Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանող կողմը ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը. Բագրատ Սրբազանի շահերի ներկայացուցիչ փաստաբան

Սեպտեմբեր 06,2024 13:17

Սեպտեմբերի 6-ին նշանակված էր Բագրատ Սրբազանի նկատմամբ զրպարտության գործով առաջին դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց պատասխանող կողմի պահանջով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աննա Փիլոսյանը՝ նման բան կանխատեսում էին. «Առաջին դատական նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, որ գործի նյութերին ծանոթ չեն, նոր է ներգրավել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը, եւ անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու…Կանխատեսելի վարքագիծ էր, որովհետեւ կարծում ենք, որ պատասխանող կողմը ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը՝ հաշվի առնելով հայցի առարկան (պատվի արժանապատվությանը վերաբերվող հայց է ներկայացվել), որպեսզի ժամանակի ընթացքում հարցի հետաքրքրությունը նվազի, եւ բարենպաստ դատական ակտի պարագայում անգամ այլեւս համաչափ արձագանք չլինի տարածված արատավորող տեղեկատվությանը»:

Փաստաբանի խոսքով, դատարանը բավարարել է միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին: Նա նշեց, քանի որ Civic.am կայքի դոմենը գրանցված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվամբ, հայցը հարուցվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ, հաշվի առնելով այն, որ իրավական տեսանկյունից՝ կայքը իրավունքի սուբյեկտ չէ:

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի եւ ՔՊ կուսակցության՝ պահանջելով հերքել իր մասին զրպարտություն հանդիսացող տվյալները։

Սրբազանը նաեւ պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լեւոնյանին և ՔՊ-ի անունով գրանցված Civic.am-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, հերքել իր վերաբերյալ զրպարտությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե եւ անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։

Հարցին՝արդյոք ԱԱԾ հերքումը Դավիթ Լեւոնյանի հրապարակման առնչությամբ չի որոշում գործի ելքը՝ հօգուտ սրբազանի, փաստաբանն այսպես արձագանքեց. «Ապացուցողական մեծ հենք ստեղծում է, իմ գնահատմամբ՝ այո, արդեն իսկ բացառում է այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հանգամանքը, ինչը ենթադրում է հայցի աներկբա բավարարում, սակայն, այնուամենայնիվ ապացույցի գնահատումը դատարանի հայեցողության դաշտում է, հետեւաբար պետք է սպասենք, թե դատարանն ինչպես կգնահատի եւ կարձագանքի այդ ապացույցին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30