Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը նպատակ ունի պաշտպանելու նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ երկրներում. Կարեն Կարապետյան

Սեպտեմբեր 05,2024 15:12

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին: Այն ԵՄ անդամ 27 պետությունների ու դրանից դուրս համագործակցող պետությունների իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին է: Նշվել է, որ ներկայում կառույցի հետ համագործակցում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող 8 երկիր:

Զեկուցողի խոսքով 2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրաջասթի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները: Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը, եւ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրել է համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով:

Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Արսեն Թորոսյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը՝ դա գնահատելով նաեւ որպես եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերից մեկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագիրը նպատակ ունի պաշտպանելու նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ երկրներում, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կարգավորում ենք ավելի մանրամասն եւ առավել խիստ անձնական տվյալների պաշտպանությունն այս համաձայնագրի շրջանակում, բնականաբար, մենք ակնկալում ենք արդեն մեր քաղաքացիների վերաբերյալ եվրոպական կողմի դաշտում գտնվող տեղեկատվության առավել բարձր պաշտպանության մեխանիզմներ, որոնք այսպես թե այնպես կապահովվեին իրենց ստանդարտներին համահունչ: Բայց հիմա դրանք ձեւակերպում են ստանում միջպետական համաձայնագրի տեսքով, ուստի, Ձեր հարցի պատասխանը կլինի՝ այո»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30