Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները իրենց կայքերում ու սոցցանցերում սկսել են ակտիվորեն շրջանառել Հայաստանի նոր քարտեզը, որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր կլինի «խաղաղության պայմանագիր» կնքել մի երկրի հետ, որը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ և բացահայտ ի ցույց է դնում։
«Խաղաղության մասին խոսում ենք միայն մենք, մինչդեռ այն սուբյեկտը, որի հետ մենք ցանկանում ենք, տենչում ենք կամ մուրում ենք, որ ինքը մեզ հետ խաղաղություն հաստատի, իրականում նպատակ չունի խաղաղություն հաստատելու, և ամեն ինչ անում է, որ եթե նույնիսկ պայմանագիր էլ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա դա ամբողջությամբ բխի միայն իր պետական և ազգային շահերից։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում պետք է նշենք, որ Ադրբեջանը իր ցանկությունների պահով շատ անկեղծ է մեզ հետ, այլ հարց է, թե հայաստանյան հասարակությունն ինչպես է ընկալում Ադրբեջանից հնչող մեսիջները։ Իհարկե, դա բացարձակապես պաշտոնական Բաքվին չի հետաքրքրում, որովհետև Բաքուն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում ունի դաշնակից, որի գլխավոր նպատակն է ամեն ձևաչափով խաբել հայ հանրությանը, թմրեցնել տալ զգոնությունը և վերջում կանգնեցնել աղետալի փաստի առաջ», -ասում է Գագիկ Համբարյանը։
Նրա մեկնաբանմամբ՝ պաշտոնական Բաքուն, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բացահայտ ցույց է տալիս, որ ունի պլան Ա և Բ։
«Պլան Ա-ն նվազագույնն է, երբ որ Բաքուն ցանկանում է վերականգնել իր վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության այն տարածքների, և իհարկե մինչև 2023 թվականը նաև Արցախի նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնական Բաքվի, եղել են 1918-20 թվականների գոյություն ունեցած Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության կազմում։
Իհարկե, դա Բաքվի տարածած կեղծիքն է, որ դրանք եղել են իրենցը։
Իսկ պլան Բ-ն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դա Արևմտյան Ադրբեջան է և վերջ»։
Գագիկ Համբարյանի ասելով՝ Նիկոլ Փաշինյանն, իր վերջին մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի Սահմանադրությանը, որը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ, անհասկանալիորեն հայտարարել է, որ Հայաստանը չի պահանջում Բաքվից փոխել իրենց Սահմանադրությունը։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված Անկախության հռչակագրի համաձայն, Ադրբեջանը, իրեն հռչակելով 1918-20 թվականների Ժողովրդական Ադրբեջանի ժառանգորդ, ներառել է Հայաստանի Հանրապետության բավականին մեծ տարածքներ, ինչպես նաև Արցախը։
Մեր զրուցակցի ասելով՝ Ադրբեջանն, առաջնորդվելով այդ սկզբունքով, այժմ բավական ակտիվ այդ թեզն առաջ է տանում։
Քաղաքագետը մեզ ցույց տվեց Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության քարտեզը, որի մեջ ներառված է ամբողջ Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը՝ Սևանա լճով, Վայոց Ձորը, ողջ Սյունիքը, Արցախը, ինչպես նաև Նախիջևանը, որն այժմ իրենց վերահսկողության տակ է։
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական մամուլում ի հայտ եկած նոր քարտեզներում նույն պահանջներ են։ Դրանք գրեթե հնի կրկնությունն են, Տավուշի մարզի արևելքը՝ Կիրանցով, Սևանա լճի արևելյան մասը, Վարդենիսը՝ Վարդենիկով, Վայոց Ձորն ու Սյունիքի մարզերն ամբողջությամբ ներառված են Ադրբեջանի կազմում։
« Զավեշտ է էլի, մարդը գնում է Կիրանց, խոստումներ է տալիս, երբ այդ նույն Կիրանցը ադրբեջանցիները իրենց տարածքի մեջ են տեղադրել»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, Ադրբեջանն առաջին անգամ պաշտոնական մակարդակով նման քարտեզ հրապարակեց 2020 թվականի պատերազմից առաջ։
Քաղաքագետը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի սրահներից մեկը, որի պատին փակցված է այդ նույն քարտեզը։
2023 թվականի փետրվարին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այցելելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական զորամասեր, լուսանկարվել է քարտեզի ֆոնին, որտեղ նույն տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ։
«Սա նշանակում է՝ Ադրբեջանի գրեթե բոլոր զորամասերում այս քարտեզներն են փակցված։ Ես չգիտեմ՝ մեր հասարակությունն ինչ է մտածում, բայց բարեկամություն պետք է անել մեկի հետ, ով ցանկանում է քո հետ բարեկամություն անել։ Տպավորություն է ստեղծվում, թե այն մարդիկ, ովքեր քննադատում են Նիկոլին, կռվարար են և պատերազմի հրձիգներ են, հարց է առաջանում՝ ինչ գնով ենք փորձում մենք խաղաղություն հաստատել մեկի հետ, որի ղեկավարը առավոտից իրիկուն մեզ անվանում է թշնամի, Հայաստանն էլ թշնամական պետություն։ Ադրբեջանի պաշտոնյաները հայոց լեզուն անվանում են շան լեզու։
Հետաքրքիր է ՝ Նիկոլ Փաշինյանն այս քարտեզները չի՞ տեսել, սրանից ավելի վտանգավոր բովանդակությամբ քարտեզներ կա՞ն, առավոտից երեկո ադրբեջանցի երիտասարդներն այս քարտեզներով են ապրում»։
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ