Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ բան է, եթե սովետական թշվառները… նավթ լային». Լեռ Կամսար

Սեպտեմբեր 06,2024 13:00

Մեծանուն երգիծաբանի անտիպն «Առավոտին» է տրամադրել նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը

Բանաստեղծ Գեղամ Սարյանը լսում է, որ իր մայրը մեռել է Թավրիզում։ Բնազդաբար, կարծելով, թե սովետական երկրից կարելի է արտասահման անցնել, պատրաստվում է հասնել եւ լալ իր մոր շիրիմի վրա։

Բայց՝ «ստո՛յ», գոչում է սահմանապահ ռուս զինվորը եւ այն կողմից վրա են տալիս սահմանով մեկ կապված կատաղի շները…

Ետ է դառնում բանաստեղծն ու մի ոտանավոր գրում, որի բովանդակությունը հետեւյալն է. «Երթամ, ասում է, նստեմ բաց դաշտում որպես որբ, լաց լինեմ, արցունքներս արեւը գոլորշիացնի, քամին քշե Թավրիզ տանի, այնտեղ սառը հոսանքի հանդիպելով խտանա եւ անձրեւի իմ մոր գերեզմանի վրա»…

Իբրեւ բանաստեղծություն գեշ չէ, բայց քաղաքական տեսակետից սա կատարյալ հակահեղափոխություն է, դիվերսիա, որ եթե սովետական պետությունը գլխի ընկնի՝ ո՛վ գիտե, թե քանի գնդակով կգնդակահարի հեղինակին։ Դա պարզապես ճանապարհ է ցույց տալիս սովետական բնակչությանն իր ծայրահեղ վիշտը արտասահմանի պետություններին հայտնելու։

Սովետական Ռուսաստանում լեռնացած է երեսուն տարիների անպատմելի վիշտն ու թշվառությունը։ Տուն չկա, որ պատերազմում մի զոհված, Չեկայի նկուղներում երկու գնդակահարված, Սիբիրում երեք աքսորված, բանտում չորս կալանավոր չունենա։

Ողջ ազգաբնակչության հայրերը քշված Ռուսաստան, նրա լայնածավալ գետերն են իրար միացնում արհեստական ջրանցքներով, իսկ միլիոնավոր որբեր բնական ջրանցքներով իրենց արտասուքի առվակներն են իրար միացնում…

Արդ, եթե այսպիսի ծանր վշտերով բեռնավորված ժողովուրդը արեւի տակ իր արցունքը գոլորշիացնի ու արտասահման ուղարկի, գիտե՞ք որպիսի տեղատարափ կառաջանա այնտեղ: Ոչ։ Արդեն աշխարհի երեք քառորդը ջուր է՝ նոր մի մասը ցամաք։ Այս բաժանումն անձեռնմխելի էլ պետք է մնա։

…Հետո էլ Գեղամ Սարյանի ընտրած մեթոդը կարող է նպատակին չծառայել։

Քամի է, փոխանակ դեպի հարավ փչելու, մեկ էլ տեսար հակառակ ուղղությամբ փչեց եւ իր թափած արցունքը քոռ ու փուչ արավ։ Ավելորդ չլինի ասել նաեւ այն, որ արտասահմանյան պետություններից կարեւորը Ամերիկան է, իսկ Ամերիկան էլ արցունքներով չի հետաքրքրվում։

Ուրիշ բան է, եթե սովետական թշվառները… նավթ լային։

Լեռ Կամսար, 1951թ.,

«Կարմիր ծիծաղ», անտիպ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30