Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ղևոնդյանը հույս ունի, որ Երևանը համարժեք պատասխան կտա Բաքվին՝ շեշտելով, որ «ագրեսորն ու օկուպանտը չի որոշվում ինչ-որ մեկի հայտարարությամբ». JAMnews

Սեպտեմբեր 05,2024 11:58

JAMnews. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանն անվանել է «օկուպանտ և ագրեսոր երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում նշել է, որ «Ադրբեջանն ինքն է ագրեսոր երկիր», որը տարիներ շարունակ խախտել է սպառազինությունների քանակի մասին բոլոր գրված և չգրված օրենքները, ինչի արդյունքը տեսանելի էր նաև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայաստանի սպառազինվելու սահմանափակման մասին հայտարարությունը որակել է որպես «դատարկ կրակոց»։

«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոյի ժամանակաշրջանը չէ։ Միջազգային կարգերն այնպես են խարխլված, որ կան պետություններ, որոնք կարողանում են խոսել նույնիսկ սեփական նախաձեռնությամբ միջուկային զենքի արտադրության մասին, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Իրանը։ Իսկ սովորական սպառազինության հետ կապված որևէ սահմանափակում լինել չի կարող»,- շեշտել է Ղևոնդյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հույս ունի, որ Երևանը համարժեք պատասխան կտա Բաքվին՝ շեշտելով, որ «ագրեսորն ու օկուպանտը չի որոշվում ինչ-որ մեկի հայտարարությամբ»։

«Բոլորն են տեսնում, թե ինչ արդյունք ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Նախկինում Արցախի հայությունը կարողացավ մնալ իր հողին կառչած և համարժեք պատասխան տալ։ Այս անգամ դա չհաջողվեց՝ ինչինչ պատճառներից ելնելով։ Բայց երկու դեպքում էլ ագրեսիայի հեղինակը Ադրբեջանն էր»,- նկատում է նա ու հավելում՝ լավ կլիներ, եթե նման շեշտադրումներ լինեին Հայաստանի ԱԳՆ արձագանքում։

Ակնկալում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ այն երկրները, որոնք իսկապես շահագրգռված են խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կնկատեն Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը, և «դրան կհետևի էլ ավելի հուժկու պատասխան, քան նախորդ անգամ»․

«Հուսանք՝ այս անգամ Արևմուտքը կընտրի ՀՀն ավելի հզորացնելու ճանապարհը։ Նախորդ անգամ Բաքվի ապակառուցողականության պատասխանը ապրիլի 5-ի հանդիպումն էր, որը լուրջ հեռանկարներ էր բացում ՀՀ առջև»։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Հայաստանի փորձագիտական շրջանակներն այն որակեցին երկրին «անվտանգության բարձիկների տրամադրում»։

Շեշտում է՝ Ադրբեջանի ապակառուցողական լինելու վկայություն է նաև այն, որ Բաքուն խոսում է Հայաստանից Եվրամիության դիտորդական առաքելության դուրսբերման մասին: Եվ դա այն դեպքում, երբ եվրոպական առաքելությունը գործում է ՀՀ ինքնիշխան տարածքում։

Ղևոնդյանի գնահատմամբ՝ իր խնդիրների հետ մեկտեղ Բաքուն փորձում է առաջ մղել նաև Մոսկվայի օրակարգերը։

«Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ԵՄ առաքելությունն այլևս Հայաստանում չլինի։ ՀՀն ու ԵՄն են հանդիսանում այս գործողության [առաքելության տեղակայման] կողմերը։ Ադրբեջանը կամ ՌԴն չէ, որ պետք է որոշեն՝ Հայաստանում որևէ այլ երկրի կամ կազմակերպության ներկայացուցիչներ լինեն, թե՝ ոչ»,- պարզաբանել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ նման պահանջներով ադրբեջանական կողմը փորձում է ստանալ Հայաստանի նկատմամբ ճնշումների ավելացում, անսպառ զիջումների հնարավորություն, դառնալ «խնդիրներ լուծող կենտրոն», որի հետ կհամաձայնեցվեն տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ նկատել է՝ Երևանն էլ ունի Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված վերապահումներ։ Սակայն ՀՀ իշխանությունները հայելային պահանջ չեն ձևակերպում, քանի որ «կա պայմանավորվածություն՝ ներքին օրենսդրությունը խոչընդոտ չդարձնել խաղաղության պայմանագրի կետերը կատարելու համար»։

Այդ մասին օրերս ասուլիսի ընթացքում հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղևոնդյանի կարծիքով՝ Փաշինյանի ներկայացրած սկզբունքներն ընդունելի չեն ադրբեջանական կողմի համար, քանի որ Բաքուն ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն օգտագործում է «բանակցային գործընթացն ու խաղաղության պայմանագրի կնքումը ձգձգելու համար»։

«Իսկ միջազգային հանրությունը չի ընդունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը»,- ընդգծել է վերլուծաբանը։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի ընդհանուր տրամաբանության մեջ Բաքվի այդ պահանջը չեն ձևակերպել/կրկնել ոչ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30