Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը Երեւանում է
Համաշխարհային օպերային արվեստի ամենավառ եւ պահանջված մեգաաստղերից լավագույն դրամատիկական սոպրանո, մեր հայրենակից Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա սեպտեմբերի 7-ին՝ Պուչինիի «Տուրանդոտ»-ում եւ 11-ին՝ գալա համերգով։
Ապագա դիվան ծնվել է Օդեսայում, հաճախել է բալետի եւ ռիթմիկ մարմնամարզության պարապմունքների, բայց ավելի շատ սիրել է երգել։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Օդեսայի կոնսերվատորիայում, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բելառուսի Մեծ թատրոնում։
1984 թ.-ին Երևանում առաջին նշանակալի մրցանակը՝ Գլինկայի անվան, ստանալուց հետո, մնացած բազմաթիվ պարգեւները պարզապես «թափվում» են բոլոր կողմերից։ Սակայն երիտասարդ արվեստագետին սպասվում էին հիասթափության կամ ուղիղ ասած՝ դաժան օրեր։
Կարդացեք նաև
Այսպես. 1987-ին նա հրավեր է ստանում Իտալիայից եւ մեծանուն տենոր Լուչիանո Պավարոտիի հետ համերգներ ունենում Լա Սկալա թատրոնում։ Չգիտես ինչու, Գուլեգինայի հաջողությունները կրքեր են բորբոքում բելառուսական օպերայի կուլիսներում։ Երգչուհուն հիմնականում քննադատում էին այն բանի համար, որ նա համառորեն պնդում էր, թե օպերաները պետք է կատարվեն բնօրինակ լեզվով, ինչը Խորհրդային Միությունում դիտվում էր որպես արեւմտյան մշակույթի քարոզչություն։ Այդ ամենի արդյունքում Բելառուսի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն՝ կոլեկտիվ նամակ ստանալով երգչուհու գործընկերներից, կրճատում է սոպրանոյի ներգրավվածությունը թատրոնի խաղացանկում, ավելին՝ արգելում արտասահման հյուրախաղերը։ Եվ զարմանալի չէ, որ 1988թ. Իսպանիայի Օվիեդո քաղաքի օպերային թատրոնի հրավերը ստանալուց հետո Գուլեգինան առանց վարանելու ընդունում է հրավերը, որը, սակայն, խորհրդային երկրում ընկալվում է որպես փախուստ։ Ըստ էության, այդպես էլ կար. նա որոշել էր լքել ԽՍՀՄ-ը։
Արտերկրում հենց առաջին բեմելից հետո տաղանդավոր երգչուհին գրավում է Եվրոպայի լավագույն թատրոնների ուշադրությունը, պայմանագրերը կնքվում են մեկը մյուսի հետեւից։ Հայուհու հետ աշխատելն իրենց համար պատիվ են համարում այնպիսի մեծանուն դիրիժորներ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Ջանանդրեա Գավացին…, բեմում երգչուհու գործընկերներն էին Պավարոտին, Դոմինգոն, Լուչին, Բրյուսոնը եւ այլ հայտնիներ։
Այժմ երգչուհին բնակվում է Լյուքսեմբուրգում, նրա աշխատանքային, հյուրախաղային գրաֆիկը կազմվում է առնվազն երեք տարի առաջ։
Հիմա ներկայացնենք երգչուհու կյանքից մի դրվագ, որի մասին երբեւէ բարձրաձայն չի խոսվել եւ որին մենք ականատես ենք եղել։ 1980-ականների սկզբին, երբ Երեւանի օպերային թատրոնի տնօրենը Հովհաննես Չեքիջյանն էր, Մարիա Գուլեգինան այցելել էր թատրոն՝ նպատակ ունենալով աշխատել Երեւանում։ Իհարկե, մենք կարող էինք մաեստրո Չեքիջյանից հետաքրքրվել, թե ինչու երգչուհին այդպես էլ չհայտնվեց մեր բեմում, բայց դրա մասին հիմա խոսելը ժամանակավրեպ է։ Միայն վստահ կարող ենք ասել, որ եթե հակառակը լիներ, նա այսօր այն բարձունքին չէր լինի, որում գտնվում է։ Վստահ ենք նաեւ, որ հակառակը պնդողներ չեն գտնվի։
Տեսեք. կյանքը փաստում է, որ մեր ազգի մեծություններից շատերը իրենց մեծությունը «ձեւել» են Հայաստանից դուրս՝ Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր, Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի… Մի հանգամանք, սակայն, ակնհայտ է՝ անվիճելի է, որ մեծ ու հզոր երկրները մեծ ու հզոր պայմաններ են ստեղծում տաղանդի բացահայտման ու դրսեւորման համար։ Փոքր երկրներում կայանալու համար մեծ տաղանդ է պետք, իսկ մեծ հնարավորություններ ունեցող երկրներում ընդամենը շնորհ ունեցողներն էլ կարող են շատ առաջ գնալ։ Կարճ ասած՝ տաղանդի բացահայտման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, միջավայր եւ հնարավորություն:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2024