Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես անընդհատ այդ պաղեստինցի երիտասարդի պատմությունն եմ վերհիշում ու մտածում Արցախի տների բանալիների մասին». Թևան Պողոսյան

Սեպտեմբեր 05,2024 12:34

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Պապական տան բանալին

Իմ շատ սիրելի բարեկամ Արթուր Մարտիրոսյանից ես շատ բան եմ սովորել։ Նրա կյանքի փորձից, խոսքից, գիտելիքից ու դասավանդելու ունակությունից միշտ եմ ձգտել ամեն ինչ սպունգի նման կլանել։ Այդպես եղավ նաև օգոստոսի 30-ին. միասին գնում էինք ՄՈՒՆՔ և քննարկում առկա իրավիճակը։ Խոսակցության թեման այն էր, թե արդյո՞ք արցախցիները կվերադառնան իրենց բնօրրան, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։

Մի հետաքրքիր դեպք պատմեց։ Տարիներ առաջ ինքը եղել է ներգրավված արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ամերիկյան կողմի ջանքերում։ Պատմությունը Երկրորդ Քեմպ Դեվիդի ժամանակներից է, երբ նախագահ Քլինտոնն էր միջնորդ, իսկ կողմերը ներկայացնում էին վարչապետ Բարակը և Արաֆատը: Դա 2000-ին էր: Արևմտյան մի քանի երկրների կողմից հիմնադրամ էր հավաքվել՝ 100 միլիարդ դոլարի չափով, ուղղված դեռ 1946-1948 թվակաների առաջին պատերազմից հետո ձևավորված պաղեստինցի փախստականների ճամբարների հարցի լուծմանը։ Այսօր աշխարհում կա մոտ 7 միլիոն պաղեստինական փախստական, որոնցից 1,5 միլիոն դեր բնակվում են փախստականների ճամբարներում՝ հարևան երկրներում: Նրանք արդեն 4-րդ սերունդն են վրաններում ապրում:

Առաջին ձախողված փորձից հետո, երբ առաջարկված գումարները պաղեստինցի 4-րդ սերնդի փախստականները չէին վերցնում ու չէին լքում ճամբարը, Արթուրն ուսումնասիրության է մասնակցել հասկանալու համար, թե որոնք են այն հիմքերը, որ մարդիկ պատրաստ են վրաններում 4 սերունդ ապրել, բայց չլքել և հրաժարվել նույնիսկ միլիոնանոց գործարքներից։ Ասաց, որ շատ հանդիպումներ ու հարցազրույցներ է իրականացրել, և մասնավորապես պատմեց մի երիտասարդի հետ իր զրույցը։

Իր այն հարցին, թե արդյո՞ք երիտասարդը չի ցանկանում իր երեխաների համար բարեկեցիկ կյանք և ինչու՞ չի համաձայնվում իրեն արված առաջարկին՝ մատը դնել քարտեզի վրա իր իսկ ցանկացած զարգացած քաղաքի վրա, և հիմնադրամն իր համար տուն կգնի ու կյանք կդասավորի։ Ի պատասխան երիտասարդը գրպանից հանել է մի հին բանալի և ասել՝ սա իմ պապի տան բանալին է, որը մնացել է Հայֆայում։ Ես պետք է գնամ այդ դուռը բացեմ։ Այս բանալին պապս է ինձ տվել ասելով՝ հորդ չեմ տալիս, քանի որ չեմ հավատում, որ իր կյանքի օրոք մեր հարցը կլուծվի, բայց դու պահի այն և երբեք քո հայրենիքից չհրաժարվես, դիմացիր բոլոր զրկանքներին, բայց մեր տունը պիտի կարողանաս գնալ և դուռը բացել։ «Այնպես որ ձեր բոլոր գումարները վերցրեք ու չքվեք այստեղից։ Ես իմ պապի խոսքը, հորս պայքարը, եղբորս զրկանքները ոչ մի բանի հետ չեմ փոխի, և այդ երազանքն իմն է ու ավելին է, քան ձեր բոլոր գումարները»,- ավարտել է խոսքը երիտասարդը, բանալին հետ դրել գրպանն ու հեռացել։ Արթուրը պատմեց, որ նրանց հետ համոզելն իրոք անիմաստ էր, և այդ ծրագիրը դադարեցրին։

Հիմա ես անընդհատ այդ պաղեստինցի երիտասարդի պատմությունն եմ վերհիշում ու մտածում Արցախի տների բանալիների մասին։ Արդյո՞ք մենք էլ կկարողանանք այդ բանալիներին նման արժեք հաղորդել, պահել սերնդեսերունդ, եթե անգամ հարկավոր լինի տասնամյակներով վրաններում ապրել։ Ամեն դեպքում մենք պարտավոր ենք նման արժեք տալ այդ բանալիներին։ Պարտավոր ենք լինել, մնալ, չհեռանալ, ամրանալ ու երազանքը վառ պահել։ Պարտավոր ենք։

Նկարում մեր Ստեփանակերտի տան բանալին է։ Այս կապը տատիկիս ձեռքով է պատրաստվել։ Այսպես փոխանցվել է հայրիկիս, իրենից ինձ։ Մեր տան «շուշաբանդի» դուռը հենց սրանով է միշտ բացվել։ Հիմա այն ուրիշ արժեք ունի ինձ համար։ Հույս ունեմ, որ ես կբացեմ դուռը, եթե չէ՝ տղաս, եթե չէ՝ թոռս։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սեպտեմբերի 2-ին այցելեցին Արցախի ներկայացուցչություն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այդ օրն ապրեցին Արցախով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30