«Աշոտյանին կալանավորել է Նիկոլը, Նիկոլն է պահում։ Այդ հարցը էս դատարանի տիրույթում չէ։ Ինչո՞ւ է կալանավորել, էդ հարցը պետք է ուղղել իրեն»,- դիտարկմանը՝ վկայի հարցաքննությունից էլ է պարզ դառնում, որ Արմեն Աշոտյանը կապ չունի այդ գործարքի հետ, հետևաբար ինչո՞ւ է շարունակում մնալ անազատության մեջ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ ինքը որևէ կերպ չի մասնակցում հարցաքննությանը․ «Իրենք հայտարարել են, որ առանցքային վկան է, իբր իր վրա ազդելու պատճառով է Արմեն Աշոտյանը կալանքի տակ, որ տպավորություն չլինի՝ մենք մի բառից, պատասխանից կարող ենք վախենալ։ Խնդիրն այն է, որ Կարեն Ակոպյանը չունի որևէ տվյալ, քանի որ առհասարակ այդ տվյալները գոյություն չունեն։ Կարող է Կարեն Ակոպյանը փորձի սուտ խոսել, բայց դա շատ արագ կպարզվի, որ սուտ է։ Ութ-ինը նիստ հարցաքննում, տանջում են, մի նախադասություն հօգուտ մեղադրանքի չեն գտել։ Կարեն Ակոպյանն ասում է այն, ինչ ասում է, պաշտպանում է միայն իրեն։ Այնպես չէ, որ փորձում է Արմեն Աշոտյանի օգտին խոսել։ Թող տանջվեն, հարցաքննեն, վեցը նիստ էլ հարցաքննեն։ Իմ մոտեցումը սա է»։
Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ամսի 15-ին հարցաքննության ժամկետը լրանում է․ «Ըստ երևույթին հաջորդ դատական նիստին պետք է անդրադարձ լինի։ Նորից եմ ասում՝ Արմեն Աշոտյանին կալանավորել է Նիկոլը, թողելու է Նիկոլը, ցավոք, Նիկոլին քցելուց հետո մյուս իշխանությունը կթողներ։ Այս երկու տարբերակն ունի Արմենն ազատվելու․ դատավոր Դոլմազյանը կամ մյուս դատավորներն այդ ամենի հետ կապ չունեն և չեն կարող ունենալ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ