Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատումներին։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ հանրապետության բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Դրանից բողոքում են Երեւանում, բողոքում են մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում։ Եվ այն, որ մենք ժամանակին կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ-որ մի բան այդտեղ այնպես չէ։ Ես արդեն հանձնարարել եմ, առաջիկայում ինձ մոտ պետք է խորհրդակցություն լինի, եւ ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, եւ երկրորդը, մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու շատ արագ, որովհետեւ իմ ընկալմամբ՝ պրոբլեմը գնալով խորանում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից եւ նախարարությունից ես հստակ ծրագիր եմ ակնկալում, թե ինչպես ենք մենք հնարավորինս արագ այս խնդիրը լուծելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց․ «Վերջին երեք տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը։ Եթե տասնամյա ներդրումային ծրագրով պլանավորված էր ամեն տարի շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է 26 մլրդ դրամ։ Այսինքն՝ նոր սպառողները, որոնք միանում են, իրենց վրա մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում։ Եվ այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ