Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Հանձնում են …
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Կարդացեք նաև
Դա շատ պարզ բան է նշանակում, ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրելով, պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:
Իրականում, դա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու իր անկարողությունն, իր սուվերեն իրավունքը զիջում է ուրիշներին, ապա դա նշանակում է, որ հաջորդ քայլով դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ երկրներ, որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:
Նաև լավ դիվանագիտություն վարելով, օրինակ Ադրբեջանը, կամ մի որևէ երրորդ երկիր, կարող է հարց բարձրացնել, եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ինչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել և մյուս հատվածներում նույնպես միջազգային՝ պետական, կամ մասնավոր ուժերը, պետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքն հետևյալն է. կամ կարող ես ընդհանրապես, կամ անկարող ես՝ առհասարակ:
Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսում էր իր սուվերենության մասին: Սակայն սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովել: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ՝ սակայն նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք՝ կամ կդիտենք:
Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռնել մի որևէ շվեյցարական մասնավոր ընկերությանը: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից, համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:
Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան Վրաստանի համար: