ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում երեկ շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը Կարեն Ակոպյանին հարցրեց՝ Ձեր գործողություններն ուղղված էին ինչպես Մարթա Սիմոնյանին, այնպես էլ Արմեն Աշոտյանին պաշտպանելո՞ւն։ Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ Արմեն Աշոտյանի մասին չեմ ասել։
Հարցին՝ Կարեն Հարությունյա՞նն է կազմակերպել Արմեն Աշոտյանի հետ՝ Ձեր հանդիպումը, վկան պատասխանեց՝ պատահական ենք հանդիպել․ «Ես Կարեն Հարությունյանին ոչ թե խնդրել եմ, որ Արմեն Աշոտյանի հետ հանդիպում կազմակերպի, այլ ես խնդրել եմ, որ նա փոխանցի իրավիճակը։ Եվ այդ օրը, որ ես Կարենին զանգեցի, գնում էի իրենց տուն իր հետ խոսելու, ինձ համար անակնկալ ու պատահական ձևով եմ իմացել, որ Արմեն Աշոտյանն այնտեղ է։ Ես գնում էի տեղեկություն փոխանցելու իրեն, որ ինքը փոխանցի Արմեն Աշոտյանին, ոչ թե Աշոտյանին հանդիպելու»։
Դատավորը հետաքրքրվեց՝ ի վերջո ըստ Ձեզ իրականությունը կարող էր Մարթայի համար օգտակա՞ր լինել, թե՝ ոչ, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Երկուսն էլ․ կախված, թե իրավիճակը ոնց կպատկերացնեին ու կնայեին։ Ես բացարձակ ճիշտն էի քննիչների հետ խոսում, նրանք անընդհատ ինձ ասում էին՝ սուտ ես ասում, ասում էի՝ ոնց եք ուզում, ասեք, մենակ՝ էդ մարդուն մի նստեցրեք։ Քննիչն էլ ասում էր, որ մեզ պետք է ասել ճիշտը․ ճիշտն այն չէ, ինչ դու ես ասում, այլ սա է։ Իրենք փաստորեն ավելի լավ գիտեին՝ ըստ մեր բանավեճերի, թե ես ինչ եմ արել, քան ես։ Դրա համար էլ պատրաստ էի այդ պատասխանատվությունը կրել: Թե հետագայում ինչ էր լինելու, ինձ հետաքրքիր չէր, միայն այդ մարդուն չտանեին, չնստեցնեին»։
Կարդացեք նաև
Կարեն Ակոպյանը շարունակեց․ «Մեր միջև, հասկանալի պետք է լինեն պատճառները, եկավ հարաբերությունների մի փուլ վատ առումով, որ նույնիսկ, եթե իմանայի՝ իրեն վնասող նախադասություններ ու տողեր կային իմ ցուցմունքների մեջ, ես արդեն էդ էմոցիան չունեի և ճիշտ կխոսեի Մարթայի մասին։ Արդեն նման շրջան եղել է, և փաստացի մինչև հիմա էլ էդ շրջանը գնում է։ Եթե ես օբյեկտիվ բաներ իմանայի, որ Մարթան արել է, և օրենքի խախտում է եղել, եկել է այն պահը, որ դրանք կհայտնեի, այսինքն՝ չեն եղել, որ չեմ հայտնել»։
Կարեն Ակոպյանը հարցերին ի պատասխան հայտնեց, որ ավելի վաղ ճանաչել է Մարթա Սիմոնյանին, հետո Արմեն Աշոտյանին։ Մարթա Սիմոնյանի հետ ծանոթացել, մտերմացել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդում։ Նա նշեց, որ ավելի սերտ հարաբերություններ է ունեցել Մարթա Սիմոնյանի հետ, քան Արմեն Աշոտյանի։
Քանի որ իր նախորդ հարցաքննությունների ժամանակ Կարեն Ակոպյանը, նկատի ունենալով Արմեն Աշոտյանի ուղիղ եթերները, նշել էր՝ զգում էր, որ դրանք իրենց վնասելու են, մեղադրող դատախազը հարցրեց՝ 2016-ին ի՞նչ քաղաքական «լայվեր», Կարեն Ակոպյանն արձագանքեց․ «Բնականաբար, Արմեն Աշոտյանի «լայվերի» մասին խոսքս վերաբերում է վերջին շրջանի սուր «լայվերին»՝ հատկապես իրեն կալանավորելուց վեց-յոթ ամիս առաջ։ Բնականաբար, 2016-ի մասին չէ խոսքը։ Քննիչները, երբ ինձ հետ այս աշխատանքը կատարել են, նույն նախադասությունները՝ նույն ստորակետով, ինչ Շուշանն ու Մուրադյանն էին ինձ հետ խոսում, մեկ օր հետո քննիչները տալիս էին ինձ այդ հարցերը։ Հասկացա, որ այս ամենում կապ կա։ Ասոցացվում էր իրար հետ նաև դեռ էն ժամանակ, երբ Մուրադյանը մի բան էր գտնում, ամեն ինչ կապում էր Արմեն Աշոտյանի հետ: Վերջը ինչ-որ բան գտել է, համաձայնության է եկել, էս մարդն էլ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, շատ հարմար իրավիճակ է ստեղծվել, որ ինքն իր ուզածն այս խարույկից ստանա, էս իշխանությունն էլ՝ իրենցը։
Կարծեմ օգոստոսին էր՝ էլի մոտեցա Արմեն Աշոտյանին, խնդրեցի՝ «լայվերից» տուժում ենք մենք։ Հետո, երբ եղան «լայվեր», որոնք փաստացի մարդկանց անձնականին կպան, ես արդեն ամեն վայրկյան սպասում էի, որ այդ ծանրությունը ընկնելու է իմ վրա, մանավանդ, որ հայտնի էդ մարդիկ որոշակի հեռակա բարեկամական կապ ունեն իմ կնոջ կողմի հետ, իմ ընկերոջ փեսան է․ խոսքը Արգիշտի Քյարամյանի մասին է։ Ամեն օր սպասում էի, որ ինձ հասանելին պետք է ես ստանամ, էդ ծանրությունն ընկավ իմ ուսերին։ Ու արդյունքում ես կորցրի շատ մոտ մարդիկ, իմ ընտանիքի անդամ կորցրի՝ խոսքը Մարթայի մասին է, կորցրի մեծ շրջապատ, որի մեջ եղել եմ՝ որպես պարկեշտ մարդ, ես այդ ամենը կորցրի»։
Մեղադրող դատախազը հարցը կրկնեց՝ ի՞նչ կապ ունեն 2019-2020-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները 2016-ի աշնանը տեղի ունեցած այն հանգամանքների հետ, որ ռեկտոր Մուրադյանը Ձեզ որոշ բաների մեջ մեղադրում է․ «Դեռ հանրահայտ «լայվերը» չէին սկսվել, ես էլի եմ հարցաքննվել։ Արդեն ինձ համար պարզ էր՝ ինչ ուղղությամբ է գնում, ու հասկանում էի՝ Արմեն Աշոտյանի հնչեղ անունն են օգտագործելու այս գործը թեժ պահելու համար։ Ես էդ ժամանակվանից հասկացել եմ դա․․․Էս թեմայի վերաբերյալ Արմեն Աշոտյանի հետ խոսել եմ երկու-երեք անգամ, ու էդ խոսակցությունը եղել է առ այն, որ բոլոր կողմերից էս հարցը արծարծվում է։ Զգացվում է Մուրադյանի տրամադրվածությունը և Շուշանիկի։ Նրանք անընդհատ կապում են քեզ հետ, որ դու Իշխան Սաղաթելյանի հետ մտերմություն ես ունեցել, որ դու ես էս ամեն ինչում պատճառներից մեկը։ Երկու-երեք անգամ խոսակցություն եղել է, բայց կարևորություն չի տրվել, ես էլ չեմ շարունակել»։
Կարեն Ակոպյանն ասաց՝ երբ արդեն հայտարարվեց, որ Մարթային ձերբակալել են, հասկացավ, որ սա շատ լուրջ է․ «Իրական լրջությունն այդ ժամանակ եմ հասկացել։ Էդ օրը պարոն Աշոտյանն ունեցավ շատ ավելի սուր ու խիստ «լայվ», իրեն գրեցի մեսինջերով, թե խնդրում եմ՝ սենց բաներ մի արա, ու դա անարձագանք մնաց։ Ընթացքում չենք էլ հանդիպել, խոսակցություն չենք ունեցել, և եղել է այն, որ ես գնացի փոխանցելու, որ իմ պատկերացմամբ՝ ինքը չգիտեր, որ լուրջ իրավիճակ է Մարթայենց ընտանիքում։ Գնացի, նրան փոխանցեցի՝ Արմեն ջան, Մարթայենց տանը լուրջ խնդիր կա․ առողջական հարցեր կան։ Վաղուց այն հարաբերությունները չունենք, ու քո նկատմամբ էլ այն ջերմությունը չկա, ինչ ենթադրում եմ, որ պիտի պատկերացնես։ Ես ու Գոռը համարյա թշնամացած վիճակում ենք իրար հետ, խոսում ենք իրար հետ բարձր տոնով, անընդհատ հարցաքննում ենք իրար, քաշքշուկների մեջ ենք իրար հետ, ինձ թվում է՝ սենց որ շարունակվի, ծեծելու ենք իրար։ Խնդրում եմ՝ մի բան արա․ էս հարցը դու ես սրել, քո քաղաքական «լայվերն» են սրել, դու էլ էս հարցին լուծում տուր»։
Այս կետում դատարանը որոշեց մեկ ժամով ընդմիջել նիստը։
Ընդմիջումից հետո Կարեն Ակոպյանն ասաց՝ ինքն այլևս ոչինչ չունի ավելացնելու, ուստի հրաժարվում է հարցաքննության մասնակցել․ «Ձեր հարցերի ժամանակ հասկացա, որ նույն բանը պիտի ասեմ, հասկացա, որ ինձ տանջում եմ»։
Վկայի շահերը ներկայացնող փաստաբանն ասաց՝ վկան ամենասկզբից էլ կարող էր հրաժարվել՝ պատճառաբանելով, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել իր դեմ։
Նախագահող դատավորն ասաց՝ սա կարող է ողջամիտ ենթադրություն առաջացնել դատարանի մոտ, որ մեկ ժամվա ընթացքում վկայի նկատմամբ եղել է ապօրինի ազդեցություն, որ նա հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց։ Նաև ասաց, որ եթե վկան գտնի, որ այս կամ այն հարցի պատասխանը կարող է օգտագործվել իր կամ մերձավորի դեմ, կարող է չպատասխանել։ Կարեն Ակոպյանը հայտարարեց՝ այսինքն՝ ինձ հիմա պետք է բռնի հարցաքննե՞ն։
Շարունակվեց վկայի հարցաքննությունը։ Հարցին՝ Արմեն Մուրադյանը արգելե՞լ է Բժշկականի աշխատակիցներին հանգստանալ Ծովասարում, վկան պատասխանեց․ «Գայթակղիչ է ասել՝ այո, բայց փաստ չունեմ»։ Նախագահող դատավորն ասաց՝ «Ձեր գայթակղությունները պահեք Ձեզ»։
Կարեն Ակոպյանը նախագահողի հարցերին ի պատասխան ասաց՝ անձամբ Իշխան Սաղաթելյանին չի ճանաչել, բայց Դաշնակցության գրասենյակ գնալ-գալ եղել է, ընդհանուր ընկերներ եղել են։
Նախագահող դատավորը հիշեցրեց՝ հարցերից մեկին պատասխանեցիք, որ, ըստ էության, Արմեն Աշոտյանի «լայվերից» հետո զգացել եք, որ տուժելու եք դու ու Մարթան և նշելով, որ իր տված ցուցմունքներում պատասխանել է, որ Մարթայի կողմից առհասարակ մեղադրյալին մեղսագրված որևէ դրվագով խնդիր չկա և հարցին՝ ինչո՞ւ էր հետևաբար անհանգստանում, որ Արմեն Աշոտյանի «լայվի» պատճառով տուժելու են ինքն ու Մարթան, այլ ոչ թե այլ աշխատակիցներ, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Այդ հարցին պատասխանել եմ՝ այն հանգամանքից ելնելով, որ երբ առաջին անգամ քննիչի հետ շփվեցինք՝ խոսքս Լևոն Ադամյանի մասին է, մարդը բառացի ասել էր՝ Արմեն Աշոտյանը կազմակերպիչն է, Միքայել Նարիմանյանը կատարողն է, դու ու Մարթան, Լարիսա Էդուարդովնան, էն ժամանակ կարծեմ Մելիքի մասին էլ խոսք կար, օժանդակողներն եք»։
Մեղադրող դատախազը հարցրեց՝ ո՞նց ստացվեց, որ այս համատեքստում Արմեն Աշոտյանի «լայվն» ուղղակի Ձեզ կամ Մարթային պետք է վնաս պատճառեր, եթե ի սկզբանե ոչ իրավաչափ գործողությունների ականատես չեք եղել կամ տեղեկություն չեք ունեցել, ինչո՞ւմն էր ձեր անհանգստությունը, վկան պատասխանեց․ «Ամենասկզբից, երբ այս գործողությունները սկսվեցին, գործ բացվեց, իմ մեջ անընդհատ Մուրադյանի խոսքերն էին․ փաստացի առաջին մարդը, որ այս ամենը կապեց Արմեն Աշոտյանի հետ, ես լսել եմ իրենից։ Հետագայում էլ, երբ Շուշանը սկսեց լիազորագիր ուզել, տվյալներ ուզել, օրեր հարցնել, այդ ժամանակ քննիչներն արդեն գնում-գալիս էր համալսարան, նաև Մարթայի խոսքերը, որ պետք է իրարից հեռու մնանք, հասկանում էի, որ ինչ-որ բան է պտտվում։ Ոչ մեկս էլ չէինք հասկանում՝ բուն խնդիրը, առանցքը որն է, որ այս հարցը զարգացում է ունենում։ Զգում էի, որ փորձելու են կապ գտնել, քանի Իշխան Սաղաթելյանի հետ կապը կար, պարզ էր՝ փորձելու էին իմ ու Մարթայի ու Արմեն Աշոտյանի հետ կապ գտնեին, որովհետև ունեինք իր հետ մտերմություն, շենքի գնման մի մասը ստորագրել եմ ես, մյուսը՝ Մարթան»։
Անդադար հարցերի ընթացքում Կարեն Ակոպյանը մի պահ դադար տվեց ու ասաց՝ պատվարժան դատարան, գոնե մոտս մի հատ թուղթ ու գրիչ ունենամ, էնքան բան է առաջանում։ Հետո հարցերին ի պատասխան ասաց․ «Քննիչ Մելիքյանն է ասել իր սենյակում, որ մենք սաղս էլ կամաց գալիս ենք այն մտքին, որ Աշոտյանը ստիպել է Միքայել Նարիմանյանին, ու էդ բառը, որ ստեղ կրկնում եմ, իր բառն է, նա էլ ձեզ իրեն վահան իմաստով, որ եթե հանկարծ բան լինի, ձեր միջոցով պաշտպանվի, Աշոտյանը ունենա կորցնելու բան, հասկանա, որ եթե պիտի վնասի, կվնասվեն նաև Մարթան ու Կարենը։ Ես ամենասկզբից ասել եմ, ու դա ես պատմում եմ Գոռին՝ առանց աղբյուր նշելու»։
Հարցաքննությունն ընդմիջվեց, այն կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ