Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդալը մտքի ու ոգու թռիչք ունենալու ճանապարհ է. Դանիել Դանիելյան

Սեպտեմբեր 06,2024 17:38

Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ:

Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ինչպես նաև գրողներ, հրատարակիչներ և ընթերցասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից մեկն է:

«Նոր ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, որը մեկնարկել է այսպիսի մեծ ու կարևոր միջոցառմամբ՝ Գրքի փառատոնով, ինչը հրաշալի ուղերձ է մեր երեխաների ու ամբողջ հասարակության համար: Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է, իսկ կարդալը երազելու, մտածելու, մտքի ու ոգու թռիչք ունենալու ճանապարհ է: Ընթերցանությունն օգնում է զարգացնել քննադատական և վերլուծական միտքը, ինչը շատ կարևոր է թե՛ դպրոցականների, թե՛, առհասարակ, հասարակության համար»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նրա գնահատմամբ՝ հիմնադրման օրվանից փառատոնը զարգանում է անշեղ ուղիով, և ցանկություն կա ամրապնդելու միջազգային կապերը, ընդլայնելու փառատոնի սահմանները՝ այն հասցնելով նաև մարզեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փառատոնի առջև դրված խնդիրներից ամենակարևորը լուծված է. մեկ հարթակում միավորել և խրախուսել գրքի ստեղծման գաղափարից մինչև ընթերցող բոլոր օղակներին:

«Ուղերձը հետևյալն է՝ թե՛ ընթերցող, թե՛ գրող ու հրատարակիչ՝ բոլորս զարգանանք միասին: Այս երեք օրն օգտագործենք՝ ևս մեկ անգամ կարևորելու գիրքը, հասարակության մեջ զարգացնելու հետաքրքրությունը գրքի նկատմամբ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ժամանակների գործընկերներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավորի:

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր քաղաքում պետք  են մարդիկ, որոնք կարդում են: Ընթերցանությունը փոխում է մոտեցումը միջավայրի և մարդկանց նկատմամբ՝ վերափոխելով մարդուն «ես»-ի և «իմ»-ի վերաբերմունքից դեպի «մեր»-ի և «ընդհանուրի»»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են տաղավարներում, ծանոթացել հրատարակված գրականությանը:

Կարևորելով փառատոնի ձևաչափը՝ հրատարակիչները նշել են, որ այն լավ հնարավորություն է մեկ վայրում երեք օր շարունակ ընթերցողներին ներկայացնելու իրենց հրատարակած գրքերը և դրանց նկատմամբ հետաքրքրություն սերմանել նաև ոչ ընթերցասերների մոտ: Ընթերցողները ևս կարևորել են փառատոնը՝ շեշտելով, որ սիրով սպասում են գրքի այս տոնին, որը հնարավորություն է տալիս միանգամից ծանոթանալու Հայաստանում տպագրվող գրականությանը, զրուցել գրողների ու հրատարակիչների հետ, ներկա լինել գրական տարբեր միջոցառումների, հաղորդակից դառնալ գրական միջավայրին և գնել շատ գրքեր՝ օգտվելով փառատոնի զեղչերից:

Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝  www.evnbookfest.com :

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30