Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբին՝ ուղեկցությամբ երգչախմբի հիմնադիր-ղեկավար տիար Զաքար Քեշիշյանի։
«Վարանդա» մանկապատանեկան երգչախմբը, որն ամբողջությամբ բաղկացած է արցախահայերից, «Երգող Արցախ» վերնագրի ներքո համերգային ծրագրեր է իրականացում Հայաստանի տարբեր շրջաններում։
Հանդիպման սկզբում տիար Քեշիշյանը Սրբազան Հորը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկություններ փոխանցելով երգչախմբի հիմնադրման և գործունեության մասին։
Այնուհետև Նաթան Սրբազանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերն ու օրհնությունը և իր գնահատանքը բերեց երգչախմբի անդամներին հայրենիքի համար ծանր ու դժվարին օրերին իրենց գեղեցիկ կատարումներով հայորդիներին ուրախություն, սեր, մխիթարություն ու ապագայի հանդեպ հույս պարգևելու համար։
Կարդացեք նաև
Սրբազան Հայրը նաև հորդորեց պատանիներին Շուշին միշտ վառ պահել իրենց հոգիներում, սիրել հայրենի Արցախը, ապրել և արարել Արցախով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին