ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։
Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի հարթակի նույն հասցեն՝ migration.e-gov.am -ը։ Փոփոխությունները կվերաբերեն բացառապես հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությանն ու տրամաբանությանը։
Տեղեկացնենք, որ 2023 թ. մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում են էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։
Ուշադրություն. նոր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին կուղարկվեն ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։
Տեղեկացնում ենք նաև, որ համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն