Ինչո՞ւ ենք շարունակում փաստաթղթեր ընդունել մի երկրի հետ, որն այդ փաստաթղթում ամրագրված դրույթներն ավելի վաղ արդեն ոտնահարել է…
Այդպե՞ս է Ադրբեջանը շարունակելու «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»
Օգոստոսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը հրապարակվեց:
Փաստաթղթից հայտնի է դառնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը, եւ պետական սահմանի մասին միջազգային պայմանագրի կնքումը նպատակ է հետապնդում միջազգայնորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով կարգավորելու սահմանային հարցերը երկու պետությունների միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը վերարտադրելու միջոցով: «Պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության համար ունի անվտանգային նշանակություն եւ այդ գործընթացում Հայաստանն առաջնորդվում է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, ՀՀ անվտանգության եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով», նշվում է փաստաթղթում, միաժամանակ արձանագրվում է. «Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջեւ սահմանային հարցերը կարգավորելու համար»:
Կարդացեք նաև
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են մի փաստաթուղթ, որով թեեւ միաժամանակ արձանագրում են, որ Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը, սակայն այս մի քանի օրական փաստաթուղթն արդեն արժանահավատ չի թվում: Հայաստանի տարածքում են գտնվում Ադրբեջանի ստորաբաժանումներ: Այսպիսի փաստաթուղթը կարող էր ստորագրվել, եթե Բաքուն ՀՀ ինքնիշխան տարածքից իր զորքերը հեռացրած լիներ, եթե պաշտոնական Երեւանը պահանջեր` դուրս բերեք ձեր զորքերը եւ մենք կստորագրենք այս, կամ այն փաստաթուղթը:
Բայց ինչ ենք մենք տեսնում… Նման փաստաթղթի ընդունմանը զուգահեռ, ընդհակառակը, Ադրբեջանն է Հայաստանին «օկուպանտ» անվանել:
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը նշել է, թե Երեւանն «ինտենսիվ զինվում է», ինչն, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։ Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը զուգահեռներ է տարել Հայաստանի ու Իրաքի միջեւ եւ պնդել, թե պետք է «սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի ռազմական կարողությունների նկատմամբ»: «Եթե ուշադրություն դարձնեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնեք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ եւ ագրեսորներ են, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Իրաքի եւ Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ։ Մենք կարծում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաեւ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»,- նշել է նա։
Թեեւ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հնչեցրած «մեղադրանքներն» անարդար է համարում՝ կապված Հայաստանի վերազինման հետ, եւ գտնում է, որ ցանկացած պետություն ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք, բայցեւ նա հավելել էր. «Դուք գիտեք, այդ թվում՝ ընդդիմությունը մեզ քննադատում է եւ քննադատել է այն փաստի բերումով եւ պատճառով, որ ՀՀ ինքնիշխան, ավելի քան 240 քկմ տարածքն օկուպացված է։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն։ Մյուս կողմից՝ մենք այսօր, վաղը եւ մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- իր հրավիրած վերջին մամլո ասուլիսում նշեց նա։ Փաշինյանի համոզմամբ` ռազմական ճանապարհով այդ տարածքները չեն վերադարձնի, քանի որ համարում է, որ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման ճանապարհով լուծել։ Փաշինյանը նաեւ ընդգծեց. «Հայաստանը որեւէ ագրեսիվ նպատակ չունի, եւ սա մեր քաղաքականությունն է։ Մեզ քննադատում են նրա համար, որ Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ՝ Իտալիայից»։
Շարունակաբար զինվող հակառակորդ պետությանը, որտեղից անընդմեջ ազդարարում են, որ` «ադրբեջանական բանակը շարունակելու է վերափոխվել թուրքական մոդելով», մենք ընդամենը պատասխանում ենք` «դուք զինվում եք, մենք ինչո՞ւ չպետք է զինվենք…»: Իսկ ինչո՞ւ ենք շարունակում փաստաթղթեր ընդունել մի երկրի հետ, որն այդ փաստաթղթում ամրագրված դրույթներն ավելի վաղ արդեն ոտնահարել է:
Մի երկիր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն էլ չի կատարել, կա՞ երաշխիք, որ այլ փաստաթղթերի դրույթները հարգելո՞ւ է:
Այդպե՞ս է Ադրբեջանը շարունակելու «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»… Պարզ է, չէ՞, որ հարցը հռետորական է:
Փաշինյանը օգոստոսի 31-ին անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որ Անկարան մասնակցություն է ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, իր հերթին հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրք զինծառայողներ, Թուրքիայի հատուկջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ. «Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ լայնածավալ զորավարժությունները, եւ պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները եւ անօդաչու թռչող սարքերը եղել են օդում եւ սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից»։
Եվ ի՞նչ: Պաշտոնական Երեւանը որեւէ անգամ հրապարակավ, միջազգային որեւէ հարթակից դատապարտե՞ց Թուրքիայի այդ թշնամական բացահայտ կեցվածքը Հայաստանի նկատմամբ, որը ՀՀ անկախության առաջին իսկ օրվանից շարունակվում է մինչ օրս… Ո՛չ: Հիմա էլ Փաշինյանը շարունակում է. «Ես չեմ ուզում շեշտադրել կամ անդրադառնալ մեզ համար շատ ծանր դրվագներին եւ ժամանակաշրջանին՝ մանավանդ այս պայմաններում, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, որոշակի դրական դինամիկա է նկատվում իր բոլոր խնդիրներով»։
Իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է ազդարարել` խոստովանելով, որ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում զգացել է Թուրքիայի աջակցությունը… «44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը», – օրերս Բաքվում, Թուրքիայի հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստում այս հայտարարությունն էր արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը»։
Հասանովը նաեւ նշել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերում շարունակում են քայլեր ձեռնարկվել՝ թուրքական փորձի ներդրման ուղղությամբ. «Բանակաշինության հարցում մենք այժմ հետեւողական համատեղ քայլեր ենք ձեռնարկում: Ադրբեջանի բանակի՝ թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում»։
Պաշտոնական Բաքվի կողմից Հայաստան պետության դեմ այս տոտալ հակաքարոզչությունը, ու ընդդեմ ամեն հայկականի՝ անհաշտ պայքարը կարելի՞ է նմանեցնել հաշտության ձգտող երկրի քաղաքականության հետ…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.09.2024
Ադրբեջանը ՝նաեւ Լավրովի բերանով մեզ մեղադրում է նրա տարածքների օկուպացիայի մեջ։Այժմ մեր երկրում են գտնվում եվրոդիտորդները՝գոնէ մեկ անգամ նրանց շրջագայության տարել եք Գորիս քաղաքի ւ սահմանամերձ Տեղ՚Կոռնիձոր՚Արավուս՚ Խնածախ գյուղերի փողոցներ ւ ցուցադրել եք՞1992-93թթ ադրբեջանական հրետակոծություններից տների ւ բնակարանների կրած վնասները՝ներկայացրել եք՞այդ հրետակործություններից զոհված քաղաքացիական անձանց մասին ւ բացատրել եք՞ նրանց՝որ եթե սահմանը չհեռացվեր մինչւ Ջաբրաիլ՝այդ բնակավայրերը կդադարեին գոյություն ունենալ։Միայն Գորիս քաղաքում «գրադից» զոհվել է 28 հոգի՚վիրավորվել է տասնյակ մարդիկ ւ այլն։Մեզ մեղադրում են մենք լռում ենք՝ստացվում է ճիշտ են ասում…..