Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանում կանցկացվի «Yerevan Music Week» փառատոն-կոնֆերանսը: «Ինքս բրիտանացի եմ եւ հայրենադարձ Լոնդոնից: Նշեմ, որ Բրիտանական խորհուրդը կաջակցի իրականացնելու այս փառատոն-կոնֆերանսը: Որպես պանելային քննարկման խոսնակ՝ ի թիվս այլոց մեզ կմիանա նաեւ «Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Անի Դավթյանը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Yerevan Music Week»-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:
Բրիտանական խորհրդի hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը հրաշալի եւ եզակի որակեց կայանալիք միջոցառումը, նաեւ հույս հայտնեց, որ այն կդառնա Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը: «Ուրախ եմ, որ Բրիտանական խորհրդի hայաստանյան մասնաճյուղն իր ներդրումնն ունի այս հրաշալի միջոցառման կազմակերպման հարցում: Մենք՝ հանդիսանալով ՄԹ-ի միջազգային փոխմշակութային կազմակերպություն, աշխատում ենք Հայաստանում 2002 թվականից… Բրիտանական խորհուրդը մեծապես կարեւորում է արվեստը, փորձում ենք արվեստի միջոցով ստեղծել աշխարհաճանաչման եւ փոխըմբռնման նոր հարթակներ, ինչը համահունչ է այս միջոցառման առաքելության հետ, որը փորձում է երաժշտության ոլորտում ստեղծել երկխոսության եւ փորձի փոխանակման նոր հնարավորություններ»,-ասաց Բրիտանական խորհրդի hայաստանյան մասնաճյուղի տնօրենը:
«Անչափ կարեւոր են փորձի փոխանակման նախագծերը, որովհետեւ առանց փորձառության շատ դժվար է զարգանում արվեստը եւ առհասարակ երաժշտական ինդուստրիան: Ինքս շատ կարեւոր եմ համարում իմ փորձառությունը, որ գնացի Ալբանիա, ծանոթացա նոր երկրի, նոր մշակույթի, նաեւ «Yerevan Music Week»-ի շնորհիվ այդ մշակույթին Երեւանում տեղի հանդիսատեսը կարող է ծանոթանալ»,-ասաց միջոցառման մասնակիցներից՝ թառահար Միքայել Ոսկանյանը: Նաեւ կոչ արեց ուշադիր լինել թե համերգներին, թե վարպետաց դասերին:
Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ «Yerevan Music Week»-ին կմասնակցի շուրջ 70 երաժիշտ՝ Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ալբանիայից, Վրաստանից եւ այլ երկրներից: Հավելեց, որ կենտրոնանալու են հատկապես Ֆոլք երաժշտության բոլոր ժանրերի վրա՝ ֆոլք ջազից մինչեւ ֆոլք-էլեկտրոնիկ:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, միջոցառման փակմանը բազմաթիվ գործիքներ նվագող Դենիս Մահիր Քարտալը հանդես կգա նաեւ անատոլյան երկացանկով, կկատարի «Քելե-քելեն» իր էլեկտրոնիկ մոտեցմամբ: «Շատ երաժիշտներ հետաքրքրված էին Հայաստանով ու հայկական երաժշտությամբ, սպասում էին առիթի Հայաստան գալու համար: Yerevan Music Week-ի նպատակը հենց մշակութային տուրիզմը զարգացնելն է: Այդքան երաժիշտների գալը նպաստում է, որ Հայաստանը ավելի ճանաչելի եւ տեսանելի լինի տարբեր միջազգային հարթակներում»,-ասաց Հասմիկ Մովսիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ