Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկրոավտոբուսների համար պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել՝ միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»

Սեպտեմբեր 05,2024 16:41

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը՝ հնարավորություն տալով անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին ներկրել նոր արտադրության ավտոտրանսպորտային միջոցներ։ Արդյունքում՝ հնարավոր կլինի խթանել կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավված տրանսպորտային պարկի թարմացումը, ինչը կբարձրացնի այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստի նոր, էկոլոգիական ավելի բարձր ստանդարտներին համապատասխանող և անվտանգություն ժամանակակից պահանջներին բավարարող միկրոավտոբուսների պարկերի թարմացմանը։

Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նշել. «Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին, օպերատորներին տալ հնարավորություն մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Հաշվի առնելով, որ գործող մեթոդը իրեն չի արդարացնում. իսկ գործող մեթոդը հետևյալն է՝ մեկ ուղղությամբ՝ մեկ օպերատոր, մենք փորձում ենք կամ ամբողջ մարզը կամ մարզը բաժանել 2 երկու մասի, ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը»:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխությամբ հնարավորություն կտրվի այն ընկերություններին, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, հետագայում դիմել էկոնոմիկայի նախարարություն և որպես գերակա ուղղություն օգտվել այդ արտոնությունից՝ ազատվել մաքսատուրքից:

Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գերակա ուղղություններում ներդրումային ծրագրի շրջանակում որոշ սարքեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ ազատվում են ներմուծման մաքսային տուրքերից: Այնպես է ստացվել, որ մեր այս ցանկում, մասնավորապես, միկրոավտոբուսները, ավտոբուսները, ընդ որում՝ և ներքին այրման շարժիչով, և էլեկտրական շարժիչով, ներառված չեն: Եվ հիմա, երբ մենք մարզային, միջմարզային տրանսպորտային մրցույթներ ենք հայտարարում, մրցույթները կամ չեն կայանում, կամ խնդիրներ են առաջանում: Այդտեղ մենաշնորհացման որոշակի վտանգներ և պրոբլեմներ ենք տեսնում և հիմա ուզում ենք նաև այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները՝ ասելով, որ, օրինակ, միկրոավտոբուսների համար պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել՝ միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան:  

Կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է, որովհետև սա էլ է այն որոշումներից, որն իրական կյանքից թելադրված է: Շատ գյուղերում, համայնքներում անընդհատ այդ պրոբլեմը բարձրացնում են, որ տրանսպորտի խնդիր կա, միայն տաքսի է, հանրային տրանսպորտ չկա և այլն: Խոսքն իհարկե, վճարովի տրանսպորտի մասին է: Հիմա հույս ունենք, որ այս որոշմամբ մենք կկարողանանք իսկապես հետաքրքրությունը ոլորտում մեծացնել, որովհետև այդ մաքսատուրքերը փոքր չեն, և ներդրումային ծրագրի շահութաբերության վրա իրենց լինելը կամ չլինելն էական, շոշափելի ազդեցություն կարող է ունենալ»:

Կրթաթոշակներ կտրամադրվեն ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարվա ցանկում ընդգրկել են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, նախատեսվում է այս տարվանից ներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք նույնպես պետության համար առաջնային նշանակություն ունեն: Որոշմամբ առաջարկվում է այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները: Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է խթանել այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը:

 

Արդյունքում, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային այս մասնագիտություններով սովորողներին՝ ըստ առաջադիմության: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դա կնպաստի, որպեսզի այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Որոշումը կտարածվի 2024/2025 ուստարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով բուհ են ընդունվել 220 ուսանող, որոնցից 59 բակալավրի, իսկ 161-ը մագիստրոսի կրթական ծրագրով:

 

Նախարարը հայտնել է նաև, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, մասնավորապես՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բխում է իրական կյանքից, և որի անհրաժեշտությունը նկատել է տարբեր մարզերում՝ հանդիպումների և շփումների արդյունքում: Վարչապետն ընդգծել է՝ հանրապետությունում իրականացվում են գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրեր, որոնց արդյունքն ակնհայտ է. հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են ստեղծվում, հիմնադրվում: Նշվել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի. մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին: «Հիմա նաև այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ: Հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է. վարչապետն անդրադարձել է խնդրին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցին և նշել, որ այն գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է: «Ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա»,-ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը և ճիշտ բաշխումը պետք է լինի Կառավարության ռազմավարական նպատակը. «Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը պետք է շատ էականորեն զարգացնենք և գուցե, որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա անելիքները ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է: «Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Սևանա լիճը 21 սմ նախորդ տարվա համեմատ ավելի է, երեկ Հերհերի ջրամբարը լեփլեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված, բայց մենք չգիտենք, թե հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք երաշտի շրջաններ և շատ հնարավոր է, որ ցիկլ է ձևավորվում, մի քանի տարի չոր, մի տարի ջրառատ։ Սա էլ պետք է մենք հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս հարցերում»,-ասել է վարչապետը:

Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացումը. հատկացվել է 3.4 մլրդ դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 2.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Վարչապետը ներկայացրել է հիմնանորոգվող ճանապարհների ցանկը և ընդգծել՝ հիմնանորոգումների ժամանակ ինչ-որ ձևերով ապահովել այդ ճանապարհներին նորմալ անցանելիությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև՝ ճանապարհները նախագծելիս, այդ թվում՝ գյուղական, գծանշումները պարտադիր ներառել:

Այսպիսով՝ գումար կհատկացվի Սպիտակից Վանաձոր ավտոճանապարհի 11.93 կմ, Վանաձորից Դիլիջան (Վանաձոր քաղաքի հատված) ավտոճանապարհի 6 կմ, Ջրվեժից Գառնի գնացող ավտոճանապարհի 14.93 կմ հատվածից 2.7 կմ, Մ-5-ից դեպի Մրգաշատ-Ալաշկերտ- գ. Արմավիր ավտոճանապարհի ընդհանուր 4 կմ առանձին հատվածներից 1.3 կմ, Մ-6-Աթան ավտոճանապարհից դեպի – Ահնիձոր 4 կմ, Երևանի Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի ընդհանուր 5.2 կմ հատվածից 2.1 կմ, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի ընդհանուր 5.7 կմ հատվածից 2 կմ, Լոռու մարզի Վանաձոր համայնքի Սանկտ – Պետերբուրգի փողոցի 1.75 կմ հատվածների հիմնանորոգման համար:

Գումար կհատկացվի նաև Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 52-րդ կմ-ում (Ալավերդի քաղաքի սկզբնամաս) գտնող փլուզված հենապատի վերականգման, Նոր Հաճնից դեպի Աբովյան տանող ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի (640 մետր երկարությամբ) կամրջի վերանորոգման, Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Գումար է նախատեսվում մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռք բերման համար՝Քաջարանից դեպի Մեղրի տանող (Մեղրիի լեռնանցք) 1.8 կմ, դեպի Ծաղկաձորի մարզահամալիր տանող ավտոճանապարհից սկիզբ առնող և դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ, Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհից Կոտայքի մարզը Կորեայի ձորով դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհի 1.1 կմ հատվածների հիմնանորոգում, Արարատի մարզի Ոսկետափի տրանսպորտային հանգույցում առկա ուղեանցի տեխնիկական վիճակի հետազննման և դրա արդյունքում առաջարկվող միջոցառումների իրականացում, Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Ավելի քան 186 մլն դրամ է հատկացվել հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Աշտարակից Ուշի տանող ավտոճանապարհի 5.8 կմ, Մասիսի տրանսպորտային հանգույցից Մասիս տանող ավտոճանապարհի 9.5 կմ, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի 5 կմ, Գոշավանքին մոտեցող ավտոճանապարհի 3.9 կմ հատվածների հիմնանորոգում, Ջերմուկի խաչմերուկում ջրահեռացման ապահովման, դեպի Ջերմուկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում փլուզված հատվածի և Կեչուտի ջրամբարի հարակից հատվածում նստվածքային հատվածի վերականգնում, Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ Հրապարակ էստակադայի հիմնանորոգում, Թթուջուրից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում:

 Հավանություն է տրվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծին 

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված այս որոշմանը և նշել. «Հարցը մենք ուղարկում ենք Սահմանադրական դատարան՝ նրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ստուգելու համար: Սահմանադրական դատարանի դրական որոշումը ստանալու պարագայում հարցը կգնա Ազգային ժողով վավերացվելու և այնտեղ, թերևս, ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա: Մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ Կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է: Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային ժողովում, իսկ բացասական դիրքորոշման դեպքում արդեն դա լրիվ ուրիշ պատմություն է: Այնպես որ, այսօր, կարծում եմ՝ քննարկելու անհրաժեշտություն չկար, բայց մյուս կողմից ցանկացա արձանագրել, որ որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք Սահմանադրական դատարանի որոշմանը»:

Ենթակառուցվածքները չպետք է խոչընդոտեն տնտեսական հետագա զարգացմանը. վարչապետ

Վարչապետն այսօրվա Կառավարության նիստին անդրադարձել է մարզային այցերին և բնակիչների կողմից բարձրացրած մի շարք հարցերի, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված: «Արդեն հանձնարարել եմ, առաջիկայում պետք է ինձ մոտ խորհրդակցություն լինի, և ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, և երկրորդը՝ մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, խնդիրը խորանում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում է խնդիրը հնարավորինս արագ լուծելու ծրագիր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հարցը քննարկվել է փոխվարչապետի հետ, աշխատանքներ են տարվել նախարարության հետ. «Մասնավորապես՝ վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Նոր միացող բաժանորդների թվի հետ կապված, եթե պլանավորված էր տասնամյա ներդրումային ծրագրով շուրջ 4 մլն դրամի չափով ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է՝ 26 մլրդ դրամ: Այսինքն՝ այս ուղղությունները, որոնք նոր տնտեսություններ են, նոր գործարաններ կամ նոր սպառողներ են, որոնք միանում են, իրենց վրա մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում, և այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում են ընկերության»:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ գլոբալ առումով իր գնահատականն այն է, որ Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր. «Այս համատեքստում ակնհայտ է, որ ենթակառուցվածքներն այս զարգացման տեմպի հետ խնդիր ունեն, ճեղքվածք կա: Դա վերաբերում է ջրին, ճանապարհներին, էլեկտրական հոսանքին: Կոշտ թափոնների հետ կապված մեր խնդիրը գնալով ահագնանում է: Հարցը պետք է նաև այս համատեքստում դիտարկել, որովհետև այստեղ էլ պլանավորման խնդիր կա, որ ենթակառուցվածքները չպետք է խոչընդոտեն տնտեսական հետագա զարգացմանը, և սա գլոբալ խնդիր է: Քննարկենք, և հստակ պլան է անհրաժեշտ»:

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝ օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս կան անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողներ: Ըստ այդմ, առաջարկվում է աջակցության (ամսական 300.000 դրամ), վճարման ժամկետը երկարաձգել մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ԼՂ ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը ևս երկու ամիս, որի համար կհատկացվի 6.6 մլն դրամ:

Հաստատվել է հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը

Գործադիրը հաստատել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվու է, որ, մասնավորապես՝ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Նախատեսվում է նաև ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը: Համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում: Հիմնավորման համաձայն՝ հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։ ՀՀ-ում ներդրված է ժամանակակից էլեկտրոնային համակարգ, որը ներդաշնակ ինտեգրվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և ծառայում է Հայաստանում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը նպաստում է թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

Օրենսդրական նախաձեռնություններ. ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը: Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: Կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում և հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման և տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների մասով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի հստակեցումն է, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառելն ու ակցիզային հարկով հարկելն է։

Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերի 11-13-ը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 2023 թ նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024 թ. հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 11-13-ը։ Համաժողովին նախատեսվում է ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի և մոտ 10 ներկայացուցիչների, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետների, դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական խոսնակների ու բանախոսների, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի մասնակցություն: Ըստ հիմնավորման՝ համաժողովի կազմակերպումն էապես կնպաստի Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակում որպես գինու զբոսաշրջության ուղղություն դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը, առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին և միտումներին ծանոթանալուն: Կնպաստի նաև ՄԱԿ Զբոսաշրջության անդամ պետությունների հետ գինու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկմանը, կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին ակտիվ մասնակցությանը, համատեղ նոր միջոցառումների կազմակերպմանը։

Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի

Գործադիրն ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: 2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: Ըստ հիմնավորման՝ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում:

Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխության ստորագրման առաջարկությանը: Նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը: Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Կխթանվի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը

Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխում իրականացնել և դրամական խրախուսում տրամադրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի համար: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու համար, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոնների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։ Մասնավորապես՝ Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝ «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։ Հիմնավորման համաձայն՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։

«Լեռնեցիների պարը» քանդակը կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգու տարածք 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով թույլատրվում է տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը: Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը: Ըստ հիմնավորման՝քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանոցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց: Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Այսինքն՝ ներկայումս քանդակը համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ այն տեղադրվել է ի սկզբանե: Ավելին, «Դվին» հյուրանոցի առջև, այն հատվածում, որտեղ այժմ տեղադրված է քանդակը, նախատեսվում են նոր կառուցապատման աշխատանքներ, որոնք անհնար է իրականացնել առանց հուշարձանի նյութական պահպանությունը վտանգելու։ Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսանկյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածքը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30