Լրահոս
Օրվա լրահոսը

Այցերն անվտանգության հետ կապ չունեն

Սեպտեմբեր 06,2024 10:00

Հիշո՞ւմ եք, երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին, ինչ ոգեւորություն էր տիրում հայկական «արեւմտամետ» շրջանակներում՝ վերջ, փրկված ենք, Ալիեւը այլեւս երբեք չի համարձակվի դիմել ուժային գործողությունների: Փելոսին իսկապես իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին, բայց, ի հեճուկս մերոնց վարդագույն երազանքների, նրա այցից մի տարի անց Ադրբեջանը նոր հարձակում ձեռնարկեց եւ վերջնականապես հայաթափեց Արցախը: Այսպիսով, Միացյալ Նահանգները չկանխեցին հնարավոր սցենարներից ամենավատը՝ այն պարզ պատճառով, որ զրկված էին կանխելու գործիքներից:

Հիմա նույն խանդավառությունն է տիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ընդառաջ: Նախատեսվում է, որ նա կմասնակցի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին եւ ներկա կլինի Ազնավուրի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին: Բարեկամ երկրի ղեկավարի այցն, իհարկե, ուրախալի իրադարձություն է: Բայց սպասել, որ նման այցերով մեր անվտանգության առումով որեւէ հարց կլուծվի, կա՛մ միամտություն է, կա՛մ էլ հերթական քարոզչական աճպարարությունը:

Հիշեցնեմ, որ անկախ Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահներից Ժակ Շիրակը (2006), Նիկոլա Սարկոզին (2011), Ֆրանսուա Օլանդը (2015), նույն Էմանուել Մակրոնը (2018): Այդ այցերն, անշուշտ, նպաստել են հայ-ֆրանսիական բազմակողմանի կապերի զարգացմանը: Բայց Հայաստանի անվտանգության հետ դրանք կապ չունեն: Իսկ ահա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի այցը Փարիզ 1997 թվականի դեկտեմբերին, երբ նա արժանացավ նախագահ Շիրակի ընդունելությանը եւ, ըստ լուրերի, համոզում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարին, որ Արցախի հարցը կարելի է առաջարկվող փուլային տարբերակով չլուծել՝ նման քայլերը մեզ հետաքրքրող թեմայի հետ կապ ունեն:

…«Բայդենը (Բլինքենը, Մակրոնը, Շոլցը, Սթոլթենբերգը) խստորեն զգուշացրել են Ալիեւին, եւ հիմա նա, եթե իր գլխից ձեռ չի քաշել, այլեւս երբեք Հայաստանի դեմ ոչ մի քայլ չի անի»՝ արդեն մի քանի տարի է սա՛ է իշխանության արեւմտամետ քարոզիչների լեյթմոտիվը: Բայց նախ՝ «խիստ զգուշացնելն» ակնհայտ չափազանցություն է: Երկրորդ՝ այդ «զգուշացումներն» առայժմ որեւէ արդյունք չեն տվել: Երրորդ՝ հիշյալ քարոզիչների «շեֆը» հիմա կարծես է հրաժարվել է արեւմտյան միջնորդությունից:

Մեր ժամանակների ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները (ոչ միայն Հայաստանում) կարող են ասել ամեն ինչ եւ դրա համար որեւէ պատասխանատվություն չկրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այն տպաւորութիւնը ունիմ որ այս հանգրուանին, հայաստանցիների զանգուածային մեծամասնութիւնը այլեւս լաւապէս հասկացաւ որ, գործնական գետնի վրայ, յոյս չկայ՝ Արեւմուտքէն: Ափսոս ու դժբախտաբար:

    Եւ ուրեմն, թերեւս այդ «ուրախութիւնը», որ՝ այս պահին, Ֆրանսայի նախագահը այցելում է ՀՀն, այլ կերպով կրնայ բացատրուիլ:

    Իրենց այժմու վիճակին մէջ, ՀՀի բնակիչները թերեւս պարզապէս սփոփանք մը կը զգան, որ Ֆրանսայի նման պետութեան մը պետը՝ իր ուշադրութիւնը կը շնորհէ ՀՀին, իր ջանքերն ու ժամանակը կը տրամադրէ, կատարելու համար գոնէ այս յարգալից այցելութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30