Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում դե ֆակտո դատը սկսել է, առնվազն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Մի քիչ էլ, ու կարող է նույնիսկ մրցակցեն Ադրբեջանի մեղադրող  դատախազի հետ». Հակոբ Բադալյան

Սեպտեմբեր 06,2024 10:59

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հանդեպ «քրեական գործերը» շուտով կուղարկվեն դատարան: Ինչո՞ւ եմ չակերտներ դրել: Որովհետեւ դրանք շինծու գործեր են, իսկ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարները ընդամենը պատանդներ են:

Չակերտների մեջ հաջորդ հատվածն արդեն Հայաստանում հնչած խոսք է, որի հեղինակը, համենայն դեպս ըստ այն հրապարակած լրատվամիջոցի, ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է.

«Ռուբեն Վարդանյանը մինչեւ վերջին պահը ասում էր՝ Արցախը երբեք չեմ լքելու, բայց նա, չգիտես ինչ հավաստիացումներից ելնելով, որոշեց, որ Լաչինի միջանցքով պետք է դուրս գա: Իմ պատկերացմամբ, այդ հավաստիացումները սխալ էին: Հիմա Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի: Իսկ թե Հայաստանն ինչ է անում, վարչապետը ասուլիսում նշեց, որ գերիների վերադարձին վերաբերող գործողությունները չպետք է հանրայնացվեն»:

Ըստ էության, Ադրբեջանում դատը դեռ չի սկսել, իսկ Հայաստանում դե ֆակտո դատը սկսել է, առնվազն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Դատը օգոստոսի 31-ի ասուլիսում բացեց Նիկոլ Փաշինյանը, իսկ այսօր շարունակում է Անդրանիկ Քոչարյանը:

Մի քիչ էլ, ու կարող է նույնիսկ մրցակցեն Ադրբեջանի մեղադրող դատախազի հետ:

Կրկնեմ այն, ինչ գրել էի Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո: Մեղմ ասած անբարո է ակնհայտ տողատակերով հարցադրումներ անել մարդու հասցեին, որը բանտում է, այն էլ պատանդի կարգավիճակում, զրկված որեւէ ուղիղ արձագանքի հնարավորությունից, զրկված՝ պատասխանելու եւ իր հարցերը տալու հնարավորությունից:

Այն հարցերը, որ բարձրաձայնում էր Փաշինյանը, հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ես այստեղ ունեմ իմ անձնական կարծիքը, բայց դա կարեւոր չէ: Հարցերը գուցե հիմնավոր են, կարեւոր: Եվ գուցե հանրության համար իրապես շատ օգտակար:

Բայց, կրկնեմ, դրանց բարձրաձայնումը ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կլինի, եթե արվի Ռուբեն Վարդանյանի ազատության եւ լիարժեք պատասխանելու ու սեփական հարցերը տալու հնարավորության դեպքում:

Եվ սա վերաբերում է բացարձակապես բոլորին ու բոլոր դեպքերին, երբ մի մարդը հարցադրումներ է անում մյուսին:

Բայց, փաստացի, մեծամասնության ներկայացուցիչները անկաշկանդ շարունակում են այն, ինչ սկսել է Փաշինյանը: Իսկ դա, կրկնեմ, ըստ էության այլ բան չէ, քան դատը սկսել նույնիսկ Բաքվից առաջ:

Ավելին, ի՞նչ է նշանակում «Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի»:

Նախ, ո՞ւմ պարզ չէ, որ Բաքվում արդարադատություն չէ, որ տեղի է ունենալու, որ մի հատ էլ քննարկվի մեղադրանք հերքել-չհերքելու հարց: Կա պարզ իրողություն՝ պատանդներ, որոնց շուրջ Բաքուն իրականացնելու է քաղաքական սակարկություն:

Այո, ես համաձայն եմ, որ այս հարցում պատանդառվածների շահերի պաշտպանության իրական աշխատանքը Հայաստանից կարող է պահանջել ավելի շատ լուռ տրամաբանություն:

Բայց, առավել եւս լռություն պետք է լինի պատանդառված գործիչների հասցեին:

Այո, քաղաքական ընդդիմախոսները կարող են եւ օգտագործել այդ թեման իշխանությանը թիրախավորելու համար:

Բայց, նախ, կա այդ թիրախավորումը հակադարձելու մեծ այլ գործիքակազմ:

Եվ դրանից բացի, կա թերեւս կարեւորագույն մեկ այլ խնդիր՝ լինել իշխանություն, լինել կառավարող վերնախավ, նշանակում է նուրբ, արժեհամակարգային, բարոյական զգայուն շերտեր պարունակող հարցերում լինել «ռազբորկաներից» վեր: Դա է ընդհանրապես կառավարող վերնախավերի, կամ կառավարելու արժանի վերնախավերի որակական առանցքային չափորոշիչներից մեկը՝ վեր լինելու եւ լայն մտածելու կարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30