Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությանը միայն մի բան է կարելի մաղթել՝ շուտափույթ հեռացում, որպեսզի ապագայում նաեւ քննվեն այս իշխանությունների գործողությունները»

Սեպտեմբեր 06,2024 14:00

«Առավոտի» զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Այդ տեղեկատվությունը կարելի է դասել ֆեյք նյուզերի դասակարգում ամենաբարձր մակարդակի վրա, որովհետեւ մի իշխանություն, որն ի վիճակի չեղավ լուծելու 2016-ի պատերազմի հետ կապված խնդիրներն, ու մինչեւ այսօր հանրությունը սպասում է այդ զեկույցի հրապարակմանը, մի իշխանություն, որը  հատուկ հանձնաժողով ստեղծեց  խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերով, եւ դրա նախագահը դարձավ գլխավոր դատախազ, ու մինչեւ այսօր էդ ծնողները փողոցում կանգնած են, այդպիսի մի մեծ շարք գործերի, որոնք ավելի հստակ ու պարզ էին, ավելի շատ հնարավորություն կար ու իրատեսական էր էդ խնդիրը լուծելը, չի արել, այս իշխանությունը ո՞նց կարող է իր մտավոր ունակություններով, ցանկություններով ընդհանրապես որեւէ բան քննել»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ որի՝ Հանրային խորհուրդը կձեւավորի փաստահավաք հանձնաժողով, որը կզբաղվի 1991-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերի եւ իրադարձությունների, մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա ասաց՝ այս իշխանությանը միայն մի բան է կարելի մաղթել՝ շուտափույթ հեռացում, որպեսզի նաեւ ապագա քննությունների ժամանակ քննարկվեն այս իշխանությունների գործողությունները՝ ներառյալ պատերազմը, պատերազմից առաջ եւ հետո ժամանակաշրջանները։

Մեր այն դիտարկմանը՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակում ստեղծված ռազմավարությամբ նախատեսված էր, որ փաստահավաք խումբը քննելու է նաեւ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը, ինչը չարվեց, եւ հիմա այս հանձնաժողովը Հանրային խորհրդի կազմում ձեւավորելը չի՞ նշանակում արդյոք, որ դրանով փակվում է այդ գործերը վերաբացելու հնարավորությունը, իրավապաշտպանն այսպես արձագանքեց. «Այն ձեւաչափը, որը ժամանակին առաջարկվեց վարչապետի կողմից, վարչապետին կից ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեին երեք իրավաբաններ վարչապետի առաջադրմամբ եւ երեք իրավաբան ծնողների ընտրությամբ, ավելի լավ տարբերակ քննելու այս  գործերը, դժվար կլիներ պատկերացնելը։ Խումբը հասկացավ, որ որեւէ գործողություն չի իրականացվում, քրեական գործերը տապալվում են, ուստի ստիպված էին հրապարակել հարյուրից ավելի մարդկանց անուն-ազգանուններ, որոնք ներգրավված են եղել էդ հանցագործությունների կոծկման, ապացույցների ոչնչացման եւ նման այլ հանցագործությունների մեջ։ Այս ցուցակի մի զգալի մասը Նիկոլ Փաշինյանի թիմում բարձրագույն պաշտոններ է զբաղեցնում եւ ոչ միայն զբաղեցնում են, այլ ԱԺ-ն բացառապես Նիկոլ Փաշինյանի թիմի ձայներով ընտրել է այս մարդկանց բարձրագույն պաշտոնների։ Հիմա ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի՞ կամ ի վիճակի՞ է նման բարդության խնդիրներ լուծել։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ի վիճակի չեն նման գործողություններ անել։ Նման ցանկությունը, ամենակարեւորը, չունեն, ու սա ընդամենը հերթական արտահերթ ընտրությունների նախապատրաստական փուլն է։ Իրենք սկսել են պատրաստվել, որ հակառակ կողմը չկարողանա ասել, թե դուք ոչինչ չեք արել ձեր ռազմավարություններից, խոստումներից, սկսել են այս խոստումների ձեւական արտաքին փաթեթավորումները, գործողությունների իմիտացիա ստեղծել։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմի որեւէ գործողություն մինչեւ այս պահն իրական արդյունք չի տվել՝ սկսած կոռուպցիոն ոլորտից, վերջացրած անվտանգություն. բոլորն իմիտացիա են՝ կարմիր բանտիկով փաթեթավորված»։

Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ փորձագետները նշում են՝ լավ մշակված ռազմավարություն, այլ փաստաթղթեր կան, բայց իրավակիրառ պրակտիկայում բարեփոխումները կարծես շարքային քաղաքացիների կողքով են անցնում, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ի սկզբանե նման ցանկություն ու մտադրություն այս իշխանությունը չի ունեցել, որովհետեւ ունենալ ռազմավարություն կամ բավարար օրենսդրական դաշտ, դա միայն գեղեցիկ փաթեթավորումն է։ Եթե դու ունես ցանկություն, դու տարբերակներ ես փնտրում՝ ինչպես կարելի է դա անել։ Երբ դու նման ցանկություն չունես, դու սկսում ես փնտրել, թե ինչն է քեզ խանգարել ինչ-որ գործընթացներ իրականացնել։ Էս իշխանություններին մեկ քովիդն էր խանգարում, մեկ պատերազմը խանգարեց, մեկ պատերազմից հետո իրավիճակը խանգարեց, մեկ ներքաղաքական իրադարձությունները խանգարեցին, մեկ հարձակումը Ջերմուկի ուղղութամբ խանգարեց, հազար ու մի բան. մեկ ժողովուրդն է խանգարում, մեկ ընդդիմութունն է խանգարում։ Իրենց բոլորը խանգարում են»։ Ըստ իրավապաշտպանի՝ ի սկզբանե չի եղել նման նպատակ, եւ մեր հասարակությունն ուղղակի հոգնել ու հիասթափվել է այն ամենից, հատկապես այս իշխանություններից, ու որեւէ պահանջ չի էլ ուզում անգամ ներկայացնել. բոլորն անհամբեր սպասում են, թե երբ են նրանք հեռանալու իշխանությունից։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ մյուս պատճառն այն է, որ միջազգային գործընկերների մի մասը հիանում է իրենց օգնությամբ գրված լավ ռազմավարություններով, բայց չի նայում, թե դրանց տակ ինչ կա ու ինչքանով է դա իրականացվում. «Հայտարարել են, որ ունեն հակակոռուպցիոն համակարգ, այնինչ այդ համակարգում ներգրավված մարդիկ ավելի կործանարար են, քան այն, ինչ մենք ունեինք։ Առանց այդ ռազմավարության էլ մենք կարող էինք գնալ առաջ, եթե նման նպատակ լիներ՝ այդ թվում նաեւ դոնորների որոշ մասի պատասխանատվության բաժինը կա, որոնք ծափահարում են, թե մարդիկ ինչքան բան են արել։ Այնինչ իրական կյանքում՝ ՀՀ  հասարակությունը պրոդուկտ չունի այսքան ծախսված գումարների եւ ժամանակի դիմաց։ Իհարկե, անմասն չէ քաղհասարակությունը, որի մի մասը լռում է, քանի որ հարաբերությունները չի ուզում փչացնել դոնորների եւ իշխանության հետ, մյուս մասն ուղիղ իմաստով դարձել է իշխանությունների քարոզչամեքենան, դրանով ապահովում է իր բարեկեցիկ կյանքը, մի մասն էլ մնացել է մի քանի հոգի, որոնք անընդհատ խոսում են խնդիրների մասին ու դարձել են մարգինալ։ Սա է մեր  իրականությունը։ Դա է պատճառը, որ մենք առաջընթաց չենք ունենում։ Բայց մեր հասարակությունը խտացված տեսավ այն բոլոր խնդիրները, որոնց մասին երկար խոսում էինք՝ իշխանության՝ ցանկություն չունենալու հետեւանքները, քաղհասարակության իրական պատկերը, շատերի դիմակը պատռվեց, հետեւաբար հասարակությունն արդեն բավականին լավ պատկերացում ունի եւ արդեն հոգեբանորեն պատրաստ է փոփոխություններ անելու, ուղղակի դեռ չի լսել այն առաջարկը, որը հնարավորություն կտա գնալ փոփոխությունների, սատարելու այդ ընթացքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30