Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարքավորումը պետք է ունենա նաև արագաչափ». օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի անհատական տեղաշարժման միջոցների գործունեությունը

Սեպտեմբեր 06,2024 15:51

Հայաստանում եւ, մասնավորապես, Երեւանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթեւեկության կանոնները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Դավիթ Համբարյանի՝ մանրակրկիտ ուսումնասիրվել են ե՛ւ ոլորտը, ե՛ւ խնդիրը, ինչպես նաեւ միջազգային փորձը՝ հարցին համապարփակ լուծումներ տալու համար: Սահմանվել են նման փոխադրամիջոցների բնութագրերը եւ հնարավոր սահամանփակումները: Ըստ այդմ՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաեւ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը սահմանվելու են համայքի ավագանու կողմից:

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մասնավորապես, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

«Կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով ճիշտ կահավորված չէ տվյալ սարքավորումը: Սարքավորումը պետք է ունենա նաեւ արագության չափման սարք»,- մանրամասնել է Ներքին գործերի նախարարի տեղակալը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ինքնագլորների կայանատեղերի կանոնակարգմանը, անչափահասների` նման սարքերի կիրառման վերահսկողությանը վերաբերող խնդիրներին:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով առանցքային է մնում պատշաճ իրազեկման եւ վերահսկողության հարցը: Նա առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել քննարկում նախագծի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ լայն կիրառում ստացած անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների գործունեությունը կարգավորելու անհրաժեշտություն կա: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներով բոլոր հիմնական ռիսկերը հնարավորինս հասցեագրվել են: Տուգանքների չափերը սահմանելիս՝ կիրառվել է բալանսավորված մոտեցում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30