Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս տիեզերք Հայաստան» մրցույթն անցկացվել է Մոսկվայում, հաղթել է ազգությամբ ռուս մասնակիցը

Սեպտեմբեր 06,2024 11:39

Այս տարի «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե հայուհի, այլ ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: Իսկ «Միսս տիեզերք-Հայաստան մրցույթն էլ անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Ժյուրիի անդամները ռուսներ են եղել:

Բանն այն է, որ «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, եւ արդեն մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին՝ առանց տարիքային սահմանափակման, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մեկը, որը պատրաստ է վճարել մասնակցության ամենաբարձր գինը։ Այդ մասին Սպուտնիկ Արմենիային ասել է նաեւ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։ Ահա այդ ամենի արդյունքում «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել ոմն Յուլյա Պավլիկովա, որը սկանդալային համբավ եւ կենսագրություն ունի: Նա՛ է «Միսս տիեզերք» մրցույթի հայաստանյան ազգային տնօրենը, որովհետեւ վճարել է ամենաբարձր գինը:

Պավլիկովան Ղրիմից է, սակայն անցյալ տարի ներկայացրել էր Բուլղարիան՝ «Միսս տիեզերք» մրցույթում, թեեւ ոչ բուլղարացի է, ոչ էլ Բուլղարիայի քաղաքացի: Նախկինում ամուսնացած եւ երեխաներ ունեցող կանայք չէին կարող մասնակցել այս մրցույթին, իսկ 30-ն անց Պավլիկովան մասնակցել էր կանոնակարգի փոփոխության արդյունքում: Այս տարի նոյեմբերին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս տիեզերքին» ամենագեղեցիկ աղջկա թագի համար կպայքարեն նաեւ 2 տրանսգենդեր՝ Ռիկկի Կոլեն Նիդեռլանդներից եւ Մարինա Մաչետեն Պորտուգալիայից: Նրանք հաղթել են իրենց տեղական ազգային մրցույթներում:

Ըստ որոշ հրապարակումների, «Միսս Տիեզերք Հայաստանի» անցկացման իրավունքները ձեռք բերած Յուլյա Պավլիկովան նախ մեծ պահանջարկ վայելող էսկորտուհի է եղել, սեռական ծառայություններ մատուցել, հետագայում նաեւ՝ էսկորտ մենեջեր: Այլ հոդվածներ եւս կան այս մասին, սակայն ավելորդ ենք համարում դրանք վերահրապարակել, քանի որ հեշտությամբ կարելի է գտնել համացանցում:

Ինչ վերաբերվում է Հայաստանը ներկայացրած Իրինա Զախարովային, նա երգում է ռուսական խմբերից մեկում, հակում ունի ադրբեջանական ասացվածքների հանդեպ, որոնք հրապարակում է Вконтакте ցանցի իր էջում:

Ի դեպ, ազգային մրցույթները սովորաբար անցկացվում են այն երկրներում, որտեղից ընտրվում է տվյալ երկրի մասնակիցը, սակայն որեւէ տեղեկություն չի հրապարակվել «Միսս Տիեզերք Հայաստանի» մրցույթի մյուս մասնակիցների եւ այլնի մասին: Համենայն դեպս՝ լայն հանրությունը տեղեկացված չի եղել:

Ի դեպ, երբ 2005թ Չինաստանում անցկացվող Miss Intercontinental մրցույթում միջադեպ գրանցվեց Հայաստանի մասնակցի ու «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի անվան հետ կապված, լուրեր տարածվեցին, թե Արիստակեսյանը կաշառք է առաջարկել ժյուրիի անդամներին, մեծ աղմուկ բարձրացավ: Հետաքրքիր է,  թե ինչ քննարկում կլինի Մեքսիկայում «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի ազգային տնօրենի կասկածելի կենսագրության ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակցի անվան շուրջ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30