Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ՝ 363 հայց

Սեպտեմբեր 06,2024 13:30

Վերջերս ուսումնասիրեցի ՀՀ վարչական դատարան դիմած նախարարությունների դեմ գործերը: Պատկերն այսպիսին էր. մինչ սեպտեմբերի մեկը, ՀՀ պաշտպանության նախարարության դեմ կար՝ 98, ՀՀ արդարադատության նախարության՝ 13, ՀՀ ֆինանսների նախարարության՝ 8, ՀՀ առողջապահության նախարարության՝ 5, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 8, ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ 0 (անցած տարվանից առկա է 3 հայց, որից մեկը՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ 5 հայցադիմում:

ՀՀ վարչական դատարանի «ռեկորդակիրը» ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն է՝ նրանց դեմ կա 363 հայց:

Դատարան դիմած քաղաքացիների, կազմակերպությունների երեք հարյուրից ավելի հայցերով պատասխանողը ՆԳՆ ոստիկանությունն է: Տարին չի ավարտվել, նման թիվ իմ պրակտիկայում գոնե չեմ հիշում: Դեռ չեմ խոսում նախորդ տարիներից փոխանցված, քննության մեջ գտնվող մյուս գործերի մասին… Իսկ «բացումն» արվել է այս տարվա հունվարի 3-ին…

Դիմումատուների մեջ են 5 ՍՊ ընկերություններ («Լոս Պուեբլոս», «Շինտրեստ», «Ագորա .ամ», «Պրոստրոյ», «Նակ Գրուպ»), 3 օտարերկրացի (Կիրլլ Շուբին, Կարեն Մամասախլիսով, Ալեքսանդար Ռադիսավլյեւիչ), 2 ՝անհատ ձեռնարկատեր: Նկատեմ, որ «Նակ Գրուպի» հայցերը մի քանի անգամ են դատարան ներկայացվել: Հայցապահանջների գերակշիռ մասը ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայության դեմ է:

Յուրա Ալեքսանյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ 17.09.2023 թվականի թիվ 8300818520 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Որոշումներով, պարզվել էր, որ Յ. Ալեքսանյանը տրանսպորտային միջոցը առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով 17.09.2023 թվականին ենթարկվել է վարչական տուգանքի՝ 25.000 ՀՀ դրամի չափով: Յ.Ալեքսանյանը վերադասության կարգով բողոքարկել է վիճարկվող թիվ 8300818520 որոշումը, սակայն այն թողնվել է անփոփոխ, իսկ բողոքն՝ առանց բավարարման: Վարչական դատարանը (Ռ.Մաքեյան) բավարարել է հայցը, անվավեր ճանաչել ոստիկանության որոշումները…

«Լոս Պուեբլոս» ՍՊԸ-ի հայցը հետեւյալն է՝ 13.05.2024թ. արձանագրությամբ՝ Երեւանի Թամանյան փողոցի 6 շենքի թիվ 18, 19 տարածքից «Լոս Պուեբլոս» ՍՊԸ-ի վտարման (ներխուժման վերացմանն) ուղղված գործողություններից եւ 15.06.2024թ. արձանագրությամբ նշված գործողությունների կատարումից՝ մասնավորապես, նշված տարածքից «Լոս Պուեբլոս» ՍՊԸ-ի վտարմանն (ներխուժման վերացմանն) ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին: Հուլիսից մինչ օրս դատարանն այս գործով դատական նիստի օր չի նշանակել: Հայտնի է միայն, որ դատավորը Մհեր Պետրոսյանն է:

«Ագորա.ամ» ընկերության հայցադիմումը 2023 թվականի արտադրության տրանսպորտային միջոցների նկատմամբ ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին է: Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 14-ին:

«Շինտրեստ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ Ռաֆայել Ջհանգիրյան) 06.05.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ խնդրելով պատասխանողին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ հաշվառված համարանիշով տրանսպորտային միջոցի նկատմամբ Արցախի Ներդրումային հիմնադրամի գրավի իրավունքի գրանցումը դադարեցնելու մասին: Գործի քննությունը դատավոր Լուսինե Բոյաջյանը նշանակել է հոկտեմբերի 1-ին:

Ալեքսանդր Ռադիսավլյեւիչը 2024թ. մարտի 15-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ խնդրելով պարտավորեցնել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը իրեն տրամադրել սեփականության իրավունքով պատկանող «Շեւրոլե» մակնիշի տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կորստյան վերաբերյալ տեղեկանք: Դատաքննությունը դատավոր Գրիգոր Առաքելյանը նշանակել է նոյեմբերի 4-ին: Անդրանիկ նիստը եղել է ապրիլի 4-ին:

Դատարանը պահանջել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչական դատարան ներկայացնել Ճանապարհային ոստիկանության փնտրվող համարանիշների էլեկտրոնային շտեմարանում նշյալ հաշվառման համարանիշների մուտքագրման համար հիմք հանդիսացած նյութերն ու շտեմարանից հանված քաղվածքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30