Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին լրանում է՝ անգամ սգո օր չեն հայտարարել: ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել Արցախի հարցի իրավական ձևաչափը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. «Ապառաժ»

Սեպտեմբեր 05,2024 15:38

Ապառաժ. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի գրասենյակի գործունեության, Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության, Արցախ վերադարձի հնարավորության և այլ հարցերի մասին։

Գրասենյակը կարևոր է այնքանով, որքանով թեմի գործունեությունը

Սրբազան Հայր, Երևանում իր աշխատանքներն է սկսել Արցախի թեմի գրասենյակը, ինչպե՞ս ստեղծվեց այն և ի՞նչ առաքելություն ունի։

-Գրասենյակը կարևոր է այնքանով, որքանով թեմի գործունեությունը։ Եվ թեպետ թեմի գործառույթները փոքր-ինչ փոփոխված են և թեմի կարևոր բաղադրիչները՝ վարչական տարածք, եկեղեցի ու հոգևոր դաս չկան, բայց, այդուհանդերձ, թեմը չի լուծարվում և այլ ձևաչափով է սկսում աշխատել։ Առաջին հերթին ստեղծեցինք թեմական խորհուրդը, որի անդամներն են Հայաստանում ապրող արցախցիները և այն արցախցիները, ովքեր երկար տարիներ եղել են Արցախի ներկայացուցիչներ տարբեր երկրներում՝ ԱՄՆ,ՌԴ, Բելգիա, Ֆրանսիա։ Սակայն վերջիններս երկար չմնացին թեմական խորհրդի կազմում, քանի որ ՀՀ իշխանությունները լուծարեցին ներկայացուցչական առաքելություն իրականացնող անձանց մանդատները և նրանք այլևս չեն կարողանում Արցախի հետ կապված որևէ աշխատանք կատարել կամ որևէ խնդիր հնչեցնել։

Դրանից հետո մենք արդեն փնտրում էինք մեր գործունեության համար վայր և մեր խնդրանքին ընդառաջեց «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, որի շնորհիվ սկսեց գործել Արցախի թեմի գրասենյակը։ Գրասենյակում աշխատում է 7-8 անձ, ովքեր տարբեր ոլորտներ են ղեկավարում։ Գրասենյակի ղեկավարը Մելանյա Բալայանն է, մեզ հետ աշխատում է ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա մշակութային ժառանգության հետ կապված հարցերով է զբաղվում։ ԱՀ ԱԳՆ նախկին նախարար Կարեն Միրզոյանն արտաքին կապերով է զբաղվում, միջազգային կառույցների հետ է աշխատելու։ Մենք խորացված կարգով համագործակցելու ենք «Մունք» կազմակերպության, որը տեղակայված է Տաշիրում և Երևանում։ Կազմակերպությունն Արցախի Հաղորտի համայնքում կարևոր առաքելություն է իրականացրել և համագործակցում ենք, որպեսզի այսօրվա երիտասարդական միտքը կարողանանք նպաստավոր դարձնել արցախահայության միավորման գործում։

Ունենք նաև թարգմանչական ուղղվածություն, գրքերի թարգմանություն, նամակների, հոդվածների թարգմանչական աշխատանքներ է իրականացվելու։ Այսքանով հանդերձ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք լրատվական դաշտի վրա, ունենք Արցախի թեմի կայք, որը պետք է համապատասխան լրատվությունը հասցնի ամեն հայի, միջազգային հարթակում գործող սրտացավ մարդկանց։

Քանի որ Արցախի թեմն իրավական կառույց չէ, պետք է կյանքի կոչենք Արցախի թեմի հիմնադրամը, որը կկարողանա լիարժեք իրավական հարցերով զբաղվել։ Նոր ենք սկսել աշխատանքները, դեռևս մի քանի ամսվա ծրագիր ունենք։ Եթե կարողանանք որոշ չափով պատասխանել ամեն արցախցու հարցադրումներին, հուսադրող քայլեր առաջարկել, կնշանակի, որ մենք մեր առաքելության մեջ ենք։

Ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են

Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, ամեն անգամ ականատես ենք լինում, որ ոչնչացնում են մեր դարավոր կոթողները, մշակութային, հոգևոր, հասարակական կառույցները, շատ դեպքերում ցուցադրական ու լկտիաբար, հնարավո՞ր չէ դատական ակտերի, կամ այլ միջոցներով այնպես անել, որ Ադրբեջանը չոչնչացնի դրանք։

-Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Սա ցավ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպությունները ինչքան էլ ծեծեն միջազգային կառույցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։

Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցավալի երևույթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք հղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրավիրել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, տասնյակ անգամներ Էջմիածինը և Էջմիածնում գործող գրասենյակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցավ ենք ապրում, որ նույն փութաջանությամբ ՀՀ-ի իշխանություններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթե նվիրական ձևով իշխանություններն ուզեն, անշուշտ այդ դռները կբացվեն, դատական հայց կներկայացվի։ Այսօր ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանված Արցախի հարցի իրավական ձևաչափը։ Տարին լրանում է անգամ սգո օր չեն հայտարարել։

Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկա, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կհասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաև մեր մարմինը, այս առումով ցավալի է, որ բոլորը ոչ միայն չեն խոսում, այլ համակերպվում են այն իրականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենյակային ցավ ապրելու, խոսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացվում իշխանությունների կողմից։

Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես

Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը։

-Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․

Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել  ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։

Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դեպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթե դա չենք գիտակցում, ով ուզում է գա, ինչ ուզում  է տեղի ունենա, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաև մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթե ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտություն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պետք է մեր ինքնությունը տանենք դեպի մեր ակունքները, մեր գենետիկ հիշողությունը կապված է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնությունը համեմել Աստծո խոսքով և մեր նահապետների տված լույսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանավորված է այս հանգամանքներով․ կզղջանք, կգիտակցենք, Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք հետ վերադառնալու և դա կոչվելու է հաղթական վերադարձ, եթե մենք հավատում ենք դրան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30