«Առաջինը բանը, որ առաջանում է յուրաքանչյուրի մտքին, զավեշտալի է այն հանգամանքը, որ այդ Կանոնակարգը հաստատվում է մի պարագայում, երբ Ադրբեջանի հետ փաստացի սահմանազատման գործընթաց է ստեղծվել, կանոնակարգի բացակայության պայմաններում Տավուշում Ադրբեջանին գյուղեր են հանձնվել, դրա բացակայության պայմաններում 2021-2022-ին Ադրբեջանն իր ձևով ուժի կիրառման միջոցով սահմանային ճշգրտումներ է իրականացրել, և հետո միայն մտածել են կանոնակարգի մասին, որը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ այդ կանոնակարգի սահմանադրականության ու իրավականության մասին անիմաստ է խոսելը․ «Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե իրադրությունը սահմանագծի մյուս հատվածներում, ճանապարհային քարտեզը սահմանազատման ինչպես է իրականացվելու, որոնք են լինելու հաջորդիվ հատվածները։ Առաջին հերթին տրամաբանորեն դրանք պետք է լինեին այն ուղղությունները, որտեղ Ադրբեջանը ներխուժում էր իրականացրել 2021-2022-ին, ինչպես մնացած դեպքերում է Ադրբեջանը առաջնահերթություն սահմանում այն ուղղություններով, որոնք իր համար են կարևոր։ Այնպես որ, որևէ երաշխիք չկա, որ այս գործընթացը կգնա այն հունով, որը կհամապատասխանի ՀՀ-ի շահերին»։
Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը վերջին չորս տարիների ընթացքում անընդհատ մեծացնում է ՀՀ-ի գլխին իջեցվող նախապայմանների և իր համար օրակարգային համարվող թեմաների շարքը՝ վերջինը վերաբերում էր ՀՀ-ի սպառազինությանը և ՀՀ ԶՈՒ նկատմամբ վերահսկողությանը․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է օգտվել ՀՀ իշխանությունների թողտվությունից, նրանց՝ անվերջ թվացող զիջումներից և այս փուլում՝ խաղաղության պայմանագրի շրջանակում փորձում է օգտվել ՀՀ-ի անվտանգության նկատմամբ վերահսկողություն ստանալու հնարավորությունից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան ալիքից