Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի օր փոքր որդիս հարց տա՝ պապ ինչու ես հայ…». Մետաքսե Հակոբյանը իր եւ Ռուբեն Վարդանյանի՝ չհրապարակված զրույցից մի դրվագ պատմեց

Սեպտեմբեր 06,2024 14:04

«Ես ուզում եմ խոսել մեր ռազմաքաղաքական վերնախավի մասին, ովքեր այսօր պատանդ են Ադրբեջանում… Ուզում եմ խոսել նաեւ Ռուբեն Վարդանյանի մասին: Այստեղ մարդկանց մեծարելու խնդիր չկա… Ցավոք, մեր հասարակության մեծամասնությունը տեղյակ չէ շատ բաներից ու լսում է միայն այստեղի ղեկավարի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնած կասկածները Ռուբեն Վարդանյանի մասին:

Տարօրինակն այն է, որ երբ ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) նման կասկածներ է հայտնում, մեկը չկա ասի՝ եթե դու երկրի ղեկավար ես ու դու տեղյակ չես՝ ով էր այդ մարդը, նշանակում է՝ դու լավ ղեկավար չես եւ չգիտես քո երկիրը ոնց ղեկավարել» ,-«Հայելի» ակումբում նշեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ես հիշում եմ մեր առանձնազրույցներից մեկը Ռուբեն Վարդանյանի հետ… Երեւի 2023-ի հուլիս ամիսն էր, խոսում էինք Արցախը սիրելու մասին, ու գիտե՞ք ինքը ինչ ասաց… Շատ խորը մնացել է դա իմ հիշողության մեջ… Ասում էր՝ ինձ թվում էր՝ շատ բան եմ արել իմ ժողովրդի համար, իմ հայրենիքի համար: Մտածում եմ՝ եթե մի օր իմ փոքր որդին ինձ հարց տա՝ պապ, դու ինչու ես հայ, ինչ եմ պատասխանելու… Ասում է՝ փորձեցի իմ տված հարցին պատասխանել ու հասկացա, որ չունեմ պատասխան, որովհետեւ հայրենիքին օգնելով ու ֆինանսական աջակցությամբ չէ հայ լինելը… Ասում է՝ հենց այդ օրը որոշում կայացրի՝ գալ ապրել Արցախում, այնտեղ, ուր իմ հայրենակիցները դժվարության մեջ են»,-հիշեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի պատգամավորը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածից հետո շատերը փորձել են ինչ-ինչ գուշակություններ անել. «Մտածում են՝ տեսնես ի՞նչ շահ ուներ Ռուբեն Վարդանյանը, որ եկավ Արցախ… Իր շահը դա էր: Երբ մարդը ինքնաբավ է, երբ թե ֆինանսական, թե ճանաչելիության հարցում հասել է գագաթնակետին՝ իր պատկերացումներում, ինքն իրեն վերագտնելու խնդիր ունի, եւ Արցախ գալով Ռուբեն Վարդանյանը այդ խնդիրն, ըստ էության, լուծեց:

Սկզբում մենք էլ ունեինք որոշ կասկածներ, բայց 5-10 հանդիպում, զրույցներ, իր արածները տեսնելուց հետո հասկացանք, որ մարդը զգում է իր հայրենիքը եւ այդ հայրենիքը իրեն էր զգում… Արցախցիները սկսեցին սիրել ու գնահատել նրա արածները, որովհետեւ երբ շրջափակման ժամանակ շատ մեծահարուստներ ու հնարավորություններ ունեցող մարդիկ չէին ապրում ժողովրդի պես, Ռուբեն Վարդանյանը մեր բոլորի հետ էր, եթե խանութներում հաց չկար, ուրեմն հաց չուներ նաեւ ինքը…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30