքվում եւ հանդիսանում է այնտեղ ապրող ժողովրդի հովանավորը:

Այս խայտառակ ապատեղեկատվության առիթով ԱԺԲ-ն այսօր հրավիրել էր քննարկում: Քաղաքական ուժի գնահատմամբ այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի իշխանության հորդորով եւ ռուսական իշխանության համաձայնությամբ: ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ այդ մակարդակի հանդիպումներում նման հայտարարությունները հենց այնպես, պատահական չեն արվում: «Սա ուղենիշային հայտարարություն է, որը շատ վտանգավոր է հետագա քաղաքական, մշակութային, տարածքային նկրտումների համար, որոնք Հայաստանի նկատմամբ կարող են լինել: Եվ սա նորություն չէ: Մենք գիտենք, որ Ադրբեջանը հայոց ժառանգության նկատմամբ յուրացման քաղաքականություն է վարում դեռ սովետական տարիներից»,-ասաց նա եւ նշեց, որ դեռեւս 19-րդ դարից նույն քաղաքականությունն է վարում նաեւ Ռուսաստանը:

Արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը նշեց, որ այս հերթական մշակութային ոտնձգությունը ուղղված է ոչ միայն մեր եկեղեցու հիմքերին: «Սա մի յուրահատուկ կեղծիք է: Սուրբ Բարդուղիմեոսի կերպարը ոչ միայն մեր արվեստում է արտահայտվել, այլեւ համաշխարհային արվեստում այլազգիներն են պատկերել եւ նշել, որ Բարդուղիմեոսը եղել է Հայաստանում քրիստոնեության տարածողը եւ նահատակվել է Հայաստանում»,-ասաց արվեստագետը եւ ցուցադրեց պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ այլ երկրներում Բարդուղիմեոսի պատվին կառուցված եկեղեցիների լուսանկարներ, կտավներ, որմնանկարներ եւ դրանց հայկական լինելու առարկայական այլ վկայություններ ու ապացույցներ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունների ընթացքում բացահայտած կեղծիքների մի ամբողջ շարք, որոնք տարածվում են լայնորեն եւ մոլորության մեջ գցում հասարակ մարդկանց: «Բարդուղիմեոսը, այո, հայկական, սակայն նաեւ համաքրիստոնեական սրբերից է եւ քրիստոնյա բոլոր ուղղությունները, բոլոր եկեղեցիները համաքրիստոնեական բոլոր սրբերին ընդունում են: Բարդուղիմեոսը եւ կաթոլիկ եւ բողոքական եւ ուղղափառ եկեղեցիների սուրբ է»,-ասաց նա:

Հակադարձելով Բաքվում ռուս հոգեւորականի արած կեղծ հայտարարությանը՝ տիկին Խառատյանը հարց հնչեցրեց. «Եթե Բարդուղիմեոսի գործունեության եւ նահատակության վայրը Կովկասյան Աղվանքի տարածքն է, եթե Բարդուղիմեոսը համայն Ադրբեջանի եւ Բաքվի հովանավորն է եւ ռուս ուղղափառ եկեղեցին նպաստել է Բարդուղիմեոսի մասունքները Ադրբեջանի հովանավորության համար Բաքու բերելուն, ինչպե՞ս եղավ, որ նույն ռուս ուղղափառ եկեղեցին որեւէ ակնարկով չանդրադարձավ, երբ Նախիջեւանում Բարդուղիմեոսի հետքերը բուլդոզերով վերացրեցին բոլորիս աչքի առաջ: Դրանք Ադրբեջանի հովանավոր սրբի հետքերի ոչնչացումը նկարահանում էին ու մինչեւ հիմա դրված են բոլորի աչքի առաջ»:

ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը անցած ամիս հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության վրա հերթական ոտնձգությունը գնահատեց նաեւ որպես ռուսական կայսերապետական քաղաքականություն: Ու ընդգծեց. «Այս իրավիճակում, երբ մենք Հայաստանում ունենք նման իշխանություն, որը պատրաստ է ամեն ինչ տալ, սա շարունակվելու է: Ցավոք, ոչ հայ եկեղեցին, ոչ պետությունը որեւէ արձագանք չի դրսեւորել տեղի ունեցածի նկատմամբ: Իսկ սա լրջագույն հարց է: Սա նախ հայ եկեղեցու արմատներին խփել է: Իրենք ստեղծում են իբր առաքյալի կողմից հիմնված, հաստատված աղվանական եկեղեցի: Եվ այս գաղափարը, վստահ եմ, առաջ են տանելու: Եթե մենք լուռ մնանք, լրջագույն խնդիրներ ենք ունենալու»,-ասաց Արա Պապյանը:

Քննարկման մասնակիցների անունից կազմվեց նամակ, որը պետք է փոխանցվի հայ եկեղեցուն, որպեսզի համարժեք քայլեր անի: Տեքստի նախնական տարբերակում քննարկման մասնակիցների առաջարկով որպես հասցեատեր ավելացվեց նաեւ Հայաստանի իշխանության անունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30