Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

Սեպտեմբեր 05,2024 23:03

Աերոդինամիկ խողովակ, աերոտիեզերական սարքեր, միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների արտադրության հավակնոտ պլաններ․ Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը:

Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու գաղափարները:

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ԲՏԱ նախարարության հետ համագործակցության արդյունքում ստեղծված աերոտիեզերական ոլորտի զարգացմանը նպաստող ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիային, որը ներառում է «Մաքուր սենյակ» լաբորատորիան, նանոլիտոգրաֆիկ համակարգը, ԱԹՍ֊ների և այլ թռչող սարքերի համար նախատեսված աերոդինամիկ խողովակը, աերոտիեզերական սարքերի և կոմպոնենտների թեստավորման այլ լաբորատոր սաքերը:

Նախարարին ներկայացվել է նաև «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որի նպատակն է ստեղծել ամուր հիմքեր հայկական տիեզերական արդյունաբերության համար՝ այդ շրջանակում, ճանապարհային քարտեզում ծրագրվում է կառուցել թվով չորս առանցքային գործարան, որոնցից մեկը կիսահաղորդչային կոմպոնենտների և միկրոէլեկտրոնիկայի արտադրության լաբորատորիա-գործարանն է: Ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել լաբորատորիա-գործարանի հավակնոտ ծրագրերը: Երկուստեք հաստատել են Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը. նախարարն իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աերոտիեզերական ինժեներության ոչ ֆորմալ կրթական ծրագրին, որի միջոցով խնդիր է դրված լուծելու Հայաստանում աերոտիեզերական ոլորտում մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը: Հիմնադրամի միջոցով երիտասարդների համար կազմակերպվում և իրականացվում են աերոտիեզերական ինժեներության անվճար դասընթացներ, որոնք ոչ միայն միտված են երիտասարդներին կապելու աերոտիեզերական ոլորտի հետ, այլ նաև՝ վերապրոֆիլավորելով այլ մասնագետների, խթանելու նրանց գործունեությունն այս ոլորտում: Հիմնադրամի շնորհիվ շուրջ 850 շրջանավարտ ստացել է տարբեր մասնագիտություններ՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, աերոտիեզերական ինժեներություն, էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա:

Նախարար Հայրապետյանը, իր հերթին, կարևորելով Հայաստանում աերոտիեզերական արդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ոլորտի զարգացմանն օժանդակելու գործում, ներկայացրել է նախարարության կողմից ներդրված բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանը նպաստելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Որպես սփյուռքի նախարար, այս երիտասարդն արել է ամեն ինչ՝ սփյուռքի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Իհարկե, նա դա արել է իրենից անկախ, քանի որ իրենից ո՛չ այդ պաշտոնում, ո՛չ էլ այստեղ ոչ մի բան կախված չէ՝ մասնագիտական ամլության և մարդկային արժանիքների բացակայության պատճառով։ Ցավով եմ ասում, բայց իր այցելություններով Մխիթար Հայրապետյանը միայն կարող է ստվեր գցել նույնիսկ ամենաազնիվ ձեռնարկի վրա։ Ես միայն կարող եմ պատկերացնել, թե ինչ զգացմունքներ է ունեցել «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր պրն․ Մհեր Մեհրաբյանը այս դուրսպրծուկի ձեռքը սեղմելիս։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30