ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե որոշակի տարածքներում իրականացվում է սահմանազատում եւ դրա արդյունքում Բաքուն ստանում է իր ակնկալած հատվածները, ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ Կիրանցում մենք չենք ստացել մեր ակնկալած հատվածները: Մենք ստացել ենք չեզոք գոտու մեր հատվածը: Առաջ, որ այնտեղ մարդ չէր կարող մտնել, հիմա կարող է մտնել: Դուք դա չեք լսե՞լ: Առաջ այնտեղ ականապատված դաշտ էր, մարդը չէր կարող այնտեղ մտնել: Հիմա դա գտնվում է գծից այս կողմ, ոչ թե գտնվում է գծից այն կողմ՝ չեզոք գոտում, այլ գծից այս կողմ: Բնականաբար, որոշ բաներ էլ գտնվում են գծից այն կողմ: Որովհետեւ ոչ թե մեծ, հաստ, չեզոք գոտի է հանդիսանում շփման գիծ, այլ մի բարակ գծով գնացող սահման է, փշալար, որից անմիջապես այն կողմ այն մյուս պետությունն է, անմիջապես այս կողմ՝ էս մի պետությունը: Հետեւաբար, էս մի պետության քաղաքացին մինչեւ այդ փշալարեր, կամ դրան մոտ կարողանում է գնալ՝ առանց մտածելու, որ ականների վրա կմնա»:
Դիտարկմանը, թե հայտարարվել էր, որ սահմանազատման համատեղ գործունեության կանոնակարգը պետք է սինքրոն հրապարակվի, բայց Ադրբեջանը դեռեւս չի հրապարակել, ինչո՞ւ, պայմանավորվածությո՞ւն է ըստ էության խախտվել, Արման Եղոյանը արձագանքեց. «Այդ հարցով Հայաստանի Հանրապետությունը ունի բանակցող: խնդրում եմ աշխատանքային հարցերի վերաբերյալ դիմեք իրենց էլի»: Իսկ հարցին, թե պե՞տք է ԱԳՆ-ն դիմի, կամ ինքը տեղյա՞կ է՝ դիմե՞լ է՝ հասկանալու համար, թե Բաքուն ինչի չի հրապարակել, պատասխանեց. «Դուք հիմա ինձ տալիս եք հարց, որի պատասխանը ինֆորմացիա է: Այդ ինֆորմացիային տիրապետողին դիմեք, խնդրում եմ: Այդ հարցին պատասխանելու համար ես պիտի անեմ նույն գործողությունը, որը դուք պիտի անեք. պիտի ճշտեմ ԱԳՆ-ից, ինչը դեռ չեմ ճշտել»:
Արման Եղոյանին միաժամանակ հրապարակելու պայմանավորվածության խախտումը, կարծես այնքան էլ չի անհանգստացնում: «Հերթով ամեն ինչ արվում է: Ուշացում էլ եղավ: Հիշում եք, փաստաթուղթը մոտ երկու ամիս ուշացումով համաձայնեցվեց: Հերթով առաջ է գնում: Իհարկե, խնդիրներ կան եւ խնդիրները աշխատում ենք լուծել: Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ»,-ասաց պատգամավորը:
Իսկ Ադրբեջանի՝ շարունակվող ապատեղեկատվության նպատակի մասին, թե իբր, Հայաստանի ԶՈՒ-ն կրակ է բացում իրենց ուղղությամբ ասաց. «Ադրբեջանը նպատակ է հետապնդում՝ ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որեւէ ագրեսիվ գործողության համար, եթե նման քաղաքական որոշում իրենք ունենան: Խաղաղության պայմանագրի բանակցության ֆոնին դա տեսականորեն հնարավոր է»:
Կարդացեք նաև
Հարց հնչեց, թե այստեղ հրապարակված համատեղ կանոնակարգում հղում կար, որ գործընթացում առաջնորդվելու են Ալմաթիի հռչակագրով: Իսկ եթե խաղաղության պայմանագրում ֆիքսվի այլ սկզբունք, ապա այն կհամապատասխանեցնեն խաղաղության պայմանագրին: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սկզբունք կարող է քննարկվել խաղաղության պայմանագրում, որ սա համաձայնեցվի նրան:
«Եթե ոչ մի սկզբունք չքննարկվի, ուրեմն ոչ մի սկզբունք էլ չի ընդունվի, ուրեմն կմնա Ալմաթիի հռչակագիրը: Մեր շահերից բխում է Ալմաթիի հռչակագրի ֆիքսումը, ինչն էլ որ արել ենք: Իսկ որեւէ այլ սկզբունքի ֆիքսում կարող է տեղի ունենալ էլի կողմերի համաձայնությամբ, այսինքն, նաեւ Հայաստանի համաձայնությամբ:
Դա Բաքո՞ւն է առաջարկել հարցին Արման Եղոյանը պատասխանեց. «Խնդրում եմ, ակնհայտ հարցեր մի տվեք ինձ: Հարցեր, որոնց պատասխանները ակնհայտ են: Դա աշխատակարգային նրբություն է, որը ակնհայտ է, բայց, այնուամենայնիվ, աշխատակարգային է: Ճիշտ չի լինի չէ՞, որ ես բանակցային սեղանի բովանդակությունը ընթացառեժիմով պատմեմ»:
Արման Եղոյանը նշեց, որ Ադրբեջանը բոլոր հարթակներում ամեն ինչ անում է Ալմաթիի հռչակագրից խուսափելու համար: «Ու զարմանալիորեն դա անում են նաեւ մեր ընդդիմադիրները Հայաստանում: Դա շատ հետաքրքիր է, ի դեպ: Ինչի՞ պիտի այդպես լինի: Եթե նրանց ձեռնտու չի, պիտի որ մեզ ձեռնտու լիներ, որովհետեւ Ալմաթիի հռչակագիրը ֆիքսում էր Սովետական Միության փլուզման պահին եղած սահմանները: Ու ենթադրում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ սահման ֆիքսել, իսկ մենք ցանկանում ենք Սովետական Միության փլուզման պահին եղած սահմանները ֆիքսել»,-ասաց Արման Եղոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ