Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա արդեն էմոցիոնալ ճնշում է»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Դանիել Իոաննիսյանին

Սեպտեմբեր 05,2024 17:03

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի խորհրդի նիստն այսօր սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով եւ 30 րոպեից ավել քննարկվում էր օրակարգի հաստատման հարցը։ Քաղհասարակության ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը եւ Արթուր Սաքունցն առաջարկում էին Սահմանադրության բարեփոխումների նախագծից հանել կայուն մեծամասնության ընտրական սկզբունքը եւ այդ հարցն առանձին ուղարկել ԱԺ՝ հնարավորություն տալով ԱԺ-ին Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել՝ փոխելով հենց կայուն մեծամասնության դրույթին վերաբերվող հարցը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հակադրվում էր՝ ասելով, որ Խորհրդի որոշում պետք է լինի՝ կայուն մեծամասնության հայեցակարգը փոխելու մասին, ապա պետք է դիմել կառավարություն՝ համաձայնության համար։

Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց՝ ընտրությունները ունենալու ենք մինչեւ հանրաքվե։ Իսկ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է 2027 թվականին։

Կայուն մեծամասնության դրույթի արդյունքը, ըստ Արթուր Սաքունցի, միակուսակցական կառավարման կոնցեպտն է։

Գրիգոր Մինասյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեմ էին քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկին։ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ կայուն մեծամասնության հարցը քննարկվել է, բայց հիմա բերվել է բովանդակային առաջարկ՝ ասվում է՝ քննարկենք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ի վերջո, օրակարգը հաստատվեց եւ Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց իր առաջարկը։ Ըստ նրա, կայուն մեծամասնության սկզբունքն ունի մի քանի խնդիրներ․

– հակասում է պառլամենտարիզմի էությանը, բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է,

– ձևավորվում է խորհրդարան, որը համամասնորեն չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի կարծիքները, գործում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը,

– քաղաքական ուժերը մոտիվացված չեն լինում պայմանավորվելու և երկխոսելու,

– քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխվում է փողոց, քանի որ խորհրդարանը դադարում է լինել հանրության համամասնորեն խտացված ներկայացուցչական մարմինը:

Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար, Դանիել Իոաննիսյանն առաջարկում է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, Հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։

«Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթների և կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ⅔-ի ձայներով»,- ասաց նա՝ հավելելով որ կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմը արդեն հանված լինի:

Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ կայուն մեծամասնության դրույթը Մուսոլինին է ներմուծել՝ խոստումներ տալով իր ժողովրդին ու ձախողելով, իսկ 2016-ին, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն «փաթաթեցին մեր վզին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ այս փոփոխությունից հետո, ԱԺ-ն կրկի՞ն պետք է հարաբերական՝ 101 թիվն ունենա, թե՞ ֆիքսած թիվ պետք է ունենանք․ «Սա հանրաքվեով փոփոխություն է արդեն»։

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, Դանիել Իոաննիսյանն էմոցիոնալ ճնշում է գործադրում․ «Մուսոլինիի անունն եք տալիս, օլիմպիական կրակը առաջին անգամ վառվել է Բեռլինում, Հիտլերի կողմից»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ի վերջո, որոշում կայացվեց հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30