Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, սա՞ է ՊՆ վերաբերմունքը զոհված զինծառայողի ծնողին, սրանից հանրությունն էլ է հետեւություն անելու, զոհված տղայի ծնողն էլ»․ԱԺ հանձնաժողովը մերժեց Գեղամ Նազարյանի նախագիծը

Սեպտեմբեր 06,2024 14:12

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։

Գեղամ Նազարյանն այս նախագծով առաջարկում է, որ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ու արտոնությունների ծրագրերը զետեղվեն մեկ օրենքում։ «Կարեւոր է, որ այդ ընտանիքները հստակ իմանան, թե իրենք ինչ արտոնություններ ունեն»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Նազարյանը դժգոհեց Պաշտպանության նախարարության վերաբերմունքից։ «Ես ՊՆ-ի առաջարկել էի ամիսներ շարունակ, ասում էի՝ ձեր դիտողություններն արեք, որպեսզի հաշվի առնենք եւ ներկայացնենք։ Այսօր, վաղը, մյուս օրը, եկավ հասավ այս օրը, եւ այսօր այստեղ չենք տեսնում ոչ Պաշտպանության նախարարին, ոչ փոխնախարարին։ Այս օրենքի նախագիծը նաեւ նրա մասին է, որ մենք չապրենք այնպես, ինչպես ապրել ենք մինչեւ պատերազմը։ Բայց, ցավոք սրտի, կան մարդիկ, ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մենք ապրենք այնպես, ինչպես մինչեւ պատերազմն ենք ապրել։ Այսինքն՝ նախագիծը գնում է, հասնում է ՊՆ, այնտեղ նայում են, շառից-փորձանքից հեռու կարգախոսով առաջնորդվելով՝ դեմ են արտահայտվել արդեն իսկ գործող կառավարության որոշումներին։ Բացասական եզրակացություն են տվել, ասում են՝ այդ ինչեր եք գրել, բայց այդ օրենքները գործում են: Մեղավորը Սուրեն Պապիկյանն է, նախագիծը երեւի չեն էլ նայել»,- նշեց Գեղամ Նազարյանը։

«Լավ, սա՞ է ՊՆ վերաբերմունքը զոհված զինծառայողի ծնողին։ Սրանից հանրությունն էլ է հետեւություն անելու, զոհված տղայի ծնողն էլ է հետեւություն անելու: Ես ուզում էի, որ Պաշտպանության նախարարությունից այսօր մի մարդ լիներ այստեղ, որ ես հարցնեի՝ լավ, դուք իրոք չեք ուզո՞ւմ, որ այս երկիրը կայանա։ Սեպտեմբերի 2-ին որոշում են, որ Կիրանց գյուղից 28-օրյա հավաքին պետք է գնա 50 տարեկան աշխարհագրության ուսուցիչը։ Դա վերաբերմունք է ձեւավորում, ամեն ինչ սրանից է գալիս»,- հավելեց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30