Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա»

Սեպտեմբեր 05,2024 17:53

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը հետեւյալը նշեց. «Մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը մենք բողոքարկել էինք, ապրիլին վճռի մեջ գրվեց, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության ընդունեց եւ մեզ արդարացրեց: Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն:

Այսինքն` անցյալ տարի սեպտեմբերին գործը կարճվել է առաջին ատյանի դատարանի կողմից, Վերաքննիչում մեր բողոքի հիման վրա արդարացվել ենք, խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա: Ես պետք է գնայի հանգստանալու, սակայն օդանավակայանում մարդիկ ասել են, որ խափանման միջոցի խնդիր կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

«Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ սա միայն անփութության արդյո՞ւնք է , թե նաեւ միտում է տեսնում: «Ես կարծում եմ՝ ընդհանուր բարդակը կա, բայց վստահ եմ, որ մեր գործերով նաեւ հատուկ միտում կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

Ինչ վերաբերվում է հայտնի գործին, հիշեցնենք, որ 10 հոգու մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն: Բագրատ Եսայանն ասել էր, որ չի վանկարկել այդ արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ համաձայն չէ դրա հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30