Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հայացքների համար չի կարելի այդպես վարվել դասախոսի հետ. Հենրիկ Էդոյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2024 10:18

«Հրապարակի» զրուցակիցը բանաստեղծ, ԵՊՀ նախկին դասախոս Հենրիկ Էդոյանն է:

– Պարոն Էդոյան, տարեցտարի ուսանողների թիվը բուհերում եւ անգամ մայր բուհում նվազում է: Արտասահմանյան գրականություն մագիստրոսական ծրագիրն էլ, որի շրջանակներում Դուք դասախոսություններ էիք կարդում, արդեն երկու տարի է՝ առհասարակ չի բացվում, քանի որ դիմորդներ չկան: Ինչո՞ւ այժմ երիտասարդները չեն հետաքրքրվում կրթությամբ:

– Այո, մագիստրատուրայում ուսանողներ չկան, որովհետեւ, նախ, կրթության հանդեպ չկա հետաքրքրություն: Եվ, բացի դա, հասարակական կյանքի մեջ շերտավորում, տարբերակում` կրթության առումով, այլեւս չկա, այսինքն` կարեւոր չէ՝ ով ինչ կրթություն ունի, ունի՞ մագիստրոսի կոչում, թե՞ չունի: Կրթական ցենզին այլեւս ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Պրոֆեսոր, մագիստրոս, բակալավրի շրջանավարտ՝ դարձել են հավասար, ոչ մի բան կարեւոր չէ: Եվ հետո՝ նյութական խնդիրներ էլ կան: Բուհերում ամեն տարի թանկանում է վարձավճարների արժեքը: 500 հազարը դառնում է 600, 600 հազարը` 700, ու այդպես շարունակ, եւ մարդիկ չեն կարողանում վճարել: Քիչ գումար չէ եւ ամեն մեկին հասանելի չէ: Մարդիկ գուցե ուզում են սովորել, գումար չունեն, պրոբլեմ է այդքան գումար գտնելը: Մագիստրատուրայում հատկապես հիմա սովորում են նրանք, ովքեր ցանկանում են գիտական աշխատանքով զբաղվել, բայց գիտական աշխատանքով զբաղվողների թիվն էլ նվազել է: Մի քանի հանգամանքներ միասին վերցր՝ած պատճառ են դարձել, որպեսզի ուսանողների թիվը նվազի: Մի տեսակ գիտական կրթվածությունն այսօր մեր հասարակության մեջ չի խրախուսվում:

– Այսինքն` կիրթ մարդիկ պետք չե՞ն հասարակությանը: Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջա՞ն է:

– Կրթությունն այսօր մեծ դեր չի խաղում, դրա համար էլ երիտասարդության մեջ սովորելու ներքին մղում չկա, ավելի շատ ուզում են գնալ, ժամանակից շուտ փող աշխատել, իրենց տեղը գտնել` նյութական ասպեկտներում, մտածում են, որ կրթությամբ անհնար է: Պոստմոդեռնիստական իմաստները մեր հանրության մեջ այնքան են շատացել, որ այն իր իմաստն էլ արդեն կորցրել է:

– Բուհերից տարբեր ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների են ազատում աշխատանքից: Հիշո՞ւմ եք երբեւիցե նման երեւույթ ԵՊՀ-ում:

– Երբեք նման բան չի եղել: Անգամ սովետական ժամանակներում քաղաքական հայացքների համար դասախոսին չեն ազատել աշխատանքից: Գուցե այն ժամանակ դասախոսները չէին էլ արտահայտվում, գուցե մեծ այլախոհություն չի եղել կամ գուցե չի էլ եղել, բայց ես 50 տարվա ընթացքում չեմ հիշում նման դեպքեր, երբ լավ դասախոսին իր քաղաքական հայացքների համար հեռացնեին:

– Այդ երեւույթը լա՞վ նախադեպ է:

– Չէ, բնավ: Քաղաքական հայացքների համար չի կարելի այդպես վարվել: Պետք է կոնկրետ նայել ամեն ինչին: Ծայրահեղությունների գիրկը չի կարելի ընկնել, ոչ մի պարագայում չի կարելի դասախոսի հետ այդպես վարվել: Կրթական սիստեմի հետ որեւէ մեկի քաղաքական հայացքները կապ չունեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30