Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզերի թագակիր դաջվածքը, գաստրոնոմիկ ավանդույթներն ու Մարկոս Տերենտիոս Վառոյի երկը

Սեպտեմբեր 05,2024 21:00

Իտալիան բացի հոյակերտ ճարտարապետությունից, օպերաներից ու նորաձեւությունից ասոցացվում է նաեւ համեղ սննդի հետ: Սննդի հանդեպ վերաբերմունքը Իտալիայում արվեստային է, անգամ պաշտամունքային: Գաստրոնոմիկ ավանդույթներ ունեցող այս երկրում այլ կերպ հնարավոր չէ: Իտալիայիով հետաքրքրված զբոսաշրջիկների մեծ մասը հաստատ ցանկություն կունենա այցելել տեղական պանրի, պրոշուտոյի արտադրամաս կամ գինու գործարան:

Հայաստանցի զբոսաշրջիկների մի խմբով այցելելեինք Իտալիայի հյուսիսում՝ Պարմայում ապրող ընտանիքի, որը պրոշուտոյի արտադրամաս ուներ: Ի դեպ, Պարման հայտնի է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաստորոնոմիկ կենտրոն: Արտադրամասի տերը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Prosciutto di Parma-ն, ինչպես են այն պատրաստում, ինչպես են համապատասխան մասնագետները որակի նշան տալիս իրենց արտադրանքին, որը ոչ այլ ինչ է, քան դաջվածք ապխտած մսի վրա: Այդ դաջվածքը պատկերում է Պարմայի դքսության հնգածայր թագը: Պրոշուտոյի արտադրությամբ զբաղվող իտալացին այս առումով նույնիսկ կատակեց, թե խոզերը մարդկանցից ավելի շուտ են դաջվածք ունեցել:

Նաեւ ասաց, որ բիզնեսը ժառանգել է ծնողներից, զարգացրել ու ընդարձակել տիկնոջ հետ, ափսոսանք հայտնեց, որ զավակներն այլ ուղի են ընտրել:

Ասում են՝ պրոշուտոյի պատրաստման տեխնոլոգիային առաջն անգամ անդրադարձել է հռոմեացի մշակութային եւ պետական գործիչ, գրող Մարկոս Տերենտիոս Վառոն մթա 1-ին դարում՝ իր «Գյուղատնտեսության մասին» երկում, որից ընդամենը պատառիկներ են պահպանվել ու փոխանցվել:

Ինչ վերաբերվում է հատկապես Պարմայի պրոշուտոյին, այն տարբերվում է եւ իր որակով եւ նուրբ քաղցր համով՝ այլ շրջաններում պատրաստված պրոշուտոներից, որովհետեւ Պարմայի պրոշուտոյի հումքը հենց Պարմայում աճեցված հատուկ ցեղատեսակի խոզի միսն է, նաեւ այս պրոշուտոյի դեպքում բացի աղից այլ համեմունք չի օգտագործվում:

Պրոշուտոն Իտալիայում ընդունված է մատուցել հատկապես սեխով, չնայած երբեմն այլ կերպ էլ է մատուցվում: Իտալացիները սննդային հստակ ավանդույթներ ունեն, որոնցից որոշները խախտելը ընկալվում է իբրեւ վիրավորանք կամ խայտառակություն: Օրինակ նրանք չեն ների, եթե երեկոյան կապուչինո պատվիրես, կամ ասենք պիցցան ուտես կետչուպով: Դա նույնն է, որ հայկական խորովածն ուտես թզի ջեմով կամ քյաբաբը՝ շոկոլադով: Իհարկե, զբոսաշրջիկների կողմից շատ այցելվող վայրերում որոշ ավանդույթներ վաղուց խախտվել են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30