Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր դիտարկումներն է ներկայացրել Երևանի գլխավոր հատակագծի և դրա ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության վերաբերյալ
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարդացեք նաև
ՀՀ շրջակա միջավայրի կայքում 2024 թվականի հուլիսի 24-ին տեղադրվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից մշակված և բնապահպանական փորձաքննության ներկայացված «Երևանի գլխավոր հատակագիծ. հատոր 1» և «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվություն» փաստաթղթերը:
Ստորև ներկայացված են մի շարք խնդիրներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը բնապահպանական փորձաքննության ներկայացված փաթեթը լիարժեք չէ, ուստիև պետք է վերադարձվի նախաձեռնողին՝ լրամշակման:
Ընդհանուր բնույթի դիտարկումներ
- Փաստաթղթերից ոչ մեկում առկա չէ հղում, որ Երևանի գլխավոր հատակագիծը մշակվել է Երևանի ավագանու կողմից 2022թ․ սեպտեմբերի 13-ին ընդունված N 623-Ա որոշմամբ հաստատված նախագծային առաջադրանքի հիման վրա։ Միաժամանակ, ակներև է, որ գլխավոր հատակագծի նախագիծը չի ապահովում նախագծային առաջադրանքի 3-րդ կետով սահմանված պահանջների իրականացումը (օրինակ՝ Երևան-քաղաքամերձ գոտի-ագլոմերացիա տարածքների քաղաքաշինական գործառույթների իրականացում (2), հարկայնության սահմանման կանոնակարգում (3), քաղաքի կենտրոնի բեռնաթափում (10), բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում (11), Երևանի փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնության պահպանում , կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործում, գրավիչ և հարմարավետ կենսամիջավայրի կազմավորում (12), քաղաքաշինական միջավայրում բնակչության սակավաշարժ խմբերի մատչելիության ապահովում (13)):
- Նախագծային առաջադրանքի 2-րդ կետով նախատեսված է, որ Երևանի գլխավոր հատակագծի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ ելնելով 2005-2020թթ. գլխավոր հատակագծի իրագործման վերլուծության, մասնագիտական ու հանրային քննարկումների միջոցով ստացված առաջարկությունների և եզրահանգումների, Երևանի տարածական զարգացման հիմնական ուղղությունների հստակեցման և գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման արդյունքներից: Մինչդեռ, ներկայացված գլխավոր հատակագծում առկա չէ 2005-2020թթ. գլխավոր հատակագծի վերլուծություն, նաև մշակված չէ գլխավոր հատակագծի հայեցակարգ։ Քաղաքի զարգացման ռազմավարության ուղղությամբ չեն իրականացվել քննարկումներ մասնագիտական և հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ։
- Նախագծային առաջադրանքի 2-րդ կետով նախատեսված վերլուծության բացակայության պարագայում ներկայացված չեն նախորդ գլխավոր հատակագծով նախատեսված ռազմավարական լուծումների չիրականացման կամ թերի իրականացման, շեղումների ու ձախողումների պատճառները և գնահատականը, ինչն առնվազն երաշխիք կստեղծեր ապագայում որոշակի խնդիրներից խուսափելու համար։ Փոխարենը, գլխավոր հատակագծի շեղումներն ու խախտումներն ամրագրվել են հենակետային նախագծում՝ փաստացի օրինականացնելով ապօրինությունները (օրինակ՝ Ֆիզիկայի գիտավանում, որտեղ ապօրինի հողօգտագործումը հավաստվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, Դալմայի այգիներում և Նորքի անտառներում, որտեղ որոշ կանաչ հատվածների «անհայտացումը» հավաստվում է արբանյակային դիտարկումներով)։ Առկա չէ նախորդ հատակագծով տրված ռազմավարական բնույթի լուծումների ազդեցության գնահատականը (օրինակ՝ Գետառի փակում, Նորքի անտառների և քաղաքի կենտրոնը շրջապատող լանջերի կառուցապատում)՝ քաղաքի կլիմայի փոփոխության, քաղաքում շարժունություն ապահովելու կամ բնական աղետներից պաշտպանունակություն ապահովելու առումով և, ըստ այդմ, առկա չեն այդ հետևանքները հնարավորինս մեղմելու առաջարկներ։
- Երևանի գլխավոր հատակագծի տարբեր բաժինները ներկայացված են խիստ անհամաչափ և տարբեր ձևաչափերով: Բազմաթիվ հատվածներում բացակայում են ելակետային տվյալները, հաճախ խնդիրներն ու լուծումները խառնված են և անհասկանալի, պարզ չէ, թե ինչն է առաջարկվում փոխել կամ զարգացնել: Որոշ ոլորտներում լուծումներն առհասարակ բացակայում են։ Երբեմն ինչ որ բնապահպանական լուծումներ ներկայացված են ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվությունում, սակայն վերջինս իրավական փաստաթուղթ չէ և դրա նպատակը բոլորովին այլ է։
- Փաստաթղթերում առկա են մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ՝ ՌԷԳ հաշվետվության մեջ նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանի բնակչությունը կազմում 126.6 հազար մարդ (էջ 40)։ Մյուս կողմից, Երևանի գլխավոր հատակագծում նշված է, որ մշտական բնակչությունը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կենտրոն համայնքում կազմում է 120 245, իսկ 2024 թվականին՝ 124 212 (աղյուսակ 11․1.2)։ Միևնույն փաստաթղթի Աղյուսակ 12.1.8.-ում, որը ներկայացնում է Երևան քաղաքի բնակչության էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները, նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանի բնակչության թիվը 2023 թվականի դրությամբ կազմում է 130.6 հազար մարդ։
- Մի շարք բաժիններում ներկայացված են ավելորդ մանրամասներ, օրինակ՝ «հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գույքի, համակարգչային տեխնիկայի նորացում», «պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելում, նման երեխաներին հայտնաբերում՝ ուսուցման համակարգ վերադարձնելու նպատակով», «բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցում, այդ թվում՝ վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, գույքի արդիականացում», «վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական և ոչ բժշկական ծառայությունների ծավալի ավելացում, վերջիններից ստացված մուտքերից աշխատակիցներին լրավճարների տրամադրում» և այլ նման մտքեր։ Սրան հակառակ՝ տրված չեն պատմամշակութային ժառանգության պահպանությունը երաշխավորելու, կանաչ տարածքների մակերեսը միջազգայնորեն ընդունված կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին մոտեցնելու կամ Կենտրոնում տրանսպորտային ծանրաբեռնվածությունը մեղմելու ռազմավարական լուծումներ, ինչը որ ակնկալվում է գլխավոր հատակագծից։
- ՌԷԳ հաշվետվության մեջ ներկայացված է բավականին ծավալուն և անտեղին տեսական գիտելիք կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների վերաբերյալ. օրինակ, որ կլիմայի փոփոխության մարդածին գործոնների թվում են «հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսական գործունեությունների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա- և խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման»։ Կամ, որ մարդածին գործոնները ազդում են «մթնոլորտ–օվկիանոս–ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդեցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն»։ Նաև անհարկի ներկայացված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից կատարվող աշխատանքները Հայաստանում։ Փոխարենը, խոսք չկա այն մասին թե գլխավոր հատակագծով ինչ է առաջարկվում անել՝ մեղմելու կլիմայի փոփոխության հետևանքները Երևան քաղաքում կամ դիմակայելու կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետներին, այդ թվում՝ բնակչության տարհանման ուղիներ զարգացնելու առումով։
- Թեմատիկ քարտեզները ցույց չեն տալիս փոփոխությունները․ օրինակ՝ ինչ վիճակ է ներկայում և ինչ է առաջարկվում, օրինակ՝ լանդշաֆտի պահպանության, վերականգնման առումով։ Նաև այս մասին առկա չէ բավարար տեքստային տեղեկություն, ինչը փաստացի ընթերցողին/դիտարկողին տալիս է ոչ պատշաճ ու ոչ լիարժեք տեղեկություն։ Էքսպերտային և արբանյակային համադրումները ցույց են տալիս մասնավորապես՝ կանաչ տարածքների նվազում և/կամ ներկայացված տեքստային տվյալների հետ անհամապատասխանություն: Հաշվի առնելով մասնագիտական ու հանրային քննարկումների բացակայությունը՝ ստեղծված պայմանները փաստացի անհնարին են դարձնում հարցերի պատասխանների ստացումը, շահագրգիռ հանրության իրազեկ և իմաստալից մասնակցությունը:
- Երևանի քաղաքապետարանի կողմից շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության համար պայմաններ չստեղծելը խախտում է ՀՀ օրենսդրության պահանջները («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» 660 որոշում, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» 2294-Ն որոշում) և միջազգային պարտավորությունները (Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա (Օրհուս, 1998), Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա (Ֆլորենցիա, 2000) և ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպու, 1991) կոնվենցիային կից Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրություն (Կիև, 2003))։
- ՌԷԳ հաշվետվության մեջ «այլընտրանքային տարբերակ» հասկացությունը ոչ լիարժեք է մեկնաբանված։ Այն ներկայացնում է, թե ինչ կլինի, եթե Երևանի նոր գլխավոր հատակագիծ չընդունվի։ Մինչդեռ այն պետք է անդրադառնա, թե ի՞նչ կլինի, եթե գլխավոր հատակագծով առաջարկվող առանցքային միջոցառումները չիրականացնեն, օրինակ՝ եթե ճանապարհային ցանցը չընդլայնեն, կամ հակասողանքային աշխատանքներ չանեն, կամ հանքերը չռեկուլտիվացնեն, կամ գերեզմանատների մակերեսը չկրճատեն, կամ հեծանվային ցանցը զարգացնեն և այլն։
- Առհասարակ, ՌԷԳ հաշվետվությունը չի ծառայում իր նպատակին, քանի որ դրանում, ըստ էության, գնահատված չէ գլխավոր հատակագծով առաջարկվող լուծումների ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Առկա չէ որևէ ակնարկ, որ նախաձեռնողը հաշվետվության կազմման ընթացքում խորհրդատվության համար դիմել է առնվազն ՀՀ առողջապահության նախարարությանը, մինչդեռ մարդու առողջությունը ՌԷԳ-ի համար առանցքային գործոն է:
- Նախագծում որևէ խոսք չկա այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենա վերջերս քննարկվող «Ակադեմիական քաղաքի» կառուցումը, որը մասնակիորեն ներառվելու է Երևանի վարչական սահմաններում: Որտե՞ղ է այն տեղակայվելու: Ինչպիսի՞ հողատարածքներում: Որտեղո՞վ են անցնելու Երևանի կենտրոնին միացնող արագընթաց ճանապարհները/երկաթգիծը։ Ինչպե՞ս է դա անդրադառնալու քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության և կրթամշակութային միջավայրի վրա:
Ոլորտային խնդիրներ
Ժառանգություն
- Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ներկայացված են մեծածավալ ելակետային տվյալներ ու պատմական նյութ՝ սկսած Թեյշեբաինից ու Կոնդի պատմությունով, բայց որևէ ակնարկ չկա այն մասին, թե ի՞նչ ռազմավարական մոտեցումներ են առաջարկվում երաշխավորելու այդ ժառանգության պահպանումը։
Կառուցապատում
- Հասկանալի չէ, թե ի՞նչ տարածքի հաշվին է ավելանալու բազմաբնակարան շենքերի կառուցապատումը Երևանում 838.67 հա-ից՝ 1017.07 հա։ Ներկայացված չէ, թե որքանով է իրացված առկա բնակֆոնդը և դրա թերի իրացման պարագայում ինչո՞վ է հիմնավորվում նորերի կառուցումը, եթե դրանք փաստացի հասանելի չեն դարձվում վթարային շենքերի բնակիչների համար և չեն հանդիսանում սոցիալական բնակարաններ, այլ փոխարենը անհամաչափ ծանրաբեռնում են առանց այդ էլ գերլարված պայմաններում գործող ինժեներական ենթակառուցվածքները։
Կանաչապատում
- Գլխավոր հատակագիծը չի տալիս ռազմավարություն/լուծումներ, թե ինչպե՞ս է ապահովվելու Կենտրոն համայնքի նորմատիվային կանաչը, աղմուկի կառավարումը։
- Ներկայացված աբորիգեն և, առավել ևս, ոչ աբորիգեն բույսերի ցանկը չի քննարկվել ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ։
Գերեզմանատներ
- Կոմունալ գերեզմանատների տարածքը 619հա- ից նախատեսում է պակասեցնել 576.26հա։ «Երևաննախագիծ» ՓԲԸ ներկայացուցչի բանավոր բացատրությունից ելնելով՝ սա բացատրվում է նրանով, որ գերեզմանատների ոչ ամբողջ տարածքն է գործածվում: Միևնույն ժամանակ նաև չկա վերլուծություն, թե ինչքա՞նն է գործածվում, ի՞նչ տեմպերով է աճել փաստացի զբաղեցված տարածքը վերջին տարիներին։ Չկա հաշվարկ, թե Երևանի բնակչության կանխատեսվող մոտ 100,000 մարդու աճով պայմանավորված՝ որքա՞ն է լինելու կարիքը: Որևէ խոսք չկա դիակիզարան կառուցելու հնարավոր ռազմավարական լուծման մասին, որը որոշակիորեն կմեղմեր սուղ հողային ռեսուրսների և գերեզմաններին առնչվող էկոլոգիական խնդիրը։ Չկա նաև խոսք գերեզմանը շրջապատող բուֆերային կանաչապատ տարածքների ստեղծման մասին:
Տրանսպորտ
- Չկա ավտոմեքենաների թվաքանակի աճի կանխատեսում և դրան արձագանքող համապատասխան միջոցառումների ուրվագիծ: Խոսք չկա այն մասին, թե ինչպե՞ս են նախատեսվում բեռնաթափել Կենտրոնի ավտոմեքենաների երթևեկը:
- Կայանատեղերի բացակայության հարցը նշված է որպես խնդիր, բայց չկա ռազմավարական մոտեցում, թե ինչպե՞ս ապահովել կամ խթանել դրանց կառուցումը և որտե՞ղ:
- Գլխավոր հատակագծով նախատեսված է 36 արհեստական կառույցներ – տարբեր մակարդակներում հանգուցալուծումներ, կամուրջներ, բայց անհասկանալի է դրանց տեղադիրքը, ըստ այդմ, նաև հիմնավորումը։
- Երևանի գլխավոր հատակագծում որևէ խոսք չկա հեծանվային կամ հետիոտն ցանցերի զարգացման մասին, որը կարձագանքեր կլիմայի և օդի աղտոտվածության հետ կապված ռիսկերին, կմեղմեր փողոցների ծանրաբեռնվածությունը, քաղաքային սթրեսը։
Վերը նշվածն ընդամենը օրինակներ են՝ ցույց տալու, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված փաթեթը պատշաճ որակի և պատրաստ չէ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված է, որ «Փաթեթում պարունակվող տեղեկատվության մեջ ոչ ձևական կամ բովանդակային անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում կամ նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության միջև անհամապատասխանության դեպքում բոլոր անճշտությունների, թերությունների, անհամապատասխանությունների մատնանշմամբ պարզաբանող գրությամբ այն նախաձեռնողին վերադարձվում է լրամշակման»:
Կարծում ենք, որ վերը նշված խնդիրները հիմք են, որպեսզի Երևանի գլխավոր հատակագիծը և դրա ՌԷԳ հաշվետվությունը ընդունելի չհամարվեն իրավասու մարմինների կողմից և վերադարձվեն Երևանի քաղաքապետարան՝ լրամշակման: