Արմավիրի մարզի Երասխահուն գյուղից Հայկ Նալբանդյանը 44-օրյա պատերազմի մեկնարկին Երևանում դիպուկահարի վերապատրաստման դասընթացների էր մասնակցում։ Դասընթացը կիսատ մնաց. սեպտեմբերի 28-ին արդեն առաջնագծում էր։ Դիպուկահար Հայկը վիրավորվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից, գնդակն անցել է շնչափողի միջով։ Հայկը մինչև օրս վերականգնվում է վիրավորումից հետո։
Հայկ Նալբանդյանը այն քիչ շահառուներից է, որ հասցրել է մասնակցել «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բոլոր բաղադրիչներին։ Նախ՝ մասնագիտական վերապատրաստման բաղադրիչով անգլերեն է սովորել, ապա SMM դասերի է մասնակցել։ Կողմնորոշման ճամբարի ժամանակ կազմված զարգացման անհատական պլանով էլ ներկայացրել է չրագործության բիզնես ծրագիր, մասնակցել չրագործության վերապատրաստման դասընթացի, ապա հիմնադրամի կողմից ստացել նաև բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորում՝ էլեկտրական չորանոց։
Անգլերենը Հայկին պետք էր որակյալ սոցիալական մեդիա մարքեթինգով զբաղվելու համար։ Այն բիզնեսի զարգացման համար կարևոր գործիք է։ Հիմա գիտելիքների մեծ պաշարով Հայկն ամբողջությամբ նվիրվել է իր բիզնեսին։ Այս տարվա առաջին խմբաքանակն արդեն չորանոցում է։ Նպատակ ունի առաջիկայում ավելացնել թե արտադրական հզորությունը, թե արտադրատեսակները։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» հիմնադրամ