ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների վերջին շրջանի գործունեության ամփոփագիր՝ ըստ ուղղությունների
ապրիլ – օգոստոս 2023 թ․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների հարց
- Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին նախորդող՝ Հայոց ցեղասպանությանը և Արցախին նվիրված ավանդական միջոցառում։ Այն կազմակերպվել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի կողմից։ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների ելույթների հիմնական շեշտադրումներն էին ԱՄՆ-Հայաստան ռազմական կապերի հաստատումը, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, Արցախի և Հայաստանի դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերի գործադրումը։ Առանձնակի ուշադրության կենտրոնում միջազգային պաշտպանությամբ իրենց հայրենի տներ արժանապատիվ և հավաքական վերադարձի արցախահայության իրավունքի իրացման մեխանիզմների շուրջ քննարկումն էր:
- Հայ դատի համակարգում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի ցեղասպանական էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:
- Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։
Ըստ այդմ մայիսի սկզբին, շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։
Կարդացեք նաև
Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակարգավորումներին:
Արցախահայության վերադարձի իրավունքի բարձրաձայնում
2024 թ. ապրիլին, ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման նախօրեին, Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը, համագործակցաբար «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում ընդգրկված եվրոպական 15 երկրներում հայ համայնքների ներկայացուցչական մարմինների հետ, դիմել է վերոնշյալ հանդիպման մասնակիցներին և ընդհանրապես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ «ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ»:
Մայիսին, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը պատրաստել և հայերեն ու անգլերեն լեզուներով հրապարակել է «Վերադարձի իրավունքը. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը. Վերջին շրջանում արցախցիների վերադարձի իրավունքի մասին եղած դիրքորոշումները» գրքույկը (որը պարբերաբար թարմացվելու է)։» Գրքույկում ներկայացված է վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը, անդրադարձ է կատարվում արցախահայության վերադարձի իրավունքին, քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից արցախահայության վերադարձի իրավունքի կարևորմանը։
Գրքույկում նշված վերադարձի իրավունքին ի նպաստ հայտարարությունների կարևոր մասը արդյունք է տվյալ երկրներում և համաեվրոպական մակարդակում Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների, որոնց նպատակն է օրակարգի վրա պահել արցախցիների վերադարձի իրավունքն ու այդ իրավունքի իրացումը։
Վերադարձի իրավունքի իրացման առնչությամբ Հայ դատի տարբեր հանձնախմբերի ներկայացուցիչներ հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հայաստանում արցախահայության սոցիալ տնտեսական օժանդակություն
- Արցախահայության սոցիալ տնտեսական ապահովության ուղղությամբ 2024 թ. ապրիլին, վերը նշված Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի դիմումից հետո, աշխատանք է տարվում ԵՄ-ից օժանդակություն ապահովելու համար։
- Մայիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունը Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող երկկուսակցական նամակով, որն առաջնորդում էր Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մասնավորապես պահանջվում է.
- 200 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների համար
- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգային օգնության կասեցում, ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցում պետքարտուղարության ուսումնասիրություն
- 20 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորում և 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար
- 10 միլիոն դոլար՝ իրավապահ համակարգի բարեփոխումների համար
- 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։
Հունիսի երկրորդ կեսին որոշ զարգացումներ են գրանցվել ամերիկյան Սենատում, որտեղ Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի և Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահների առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։ Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հալածանքները այլևս երբեք չկրկնվեն: Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»: Նամակում նաև նշված է․ «Հայաստանում ներկայումս բնակվում են ավելի քան 115․000 փախստականներ, այդ թվում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանված են Ադրբեջանի կողմից։ Ենթադրվում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչև 2 միլիարդ դոլար հավելյալ հրատապ մարդասիրական օգնություն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչությանը և ապահովելու հիմնական կարիքների բավարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամենը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին»։ Սենատորները Բայդենին նաև կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նույն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրավերներին:
Վերը ներկայացվածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2025թ․ ֆիսկալ տարվա ԱՄՆ արտաքին օժանդակության ակտը, որտեղ ներկայացված օրենսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադրվող օժանդակության ծավալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակության բացառմանը և ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։
Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն
- Ապրիլին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Շենոն փոխարտգործնախարարին դիմել է հարցումով. «Արդյո՞ք վերջինս քննարկումներ է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ (ա) Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական կրոնական վայրերի պահպանման, (բ) կրոնական պրակտիկայի կանոնակարգերի և (գ) այդ երկրում քրիստոնյաներին բռնաճնշումներից և այլ բռնություններից պաշտպանելու վերաբերյալ»։ Պետական նախարար Նուսրաթ Ղանին պատասխանել է. «Մենք հստակ ենք, որ տարածաշրջանում կրոնական և մշակութային վայրերի պահպանումը կարևոր խնդիր է։ Մեծ Բրիտանիան հավատարիմ է պաշտպանելու կրոնի կամ հավատքի ազատությունը ամբողջ աշխարհում: Երևանում և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատները Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին հետևողականորեն և ամենաբարձր մակարդակով բարձրացրել են նման վայրերը պաշտպանելու անհրաժեշտությունը»:
- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, որին միացել են ևս 47 օրենսդիրներ, հորդորում է առաջնահերթություն տալ Արցախում վտանգված հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին: Հունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը և նրա գործընկերները գրում են. «2023թ․ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո, արդեն իսկ կան ապացույցներ, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը նաև այս տարածաշրջանում և դրա շուրջը»: Օրենսդիրները ընդգծել են․ «Մենք գրում ենք այս նամակը՝ արտահայտելու մեր խորը մտահոգությունը. պետքարտուղարությունը պետք է ավելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, անհասկանալի է, արդյո՞ք այդ մտահոգությունները բարձրացվում են, և եթե բարձրացվում են, ապա դա արվում է համապատասխան լրջությա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:
Ադրբեջանական ցեղասպանական էթնիկ զտման քաղաքականության որպես այդպիսին միջազգային ընկալում
- 2024 օգսոտոսին, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALC) հովանավորությամբ՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Երևան), հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք արմատավորված են Ադրբեջանում երկարատև հակահայկական խտրական քաղաքականության մեջ, ինչը մի շարք մասնագետներ համարում են ցեղասպանություն։ Զեկույցում ասվում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և դրան հաջորդած բռնի տեղահանումը մեկուսացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատավորված ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ:
- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթը հունիսի վերջին ներկայացրել են Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ հորդորելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ներկայացված նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 100․000 հայության բռնի տեղահանումը ճանաչվում է որպես էթնիկ զտում։ Ամերիկյան վարչակազմին կոչ է արվում հրապարակային վճռականություն ցուցաբերել նույն նպատակով։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգներին նպաստել Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների, այդ թվում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպես նաև կերաշխավորվի հայերի իրավունքը՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։
Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանություն
Հայ դատի համակարգում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) 2021 թվականից հովանավորել ու համագործակցել է Երևանում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, գլխավորաբար Բաքվում բանտարկված հայ գերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներում։ Հիմնական ուղղություններն եղել են գերեվարվածների հարցերով համապատասխան թղթածրարների պատրաստությունն ու դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և կամ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին։ Ներկայումս Բաքվում պահվող 23 գերիների հարցերի կողքին, շարունակվում է իրավունքների պաշտպանությունն այն գերիների, ովքեր վերադարձվել են։
Առհասարակ արտաքին զորակցության ապահովում
- Հայ դատի կենտրոնական գրասենյակը պահպանում է Արցախի բարեկամների «Արցախ ֆորում» կայքը (https://artsakhforum.net/)։
- Ապրիլին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահները հանդես են եկել կոչով՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
- Մայիսին, Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարին ուղղված՝ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հարցին պատասխանել է պետական նախարար Նուսրաթ Ղանին. «Մեծ Բրիտանիան ընդունում է ողջ Հարավային Կովկասի տնտեսական զարգացման կարևորությունը տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Այնուամենայնիվ, ներկայումս կառավարությունը չի խրախուսում կամ օգնություն չի տրամադրում Միացյալ Թագավորության այն ձեռնարկություններին, որոնք մտածում են Լեռնային Ղարաբաղում ներգրավվելու մասին»:
- Հունիսին, Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, գործակցաբար ոչ-հայ այլ համայնքային կազմակերպությունների հետ, տապալել է Վիկտորիա նահանգի խորհրդարանում Ադրբեջանի հետ խորհրդարանական բարեկամության խումբ ձևավորելու նախաձեռնությունը։
- Հուլիսին, Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կազմակերպել է վիրտուալ հանդիպում ավստրալիացի «Արցախի բարեկամներ» ցանցի հետ, որին մասնակցել են խմբի անդամներից ավելի քան 35-ը՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին թարմացումներ լսելու համար: Զեկույցներով հանդես եկան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների նախկին պաշտպանները և համալսարանական օտարազգի դասախոսներ։
- Օգոստոսի սկզբին պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։
- Օգոստոսին, Հայ դատի Միացյալ Թագավորության հանձնախումբը պատասխան է ստացել հուլիսին կառավարությանն ուղղված իր նամակներին։ Պետական նախարար (Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Անդրծովյան տարածքներ) Սթիվեն Դութինը գրել է. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետևողական է եղել՝ կոչ անելով ազատ արձակել հակամարտությունից մնացած ռազմագերիներին և վերադարձնել հանգուցյալների աճյունները: Դա կշարունակի մնալ այս կառավարության առաջնահերթությունը»: Նույն հարցով, Լորդերի պալատում, Սաութուորկի լորդ եպիսկոպոսը դիմել է կառավարությանը և օգոստոսին, կառավարության անունից պատասխան ստացել Դարլինգթոնի բարոնուհի Չեփմենից. «Մեծ Բրիտանիան հետևողական է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություններից մնացած բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու և մահացածների աճյունները վերադարձնելու կոչերի հարցում»։
COP 29
Հայ Դատի համակարգը Ադրբեջանում նախատեսվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների 29-րդ կոնֆերանսին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներից հետո, սկսել է իրականացնել հատուկ ծրագիր՝ քարոզչական և քաղաքական ուղղություններով։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, գերիների ազատ արձակման հրամայականը և այլ հարցեր։ Միջազգային կազմակերպությունների, առանձին երկրների հասարակական, քաղաքական և պետական շրջանակների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հետ նպատակադրված աշխատանք է տարվում նոյեմբերին Բաքվում ի նպաստ մեզ քաղաքական հայտարարությունների և քայլերի ապահովման համար։
Գործարկվել է ծրագրի կայքէջը. https://protestcop29.org/ ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ