Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ ոչինչ չենք անում, կա՛մ շատ քիչ բան ենք անում, որ կարողանանք Հարավային Կովկասում ինքնուրույնության, ինքնիշխանության հիման վրա արտաքին քաղաքականություն վարել. Աշոտ Ղուլյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2024 10:53

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։

-Քարոզչության հետեւանքով քիչ տեղեկացված, ոչ այնքան մեդիագրագետ մարդկանց մոլորեցնում են, թե իբր արցախցիները չպահեցին իրենց հայրենիքը։ Ինչպե՞ս են դա ընկալում արցախցիները, արդյոք դա պատճառ չէ՞, որ տարիներ շարունակ որոշակի շրջանակների կողմից քարոզվող արցախցի-հայաստանցի անջրպետն ավելի խորանա։

– Շատ մեծ ցավով են ընկալում արցախցիները, որովհետեւ դա որեւէ կերպ չի համապատասխանում այն իրավիճակին, ինչը որ Արցախի ժողովուրդը դրսեւորել է 30 եւ ավելի տարի պայքարելով իր ազատության եւ անկախության համար։ Բոլոր 30 եւ ավելի տարիներին Արցախը միշտ էլ թիկունքում զգացել է մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ամենահամակողմանի աջակցությունը եւ սփյուռքի մշտական օժանդակությունը։ Երբ որ մենք կտրվել ենք այդ կարեւոր պայմաններից, իսկ աշխարհում ուրիշ հարազատ մարմին, ուրիշ հարազատ էակ չէր կարող լինել այդ պահին, եւ արցախցիները, բացի այն միջազգային, ոչ հատուկենտ, բայց ոչ նաեւ շատ ազդեցիկ աջակցության կենտրոններից, երբ մեծ աջակցությունը թիկունքից կորցրինք, պարզ էր, որ Արցախի ժողովրդի ջանքերն արդեն ուղղված են լինելու 30 տարի առաջվա ինքնապաշտպանական ամենասովորական քայլերին։ Ձեր հարցի մեջ շատ կարեւոր կետ կար՝ քարոզչական աշխատանքի պատճառով․ սկսած 1994 թվականից՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դեմ շատ մեծ ծավալով քարոզչական, հակաքարոզչական գործողություններ են սկսել։ Սա էլ է պատերազմական գործողությունների մի մաս, այնպես չէ, որ պատերազմը միայն առաջնագծում եւ սահմաններին է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ մենք մեծապես թերացել ենք հատկապես վերջին տարիներին այդ հակաքարոզչական միջոցների դեմ էական եւ ոչ համարժեք պատասխաններ որոնելով եւ գտնելով։ Մենք այդ մեծածավալ, աշխարհի տարբեր կենտրոններից, դա միայն Ադրբեջանի կողմից չէ, իհարկե՝ Ադրբեջանի մատուցմամբ՝ նաեւ այլ երկրների կողմից է, բայց այստեղ շատ դժվար է մեղադրել որեւէ մեկին, որովհետեւ ամեն մեկն իր նպատակն ու խնդիրն ունի տարածաշրջանում։ Այսպիսի խնդիրների բախման, այսպիսի կիզակետ հանդիսացող տարածաշրջանում շատ ցավալի է: Բայց միայն Հայաստանը չկարողացավ գտնել իր այն քայլերի, գործողությունների ճիշտ մոդելը, որը մեզ թույլ կտար, ինչպես նախորդ բոլոր տարիներին, դիմակայել այսպիսի վտանգավոր տարածաշրջանում։

– ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի արցախյան հակամարտության ամբողջական լուծումը։ Ի՞նչ նկատի ունի Լավրովը, ի՞նչ լուծման մասին է նա խոսում։

– Լավրովը լինի, թե մեկ այլ պաշտոնյա անձ, որն այսօր տարածաշրջանի իրադարձությունների հանդեպ շատ սեւեռուն ուշադրություն ունի, ամեն դեպքում, նրանց խոսքերը բխում են իրենց երկրների արտաքին քաղաքական ռազմավարությունից։ Լավրովն ասում է այն, ինչն այսօր անում է ռուսական արտաքին քաղաքականությունը` դժբախտաբար, մեզ համար ոչ ցանկալի դրսեւորումներով, փորձում է Հարավային Կովկասում պահել գոնե իր ազդեցությունը։ Խոսքն այստեղ վերաբերում է այն հարցին, թե մենք ինչ ենք անում այդ թուրքական, Ռուսաստանի կամ տարբեր կենտրոնների աջակցությամբ` այդ գործողություններին հակազդելու համար։ Ես կարծում եմ, որ կա՛մ ոչինչ չենք անում, կա՛մ շատ քիչ բան ենք անում, որը բավարար չէ, որ մենք այսօր կարողանանք Հարավային Կովկասում ինքնուրույնության, ինքնիշխանության, որի մասին շատ են սիրում խոսել, այդ գործոնների հիման վրա արտաքին քաղաքականություն վարել։ Սա շատ մեծ թերություն է, որը միայն այսօրվա վրա չի ազդելու, որովհետեւ, երբ որ դու պահանջված քայլերը չես ձեռնարկում, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո դու շատ ավելի բացեր ես ունենալու քո արտաքին հարաբերությունների համակարգում։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30